Thursday, July 17, 2008

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ-ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հուլիսի 5-12-ը անցկացվել է Հայկական տառատեսակների ցուցահանդես: Ինչպես հուլիսի 15-ին մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ազգային գրապալատի հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի վարիչ, տառաստեղծ, դիզայներ Էդիկ Ղաբուզյանը, բացման արարողությանը մասնակցել են Լինքոլնի քաղաքապետը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանն ու դեսպանատան աշխատակիցները, Լինքոլնի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը:Է.Ղաբուզյանի խոսքերով, Լինքոլնի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ավագ դասախոս Քերոլայն Պուզզովիոյի (տառաստեղծ, հայկական տառատեսակների 1-ին միջազգային մրցութային հանձնաժողովի անդամ) նախաձեռնությամբ բացված այս ցուցահանդեսը ներկայացրել է հիմնականում Ազգային գրապալատի ֆոնդերում եւ անձնական գրադարաններում պահպանվող գրքերը, նաեւ Մատենադարանի հին ձեռագրերի էջերը:Բացի այդ, ցուցադրանքում տեղ են գրավել նաեւ հայ գրաշարներին վերաբերող` ձեռարվեստի ժողովրդական վարպետներ Անահիտ եւ Անժելա Աբգարյանների եւ Մարգարիտ Վարդանյանի 12 լավագույն աշխատանքները, նաեւ ներկայացվել են վերջին 100 տարվա ընթացքում Հայաստանում եւ Սփյուռքում հրատարակված 30 գիրք եւ տառարվեստին վերաբերող ալբոմներ, Հայաստանում վերջերս կազմակերպված «Գրաշար-2008» տառաստեղծների միջազգային մրցույթում հաղթած 6 աշխատանք:Ասուլիսին ներկա ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերով, արդի ժամանակներում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ինչպես այլ բնագավառներում, այնպես էլ մշակույթի ոլորտում առաջադրում է իր խնդիրները: Բազմաթիվ բնագավառներ, այդ թվում` գրահրատարկչությունը, կերպարվեստը, դիզայնը, ճարտարապետությունը, զբոսաշրջությունը, կինոարտադրությունն այսօր անհնար է պատկերացնել առանց էլեկտրոնային տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման: Ըստ նրա, նույնպիսի պահանջներ եւ խնդիրներ կան նաեւ տառարվեստի զարգացման տեսանկյունից:

No comments: