Monday, September 17, 2012

ԼՂ բանակցությունները չեն կարող շարունակվել նույն տրամաբանությամբ. քաղաքագետ

Tert.am. 17-9-2012- Հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին պետք է ԼՂ բանակցային գործընթացում նոր ելակետ դառնա, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շանհազարյանը և ընդգծեց, որ ՀՀ իշխանությունը պետք է օգտագործի առիթը և նախապայմաններ առաջ քաշի: «Նախագահ Սերժ Սարգսյանն, իհարկե, հայտարարեց, որ Սաֆարովին Ադրբեջանում հերոսի կոչում տալուց հետո բոլորի համար պետք է ակնհայտ լինի, որ ԼՂՀ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ամեն ինչ արվեց, որ այս փաստը պարզ լինի թե՛ միջազգային կազմակերպությունների, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար»,– ասաց նա: «Սաֆարովին հերոսի կոչում տալու փաստը ապացուցում է այն, որ Ադրբեջանը տարիներ շարունակ պատրաստվել է ագրեսիաների, և պաշտոնական քաղաքականությունն ուղղված է նրան, որ բանակցային գործընթացը խափանվի»,-նշեց քաղաքագետը և հավելեց, որ դա չի բխում միջազգային հանրության շահերից: Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ ԼՂ բանակցային գործընթացը չի կարող շարունակվել այն տրամաբանությամբ, ինչն արվել է այս ողջ ժամանակաշրջանում։ «Հայաստանի առաջ քաշած նախապայմաններից առաջինը պետք է լինի Արցախի ներգրավումը բանակցային գործընթացին: Արցախի ներկայությունը բանակցություններին որոշակի չափով նրա անկախության ճանաչում կնշանակի։ Դրանով նա դառնում է առանձին սուբյեկտ»,– ասաց քաղաքագետը։ «Երկրորդը՝ անվտանգության ապահովումն է, այսինքն՝ սահմանից դիպուկահարների հեռացումը»,- ընդգծեց Հրանտ Մելիք-Շանհազարյանը՝ ավելացնելով, որ Հայաստանն այս պահին հստակ պահանջներ պետք է դնի Մինսկի խմբի համանախագահների առջև: Հարցին, թե, արդյո՞ք, ճիշտ չի լինի այսուհետ պայքարել Հայաստանին Արցախի վերամիավորման ուղղությամբ, և ոչ թե անկախության ճանաչման, քաղաքագետը պատասխանեց՝ ասելով, որ ավելի խելամիտ կլինի ԼՂՀ Հայաստանին միացնելը։ «ԼՂ շարժումն ի սկզբանե ուղղված էր միավորմանը և այն, որ ԼՂ-ն պետք է մի օր միանա Հայաստանին՝ միանշանակ է: Կարծում եմ, որ ավելի խելամիտ է սկսել վերամիավորման գործընթացը, բայց միգուցե անվտանգությունից ելնելով ավելի ճիշտ է այս պահին հասնել ԼՂՀ անկախության ճանաչմանը»,-եզրափակեց Հրանտ Մելիք- Շահնազարյանը:

No comments: