Saturday, September 15, 2012

Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

Սեպտեմբերի 12-ին լրատվական գործակալությունները հաղորդագրություն­ներ տարածեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների` Գաբալա քաղաքում նախօրեին կայացած հանդիպման մասին: Տեղեկատվու­թյան համաձայն, այդ հանդիպման ընթացքում Ալիևը հայտարարել է, թե 2001 թվականին Հայաստանի նախագահն իբր ներում է շնորհել Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված և նույն թվականին Հայաստանին արտա­հանձնված Կարապետյան ազգանունով հայ ահաբեկչի: Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Խոսքն այն ժամանակ Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանի մասին է, ով 2001 թվականին ոչ թե արտահանձնվել է, այլ ներում է ստացել Ֆրանսիայի իշխանությունների կողմից և միայն դրանից հետո է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության: Այդ մասին տեղեկատվությունը մինչ օրս բոլոր մանրամասներով կարելի է առանց հատուկ ջանքերի գտնել համացանցում: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ փորձելով արդարացնել Ռամիլ Սաֆա­րովին ներում շնորհելը, Ադրբեջանի նախագահը կամ միտումնավոր խեղաթյուրում է պատմական փաստերը, կամ էլ անտեղյակ է ոչ հեռավոր անցյալի իրադարձու­թյուններից: ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

No comments: