Saturday, September 8, 2012

Բաքվում ԱՄՆ դեսպանը խոնարհվե՞լ է Հեյդար Ալիևի արձանի առջև

HayNews.am. 7-9-2012- Միջազգային լրատվամիջոցներն անարձագանք չեն թողել օրեր առաջ ԶԼՄ-ներում հայտնված լուսանկարը, որում երևում է, թե ինչպես է Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգստարը գլուխ խոնարհում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի մոտ, ում շատ հաճախ անվանում են բռնապետ: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ` ադրբեջանական «Ազերթաչ» պետական լրատվական գործակալության կայքում հրապարակվել է մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես է ամերիկացի դիվանագետը գլուխը խոնարհած կանգնել Հեյդար Ալիևի արձանի մոտ: Մինչդեռ ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքում է, որ նորանշանակ դեսպանը գլուխ է խոնարհել արձանի մոտ: «Նա ընդամենը ծաղիկներ էր դնում: Խոնարհում չի եղել: Նա ընդամենը ծաղիկներ է դրել, ինչպես և իր նախորդները»,-նշել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենթրելը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Մորնինգստարը Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում փոխարինում է Մեթյու Բրայզային: Ինչպես ավելի վաղ նշել էինք, Մորնինգստարի թեկնածության քննարկման ժամանակ հայամետ սենատորներ Բոքսերը և Մենենդեսը մի շարք հարցեր էին ուղղել Մորնինգստարին` հասկանալու համար Հայաստանի և Արցախյան հակամարտության հանդեպ նրա դիրքորոշումները: Մորնինգստարը հաստատել էր, որ դեսպանի պաշտոնում ընտրվելու դեպքում ինքը սերտ կհամագործակցի Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ: Սենատոր Բոքսերի հարցին, թե ինչ կարծիք ունի Մորնինգստարը Իլհամ Ալիևի այն հայտարարության վերաբերյալ, որ «աշխարհի բոլոր հայերը Ադրբեջանի թշնամիներն են», Մորնինգստարը նշել էր. «Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես կոչ կանեմ ադրբեջանական իշխանություններին զսպվածություն ցուցաբերել իրենց հռետորության մեջ և իրենց ժողովրդին պատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության»: Մորնինգստարը հայտարարել էր նաև, որ մտադիր է այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն:

No comments: