Thursday, August 21, 2008

ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ՖԵԴԵՐԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

ԱԽԱԼՔԱԼԱՔ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը օգոստոսի 19-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ Վրաստանում առկա ազգամիջյան խնդիրները արդարացի եւ իրավականորեն լուծելու նպատակով երկրի պետական կառուցվածքին հարկավոր է տալ դաշնային կառուցաձեւ` բաղկացած տարածքային միավորներից եւ կենտրոնական իշխանությունից: «Ա-ինֆո» գործակալության կողմից տրամադրված հայտարարության տեքստը ստորեւ ներկայացվում է ամբողջությամբ:«Հիմա, երբ դադարել են ռազմական գործողությունները, եւ երկրում ռազմական ուժերի տեղաբաշխումը դանդաղորեն վերադառնում է ս.թ. օգոստոսի 6-ի ստատուս քվոյին, երբ հակամարտության կողմերը եւ միջազգային հանրությունը փորձում են ելքեր գտնել ստեղծված իրավիճակից եւ ճշտել երկրի տարածքային ամբողջականության եւ գերիշխանության վերականգնման ուղիները, ակնհայտ է, որ ազգամիջյան խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու փորձերից գլխավոր տուժողը խաղաղ բնակչությունն է` առանց քաղաքական դրական տեղաշարժին ընդհակառակըն քաղաքական ամենաբարդ հետեւանքներով, մենք` Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայ ազգաբնակչության հասարակական ներկայացուցիչներս, ելնելով մեր երկրում խաղաղության եւ կայունության, երկրի ապագայի նկատմամբ մեր մտահոգությունից, գտնում ենք.ա/ Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ գերիշխանությունը վերականգնելուն որպես կայուն եւ ժողովրդավար զարգացման երաշխիք` առկա ազգամիջյան խնդիրները օբյեկտիվ, արդարացի եւ իրավականորեն լուծելու նպատակով Վրաստանի պետական կառուցվածքին հարկ է տալ դաշնային (ֆեդերալ) կառուցաձեւ` բաղկացած տարածքային միավորներից եւ կենտրոնական իշխանությունից.բ/ Վրաստանի պետական դաշնային կառույցում կենտրոնական իշխանություններին վերապահել Վրաստանի Սահմանադրության հոդված 3-ի առաջին կետի ենթակետերով սահմանված բոլոր լիազորությունները.գ/ Տարածքային միավորների կազմում հիմք ընդունել Վրաստանի բաղկացուցիչ ազգությունների էթնիկական ինքնության պահպանման եւ զարգացման կարիքները.դ/ Սամցխե-Ջավախքը, իր ներկա սահմաններով եւ Քվեմո-Քարթլիի սահմանակից, առավելաբար հայաբնակ բնակավայրերով, վերածել Վրաստանի պետական դաշնային կառույցի ինքնավար սուբյեկտներից մեկի` ինքնակառավարման լայն իրավասություններով` ներառյալ բնակչության կողմից ազատ ընտրություններով ինքնակառավարման բոլոր մարմինների ընտրության իրավունքը եւ Սամցխե-Ջավախքում մշակույթի, կրթության, սոցիալ-տնտեսական քաղաքականության, հասարակական կարգի պահպանության, տեղական ինքնակառավարման եւ շրջակա միջավայրի պաշտպանության իրավասությունները.ե/ պետության Սահմանադրությամբ երաշխավորել Սամցխե-Ջավախքի տարածքում հայերեն լեզվին պետության պաշտոնական լեզվին զուգահեռ տարածաշրջանային լեզվի կարգավիճակի տրամադրումը.զ/ պետության Սահմանադրությամբ երաշխավորել Վրաստանի օրենսդիր, գործադիր եւ դատական կառույցներում Սամցխե-Ջավախքի ներկայությունը:Ժամանակն է, որ Վրաստանի քաղաքական վերնախավը մեկ անգամ ընդմիշտ գիտակցի, որ`- պետության կայացման ու հզորացման ճանապարհը պետական կառույցի վերոհիշյալ հիմունքներով ձեւավորումն է.- երկրի ամբողջականության հաստատման նպատակով պիտի արժանավույնս գնահատել պետության օրինապահ քաղաքացիներին, լսել նրանց մտահոգություններն ու արդարացի պահանջները, նրանց տալ առնվազն այնքան լիազորություններ, ինչքան խոստացվում է պետության դեմ զենք բարձրացրածներին.- երկրի եվրոատլանտյան կառույցներում ինտեգրումը նախ եւ առաջ ենթադրում է եվրոպական արժեքների ամբողջական յուրացում եւ կիրառում, եվրոպական կառույցների նկատմամբ ստանձնած բոլոր, այդ թվում նաեւ ազգային փոքրամասնությունների իրավունքների լիակատար պաշտպանության գծով պարտավորությունների ամբողջական եւ անհապաղ գործադրություն:Գիտակցում ենք, որ մեր այս հայտարարությունը միանշանակ չի ընդունվելու. փորձեր են արվելու այն սխալ մեկնաբանելու, չարաշահելու: Բայց մենք` իբրեւ Վրաստանի ճակատագրով մտահոգ քաղաքացիներ, չէինք կարող չկրկնել այս ճշմարտությունը, որն արդեն տարիներ ի վեր ասում ենք: Մենք առաջնորդվում ենք բացառաբար Վրաստանի եւ նրա բաղկացուցիչ մաս` Սամցխե-Ջավախքի շահերից: Սա է պահանջում վերջին բախումների ընթացքում զոհվածների հիշատակը. սա է պահանջում հարյուր հազարավոր տեղահանվածների տունդարձի արդարացի ձգտումը. սա է պահանջում Վրաստանի ապագան»:

No comments: