Saturday, September 15, 2012

ԱՄՆ դեսպանը պարզաբանել է

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը պարզաբնել է այն իրավիճակը, որ ստեղծվել էր ԱՄՆ քաղաքացիների անվտանգության վերաբերյալ կոչի կապակցությամբ, երբ Հայաստանը հայտնվել էր 7 մահմեդական երկրների շարքում: ԱՄՆ դեսպանը, ըստ Ազատություն ռադիոկայանի, հայտարարել է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կազմած`ամերիկյան քաղաքացիների համար 7 առավել վտանգավոր երկրների ցանկի մասին լուրերը, որում ընդգրկված է նաեւ Հայաստանը, ամբողջական չեն։ Դեսպանի վկայությամբ, արդեն 5 տասնյակ դեսպանատներ զգուշացրել են ամերիկյան քաղաքացիներին: «Լիբիայում տեղի ունեցած իրադարձությունները, Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան եւ Լիբիայում ԱՄՆ-ի հյուպատոսության հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր դեսպանատները ամենուր պետք է զգոնություն ցուցաբերեն: Միացյալ Նահանգների յուրաքանչյուր դեսպան պարտավոր է ամեն ինչ անել ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար` անկախ նրանից` այդ երկրում որեւէ իրադարձություն եղել է, թե` ոչ», ԱՄՆ ՄԶԳ կազմակերպած միջոցառման ժամանակ լրագրողների հարցերին ի պատասխան ասել է դեսպան Հեֆերնը: «Սա ամբողջ աշխարհում է կատարվում, եւ Հայաստանը մեկն է այդ երկրներից: 7 երկրների մասին լուրերը ամբողջական տեղեկություններ չեն: Այս պահի դրությամբ արդեն 50 դեսպանատներ զգուշացրել են իրենց քաղաքացիներին: Հայաստանի հետ կապված որեւէ տեղեկատվություն չկա, եւ Հայաստանի հետ որեւէ առնչություն չունի», պարզաբանել է դեսպանը:

No comments: