Saturday, September 15, 2012

Սեպտեմբերի 27-ին Հայաստան է ժամանելու համայն եզդիների հոգևոր առաջնորդը

Tert.am. 15-9-2012- Սեպտեմբերի 27-ին Երևան է ժամանելու համայն եզդիների հոգևոր առաջնորդ Միր Միրա Թահսին բեգը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորման ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը: Նա նշեց, որ պատվիրակության կազմում են լինելու նաև առաջնորդարանի ներկայացուցիչներ, Քուրդստանի ինքնավարության և Իրաքի Հանրապետության խորհրդարանների ազգությամբ եզդի պատգամավորներ: Ժամանելու են նաև շուրջ 50 եզդի գործարար-բարերարներ՝ Ռուսաստանից և Ուկրաինայից: Նման ներկայացուցչական կազմով եզդիական պատվիրակության ժամանման առիթը՝ առաջին անգամ Հայաստանում կառուցված եզդիների սրբատեղիի օծումն է: «Սա կարելի է համարել պատմական իրադարձություն, որովհետև շուրջ հարյուր տարի հոգևոր առաջնորդը Հայաստանում չի եղել: Վերջին անգամ Հայաստանում եղել է ներկայիս առաջնորդի պապը՝ Իսմայիլ բեգը»,- ասաց Ամո Շարոյանը, տեղեկացնելով՝ սրբատեղին գտնվում է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում, այն կառուցվել է Մոսկվայում բնակվող եզդի բարերարների միջոցերով: Ամո Շարոյանը տեղեկացրեց, որ եզդիների հոգևոր առաջնորդն այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա հանդիպելու է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և ՀՀ իշխանության բարձրաստիճան պաշտոնյանների հետ: Սեպտեմբերի 30-ին Մոսկվա կինոթատրոնի դահլիճներից մեկում եզդի համայնքը հնարավորություն կունենա հանդիպելու և որոշ հարցեր քննարկելու իրենց հոգևոր առաջնորդի հետ: «Կքննարկվեն տարբեր հարցեր՝ կապված ազգի գոյատևման, ազգի կուլտուրական մակարդակի բարձրացման, այլ ազգերի հետ հարաբերությունների և այլնի մասին: Հայաստանում բնակվող եզդիները 100 տարի անց կրկին հնարավորություն կունենան շփվելու իրենց հոգևոր առաջնորդի հետ: Իսկ կապը եզդի գործարարների հետ նպատակ ունի, որ նրանք ներդրումներ անեն Հայաստանում, օգնեն մեզ, քանի որ նրանք բոլորն էլ ծնվել են Հայաստանում»,- ասաց Ամո Շարոյանը:

No comments: