Tuesday, September 18, 2012

Ադրբեջանի և Թուրքիայի դասագրքերում Հայաստանի նկատմամբ քարոզվող ատելությունն անում է իր գործը.The Huffington Post

HayNews.am. 18-9-2012- The Huffington Post-ի հոդվածագիր Քրիստոֆեր Ադամյանը անդրադարձել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը և ազատ արձակմանը: Հոդվածում նշվում է, որ օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը վարչապետ Վիկտոր Օրբանի կարգադրությամբ Ադրբեջանին արտահանձնեց Ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին: «Օրբանը սկզբում նշել էր, որ ինքը Սաֆարովի արտահանձնման որոշումը հաստատելու ժամանակ վստահ է եղել, որ հայրենիքում նա պետք է շարունակի կրել իր պատիժը: Ավելի ուշ,սակայն, Օրբանն իր հայտարարություններում նշել է, որ ինքը ոչ միայն ստորագրել է արտահանձնման պայմանագիրը, այլ անընդհատ զգուշացվել է, որ, եթե Սաֆարովը արտահանձնվի նավթով հարուստ Ադրբեջանին, նա ներում կստանա Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից»,-գրում է հոդվածի հեղինակը: Հոդվածագիրն այնուհետև հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահը նախկինում շատ անգամներ է սպառնացել կործանել Հայաստանը և Արցախը. «Սաֆարովի ներում շնորհելը հետ մղեց Կովկասում խաղաղության որոնումները, քանի որ դա սադրանք էր ուղղված Հայաստանի Հանրապետությանը, ինչը մեծացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված դիմադրության վերսկսման հավանականությունը: Դժբախտաբար Մարգարյանի սպանությունը և մարդասպանին ներում շնորհելը համընկնում են Հայաստանի հանդեպ շարունակվող բռնության և ատելության հետ, որը մի քանի հարյուր տարի է ինչ գոյություն ունի»: «Այս տեսակի բարբարոսությունը`ատելության վրա հիմնված հանցագործությունը, պետք է պատկանի մարդկության պատմության աղբարկղին: Այսպիսով, Սաֆարովի հանցագործությունից և մի քանի տարի առաջ Հրանտ Դինքի և Սևակ Բալըքչըի սպանություններից մենք կարող են միայն եզրակացնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի դասագրքերում Հայաստանի նկատմամբ քարոզվող շարունակական բնույթ կրող ատելությունն անում է իր գործը` էթնիկ և կրոնական ատելություն բորբոքելով»,-նշում է հոդվածագիրը: Հոդվածի վերջում հեղինակը նշում է, որ Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը և այլ միջազային կազմակերպություններ և պետություններ պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի նա հարգի իր և Հունգարիայի միջև պայմանավորվածությունը և Սաֆարովին վերադարձնի բանտ, որտեղ նա կշարունակի կրել իր պատիժը: Իսկ Հունգարիայի վարչապետը պետք է հասկանա իր գործողությունների ծանր հետևանքները, ընդունի իր բարոյապես սնանկ վիճակը և անմիջապես հրաժարական տա»:

No comments: