Wednesday, July 11, 2012

Քաղաքական այլասերում

«Լրագիր» 11-7-2012- ԱՊՀ երկրների իշխող կուսակցությունների ակումբը, որը պետք է ստեղծվի Ռուսաստանի մասնակցությամբ, ցույց է տալիս ԱՊՀ երկրներում ժողովրդավարական քաղաքական համակարգի խեղաթյուրված, ավելի ճիշտ, այլասերված ընկալումը: Ուշադրություն դարձրեք, որ խոսքը ոչ թե լիբերալ, սոցիալիստական կամ այլ կուսակցությունների ակումբի մասին է, որտեղ կարող էին հավաքվել նույն գաղափարախոսությունը դավանող քաղաքական ուժերը, այլ իշխող կուսակցությունների մասին: Ստացվում է, որ «իշխող կուսակցությունը» նույնպես գաղափարախոսություն է, եւ դրա գլխավոր գաղափարն առավելագույնս երկար, իսկ ավելի ճիշտ, հավերժ ղեկավարելն է: Ի՞նչ են քննարկելու այդ ակումբի անդամները՝ ինչպե՞ս միշտ մնալ իշխող եւ ինչպե՞ս օգնել միմյանց հավերժ իշխելու համար: Նորմալ ժողովրդավարական համակարգը ենթադրում է, որ ընտրությունների ժամանակ իշխանությունը մեկ կուսակցությունից կարող է անցնել մյուսին, այսօրվա իշխող կուսակցությունը մի օր էլ կարող է ընդդիմություն դառնալ, եւ դրանում ոչ մի սարսափելի բան չկա: Դա նվաստացում չէ, այլ քաղաքական պայքար: ԱՊՀ երկրների իշխող կուսակցությունները ոչ թե վախենում են պարտվելու դեպքում նվաստացումից, այլ բոլոր արտոնություններից, նաեւ սեփականությունից զրկվելուց, որը կուտակել են իշխելու ժամանակ: Նրանք գիտեն, որ այդ սեփականությունն այնքան անօրինական ձեւով են ձեռք բերել, որ ցանկացած կուսակցությունը, որը կփոխարինի նրանց, առաջին հերթին ձեռնամուխ կլինի սեփականության վերաբաժանմանը եւ պատասխանատվության ենթարկելուն: Ի՞նչ կլինի, եթե 2013 թ. նախագահի ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը պարտվի եւ նախագահ դառնա մեկ ուրիշը, ցրի խորհրդարանը, եւ նոր ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն կորցնի իշխանությունը: Արդյոք ՀՀԿ-ն խայտառակ դուրս կշպրտվի իշխող կուսակցությունների ակումբից: Նման ակումբին անդամակցելը պատիվ չի բերում կուսակցությանը, եթե նրա անդամները, իհարկե, նման անդամությունը սեփական վերարտադրության միակ գրավական չեն համարում: Իսկ նման ակումբի գոյությունը վկայում է հետխորհրդային քաղաղաքական մտածողության այլասերվածության մասին: Մենք այդպես էլ դուրս չենք եկել խորհրդային միակուսակցական մտածողության շրջանակներից, այդ պատճառով ընտրություններին «չհամաձայնեցված» թեկնածուի առաջադրումը դիտարկվում է ոչ թե որպես քաղաքական մրցակցություն, այլ «դավաճանական հարված թիկունքից»: Նաիրա Հայրումյան

No comments: