Thursday, September 13, 2012

Պառլամենտի կեսը միլիոնատերեր են, դրա համար էլ կաշկանդված են

«Լրագիր» 12-9-2012- ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այսօր հայտարարեց, թե մինչեւ 2006 թ. ՎՊ հանդիսանում էր ԱԺ մարմին, ու խորհրդարանը իրավունք ուներ անվստահություն հայտնել ՎՊ նախագահին: Մինչդեռ հիմա իրավիճակն այլ է. «Ցավոք սրտի, 2006-ից Վերահսկիչ պալատը զրկվեց ԱԺ-ի վերահսկողական ֆունկցիայից, այժմ այն բաժանված է երկու մասի. նախագահն առաջարկում է, պառլամենտը նշանակում եւ հաստատում է, իսկ գործադիրը՝ ղեկավարում: Այսօր այս կառույցը պաշտպանված չէ եւ չի կատարում իր գործառույթները»,- նշեց նա` հավելելով, թե հաշվետվության մեջ իսպառ բացակայում էր «կոռուպցիա» բառը, չնայած այն բանին, որ ՀՀ-ն գտնվում է կոռուպցիոն շատ բարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում: «Վերահսկիչ պալատի հիմնական նպատակը կոռուպցիոն երեւույթների վերահսկումն է, բացահայտումը եւ արդյունքները պառլամենտին ներկայացնելը: Իսկ, ահա, իրականում մենք դա չենք տեսնում: Այն կառույցներում, ուր գրանցվում է կոռուպցիայի բարձր ցուցանիշ, Վերահսկիչ պալատը ստուգումների իրավունք չունի, քանի որ չունի պաշտպանության երաշխիք»,- նշեց նա: Պատճառներից մեկը, Մանուկյանի կարծիքով, այն է, որ խորհրդարանի կեսը, եթե ոչ կեսից ավելին, միլիոնատերեր են ու զբաղվում են գործարարությամբ, ինչն արգելված է օրենքով: Այդ պատճառով այս կամ այն բնագավառը վերահսկելն ու ստուգումներ անցկացնելը կարող է կաշկանդել պատգամավորներին:

No comments: