Saturday, September 15, 2012

Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը խստորեն դատապարտել է Սաֆարովի արտահանձնումը

News.am. 15-9-2012- Սեպտեմբերի 14-ին շարունակվեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կիպրոս: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յիանակիս Օմիրուի հետ: Զրուցակիցները նշեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ հաստատված ինտենսիվ համագործակցությունը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը եւ ժողովուրդների միջեւ բարեկամության խորացմանը: Յիանակիս Օմիրուն եւ Էդվարդ Նալբանդյանը կարեւորեցին կիպրահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկկողմ փոխգործակցության ամրապնդման գործում: Հայաստանի արտգործնախարարը Կիպրոսի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությունը, Արեւելյան գործընկերության ձեւաչափում տեղի ունեցող գործընթացներին Հայաստանի մասնակցությունը: Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը խստորեն դատապարտեց մարդասպան Սաֆարովին ազատ արձակելու եւ հերոսացնելու Ադրբեջանի իշխանությունների անընդունելի քայլը՝ ընդգծելով, որ Կիպրոսի խորհրդարանը լիովին սատարում է սեպտեմբերի 13-ին Եվրոպական խորհրդարանի կողմից այդ հարցով ընդունված բանաձեւը: Հանդիպմանն անդրադարձ եղավ կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կիպրոսի Հանրապետության եւ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերին, եւ այդ հարցում կղզու հյուսիսային հատվածը օկուպացրած Թուրքիայի ապակառուցողական կեցվածքին: Հանդիպումից հետո տեղի ունեցավ Կիպրոսի խորհրդարանի ղեկավարի եւ Հայաստանի արտգործնախարարի ճեպազրույցը լրագրողների հետ:

No comments: