Thursday, November 8, 2012

Արեւելագետ. Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին անցումը հարթ չի ընթանա

News.am. 8-11-2012- Թուրքիայի քաղաքական ուժերն ոչ միանշանակ են վերաբերում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցնելու օրինագիծին, ու դա կարող է հանգեցնել քաղաքական պայքարի։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։։ Նրա խոսքով, օրինագիծը մշակվել է վարչապետ Էրդողանի նախաձեռնությամբ, ով նպատակ ունի դառնալ երկրի նախագահ։ «Նրա ղեկավարած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը իսլամական ուղղվածություն ունի, ուստի, դա քեմալական ուղղվածության ուժերի հավանությանը չի արժանանա, արդյունքում երկրում կսկսվի ներքաղաքական պայքար»,-ասաց արեւելագետը։ Սաֆրաստյանը նշեց, որ խորհրդարանի կողմից օրինագծի ընդունման դեպքում, Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ավելի «արկածախնդիր» ու վտանգավոր կլինի հարեւան երկրների համար: «Էրդողանն անհավասարակշիռ քաղաքական գործիչ է, իսկ այդ հանգամանքը հակասում է Թուրքիայի քաղաքականությանը։ Էրդողանի դեպքում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը անկանխատեսելի է»,- ասաց արեւելագետը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am -ը, Թուրքայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը խորհրդարանին էր ներկայացրել կառավարման նախագահական համակարգի անցնելու մասին օրինագիծը։ Գործող քաղաքական համակարգի պայմաններում երկրում իրական իշխանությունը պատկանում է վարչապետին։ Ի տարբերություն նախկին ընտրությունների, երբ նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից, սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիայի նոր նախագահը 2014 թ.-ին ընտրվելու է ուղղակի ընտրությունների միջոցով։ Թուրքական լրատվամիջոցները բազմիցս տեղեկացրել են, որ Էրդողանը ցանկանում է փոխել երկրի կառավարման համակարգն ու դառնալ նախագահ։ Կառավարող կուսակցության կանոնադրությամբ նա այլեւս չի կարող պատգամավորի թեկնածու առաջադրվել, ուստի հանդես է եկել նման օրինագծի ընդունման նախաձեռնությամբ, որ ընտրվի ուղղակի քվեարկության արդյունքում։

No comments: