Wednesday, September 12, 2012

Ջեմալ փաշայի թոռը Հայոց ցեղասպանության մասին գիրք է հրապարակել

News.am. 12-9-2012- Թուրքիայում Հայոց ցեղասպանության հեղինակներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը գիրք է հրապարակել «1915. Հայոց ցեղասպանություն» վերնագրով: Այդ մասին առաջին անգամ հայտնել է «Ակոս» շաբաթաթերթը, տեղեկատվությունը հաստատել է լրագրող Յավուզ Բայդարին «Թվիթերում», գրում է «Nouvelles d`Arménie»-ն: Հասան Ջեմալը «Milliyet» թերթի տեսաբանն է: 2008 թվականին նա Երեւանում այցելել է Հայոց ցեղապանության զոհերի հուշահամալիր: Հուշագրքում նա գրել է. «Ժխտել ցեղասպանությունը, նշանակում է մասնակից լինել մարդկության դեմ այդ ոճրին»: Ահմեդ Ջեմալ փաշան սպանվել է 1922 թվականի հուլիսին Թբիլիսիում` Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գեւորգյանի եւ Պետրոս Տեր-Պողոսյանի «Նեմեզիսի» շրջանակում: Նրա մնացորդները տեղափոխվել են Էրզրում եւ թաղվել: Հասան Ջեմալը գրել է. «Մենք չենք կարող առաջ շարժվել` չնայելով անցյալի դեմքին եւ իրադարձություններին… Բացի դրանից, 1915 թվականի ցավը պատմություն չէ, այլ ընթացիկ հարց»: Գրքի առաջին գլխում պատմվում է, թե ինչպես է Հասան Ջեմալն իմացել 1915 թվականի իրադարձությունների մասին: Այնուհետեւ հեղինակը կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչպես է նա արել այն, ինչն անվանում է «հայրասպանություն»` Հրանտ Դինքի սպանությունից հետո: Գրքի երկրորդ գլուխը պատմում է, թե ինչպես է հեղինակը նախկինում մտածել 1915 թվականի իրադարձությունների մասին եւ ինչպես է փոխել իր տեսակետը: Երրորդ` «Փաշա պապ կամ Ջեմալ փաշայի ընտանիքը» գրքում պատմվում է, թե ինչպիսին են եղել Ջեմալ փաշան եւ նրա ընտանիքը: «Memleket» կայքը հրատարակության մասին գրել է. «Հասան Ջեմալի գիրքն իր ավանդն է ներդրում առողջ քննադատության զարգացման ոլորտում»: Իսկ լրագրողուհի Յասեմին Չոնգարը հայտարարել է, որ Հասան Ջեմալը կոչ է անում թուրքերին լինել քաջ, «քանի որ նա արդար մարդ է: Նա խիզախ մարդ է: Լավ մարդ է»:

No comments: