
Tert.am. 12-9-2012- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացը պետք է սկսել հե՛նց այսօրվանից. այս համոզմանն է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը։ «Հայաստանն ունի չօգտագործված պոտենցիալ: Պետք է սկսել ճանաչման գործընթացը, որին կհաջորդի արդեն տարածքների ճանաչումը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արման Մելիքյանը:
Սակայն, ըստ նրա, Հայաստանի իշխանությունները նման ցանկություն չունեն։ «Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այն պատճառով, որ ցանկություն չունի միայնակ լինել այդ ճանաչման հեղինակը»,- նկատեց նա և հավելեց, որ ինքն այդ կարծիքին չէ, որ այդ պատճառով կարելի է չճանաչել ԼՂՀ և ՀՀ իշխանությունների մոտեցումը սնանկ համարեց: «Մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց և ներում շնորհելուց հետո նույն կարծիքին մնալը՝ այդ սնանկությունը վերահաստատելու ձև է»,- ասաց նա: Արման Մելիքյանը բերեց Թուրքիայի օրինակը, որը ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի անկախությունն այն դեպքում, երբ ոչ մի պետություն չի ճանաչել այդ երկիրը։ Սակայն, ըստ բանախոսի, այդ ուղղությամբ բավականին առաջընթաց կա. օրինակ՝ թուրքական Կիպրոսի քաղաքացիներն ունեն սեփական անձնագրեր: ԼՂՀ ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ Հայաստանը զուգահեռաբար երկու գործընթացներ պետք է սկսի՝ ճանաչման գործընթացը և միաժամանակ շարունակի բանակցությունները։ «Պետք է հայտարարել, որ սկսում ենք ճանաչման գործընթացը, քանի որ բանակցություններն արդյունք չեն տալիս, բայց միաժամանակ շարունակել դրանք, քանի որ, գուցե, արդյունք լինի»,– ասաց նա: Արման Մելիքյանը տեղեկացրեց, որ այս առաջարկը ՀՀ իշխանությունները չեն ընդունում, այլ ընդունում են Մադրիդյան սկզբունքը, որին ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը դեմ է։ «Նրանք Մարդրիդյան սկզբունքների կողմ են, ինչին ես դեմ եմ: Իշխանությունները հաշվի չեն առնում, որ հայկական կողմը կրել է անհամաչափ կորուստներ։ Իհարկե, արցախահայությունն ազատվեց Ադրբեջանի իշխանությունից, բայց պետք է հիշել, որ կա նաև ադրբեջանցիների խնդիրը, որոնց թիվը եռապատիկ անգամ ավելի է, քան արցախցիներինը: Գործոններ կան, որոնք մոռացվել են, իսկ մոռանալ չի կարելի»,-ասաց նա: Արման Մելիքյանը՝ ԼՂՀ-ն ճանաչել-չճանաչելու դեպքում ևս պատերազմի հավանականությունը 50-50 հարաբերակցության մեջ է տեսնում և միաժամանակ համոզված է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն էլ ցանկանում են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: «Պատերազմ կարող է ծագել տարածաշրջանային համատեքստում, իսկ եթե Ադրբեջանն ասի՝ ուզում եմ պատերազմել, այդպիսի բան տեղի չի կարող ունենալ»,- ասաց նա: Արման Մելիքյանն անընդունելի է համարում ԼՂՀ ճանաչման հարցը ԱԺ օրակարգ բերելու նախաձեռնությունները: «Հայաստանը բարոյական պատասխանատվություն է կրում և պետք է միասնաբար ճանաչի ԼՂՀ-ն, բայց երբ գործը հասնում է խորհրդարանին, օրինագիծ են ներկայացնում, իմանալով կանխավ, որ չի ընդունվելու, սա թեթևացնում է հարցի արժեքը»,- նկատեց նա:
No comments:
Post a Comment