Thursday, September 13, 2012

Սերիալներում կատարվող դեպքերը մոդելներ են դառնում՝ իրական կյանքում գործելու համար. Վահրամ Միրաքյան

1in.am. 9-9-2012- «Արտասահմանյան ֆիլմերում միշտ էլ եղել են բռնության տեսարաններ, բայց դրանց ազդեցությունը մեր լսարանի վրա այդքան ուժեղ չէ, ինչքան տեղականինը, որովհետև տեղական ֆիլմերի հերոսները նույն լեզվամշակույթի կրողներն են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայագիտության հետազոտության ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը: Նրա խոսքերով՝ սերիալներում կատարվող դեպքերը մոդելներ են դառնում՝ իրական կյանքում գործելու համար, ինչի արդյունքում աճում է բռնությունների և հանցագործությունների թիվը. «Սերիալների արդյունքում կա կանանց նկատմամբ բռնության աճ, հանցագործությունների թվերն են շատացել, որոնք իրականացվել են ոչ նյութական հողի վրա, պատանիների հանցագործությունների աճ կա: Սրանք բոլորը համընկնում են հայկական ագրեսիվ սերիալների «արդյունավետ» գործելու փուլի հետ: Դատողություններն ինքներդ արեք»: Գիտաշխատողն ասաց նաև, որ եթե սերիալներում ագրեսիան դասակարգենք ըստ սանդղակի, ամենաբարձր տեղում «Դժվար ապրուստ» հեռուստասերիալն է, որտեղ բացի բռնությունը, ուրիշ դրվագներ էլ կան, որոնք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել. «Դրա սերիաներից մեկում հարվածել են ոստիկանին, իսկ ոստիկանը հանդես է եկել որպես թույլ կողմ և չի ընդդիմացել: Այսպիսով, ոտնձգություն է կատարվում նաև օրենքի նկատմամբ»: Ի տարբերություն «Դժվար ապրուստի», մեկ այլ՝ «Գեներալի աղջիկը» հանրային հնչեղություն ունեցող ֆիլմում կա վերբալ ագրեսիա, այսինքն՝ այն արտահայտվում է խոսքի միջոցով: Երբ մարդը պարբերաբար դիտում է այդ ֆիլմերը, այն վերածվում է սոցիալական մշակույթի: Եթե տվյալ հեռուստադիտողի մոտ վերջնականապես չի ձևավորվել աշխարհընկալումը, դրանք հիմնականում երեխաներն ու պատանիներն են, ագրեսիան ընկալվում է որպես մարդկանց հետ շփվելու սոցիալական մշակույթի տեսակ: Ինչպես փաստեց Վահրամ Միրաքյանը, սերիալները սրանով են ամենաշատը վտանգավոր. «Բայց կա նաև այլ տարբերակ, որն առաջացնում է զգացմունքների բթացում: Նման խնդիրների հանգում են հատկապես մեծահասակները: Օրինակ՝ «Դժվար ապրուստում» եթե տղամարդը տեսնում է, որ ամուսինը կնոջը խփում է, առօրյայում նա դա նորմալ է համարում և կարող է կիրառել նույնը: Այսինքն՝ նա կրկնօրինակում է սերիալից՝ կորցնելով սեփական «ես»-ը»: Նա նշեց նաև, որ եթե ինտեգրվում ենք եվրոպական արժեքներին, ապա պիտի եթերն էլ վերահսկենք, որպեսզի քրեածին տարրերը չհայտնվեն եթերում. «Եվրոպայում հանրային լայն շերտերի համար քրեածին արտադրանք չի հանվում եթեր, մասնավոր մարդիկ կարող են վճարել՝ իրենց համար դիտել ինչ ուզում են, իսկ հանրային եթերը պետք է զերծ լինի բռնությունից»:

No comments: