Սույն հոդվածը գրվել է «Արարատ» ՌԿ-ի Արտասահմանյան մամուլի տեսության մեջ զետեղված «Քրդական նախաձեռնությունը և քրդական տեղանունները» նյութի կապակցությամբ, որը 2009թ. օգոստոսի 12-ին հրապարակել է ԲիԲիՍԻ-ի թուրքական ծառայությունը:
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱՑՈՒՄՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը 2009թ. օգոստոսին Բիթլիս կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ ներկայիս Գյուրօյմաք գավառի իսկական անունը քրդերեն Նորշին է1 ։ Այն, որ Գյուլն այս հայկական տեղանունը ներկայացնում է իբրև քրդական, պատահական չպետք է համարել։ Թուրքիայում հայկական տեղանունների թուրքացումն ու քրդացումը նոր երևույթ չէ։ Ինչ վերաբերում է Նորշինին, ապա այն մաքուր հայկական է թե՜ իր բաղադրիչներով` Նոր+շեն, թե՜ տեղանվանակազմ կաղապարաձևով։ Ընդ որում՝ շեն (կառույց, գյուղ, բնակատեղի) բաղադրիչով տեղանունները զուտ հայկական են, ինչպես՝ Մարտունաշեն, Վասակաշեն, Գետաշեն, Վանքշեն, Համշեն, Վերիշեն և այլն։
Հարկ է նշել, որ տեղանունները լեզվական համեմատաբար կայուն փաստ լինելուց բացի՝ ունեն պատմագիտական և քաղաքական արժեք։ Ուստի՝ Գյուլի հատարարությանը վերաբերող 2009թ. օգոստոսի 9-ին ԲԻԲԻՍԻ-ի և թուրքական լրատվամիջոցների հրապարակումները 2 մեկ անգամ ևս հաստատում են, որ Օսմանյան կայսրության, հետագայում նաև՝ Հանրապետական Թուրքիայի ղեկավար շրջանակները, շատ լավ հասկանալով տեղանունների ռազմավարական նշանակությունը, հետևողական քաղաքականություն են վարել՝ Թուրքիայի սահմաններում գտնվող բնակավայրերի անուններն աղավաղելու և դրանք զանազան միջոցներով սեփականացնելու ուղղությամբ։
Թուրքիայում հայկական տեղանունների ձևախեղման ավանդույթը դարերի պատմություն ունի։ Օսմանյան իշխանությունները, նորանվաճ տարածքները յուրացնելու նպատակով, բնիկ տեղանունը թարգմանում էին թուրքերենի, ինչպես Տանձուտը՝ Արմուդլու, Աղբյուրաշենը՝ Քյանքենդի, Կարմրիկը՝ Քըզըլջա, Ծաղկաձորը՝ Դարաչիչեք և այլն, կամ էլ տեղական բարբառի ազդեցությամբ նախկին ձևից որոշ չափով հեռացած տեղանունը բաղարկության սկզբունքով նմանեցնում թուրքական այս կամ այն բառին, այսպես՝ Արմտիքը դարձնում Արմուդի, Օձունխաչը՝ Ուզունհաչ, Օձունը՝ Ուզունլար, Կյուրոպաղատը՝ Գյուրբաղդը, Քարհատավանը՝ Քարադիվան, Քարվաճառը՝ Քելբաջար, Ճղոպուրկենցը՝ Չոփուրգենս, Բասենը՝ Փասինլեր և այլն։ Տարածված մեթոդներից էր նաև հին բնակավայրերին նոր անուններ տալը՝ ձգտելով մոռացության մատնել նրանց բնիկ պատկանելությունը3 ։ Անվանափովում էին նույնիսկ քրիստոնեական սրբավայրերը. օրինակ՝ նշանավոր Վարագավանքն անվանափոխվել է Եդիքիլիսե (յոթ եկեղեցի), նույնիսկ թյուրքական ցեղերը Սուրբ Էջմիածինը վերակոչել էին Ուչքիլիսե (երեք եկեղեցի)։ Ի դեպ՝ մեր հաշվումներով Արևմտյան և Արևելյան Հայաստանում եղել են քիլիսե (եկեղեցի) բառով մի քանի տասնյակ բնակավայրեր, մի այդքան էլ՝ Ղարաքիլիսե անունով։ Փաստորեն այս նոր թուրքերեն անվանումները մոռաության են մատնել հին տեղանունները։
Հայկական տեղանունների յուրացման ձևեր էին նաև թուրքերենով ստուգաբանելու փորձերը։ Նման կեղծ վարժանքներով առանձնապես զբաղվել է 17-րդ դարի օսմանյան արքունական պատմագիր Էվլիյա Չելեբին, որի մեկնությունները հաճախ հիմք են դարձել թուրք մասնագետների համար։ Օրինակ՝ իր «Ուղեգրության» մեջ հնագույն հայկական Բայբերդ կամ Բաբերդ տեղանունը (որը բարբառի և օտար լեզվական շերտերի ազդեցությամբ հնչյունափոխվել է Բայբուրդի), նա ստուգաբանում է թուրքերենով՝ բայ (հարուստ)+յուրդ (բնակատեղի)։ Տեղանվան մեջ, սակայն առկա են վաղնջահայկական Բայ+բերդ բաղադրիչները։ Բայ նշանակում է որջ, անառիկ թաքստոց, իսկ բերդ բաղադրիչով տեղանունները տարածված են Հայաստանում՝ Ցամաքաբերդ, Ամբերդ, Վժնաբերդ, Խարբերդ, Բաղաբերդ և այլն4 ։ Թուրք պատմագրի երևակայությունը սրանով չի սահմանափակվել. ըստ նրա՝ բնիկ հայկական Ճորոխ գետանունը Ջուի-ռուհ «հոգու գետ» թյուրքական բառերի աղավաղված ձևն է5 ։ Իրականում՝ Ճորոխ անունը կազմավորվել է հայերեն ծորել-ծորող բառից՝ ծ>ճ հնչյունփոխությամբ, մի երևույթ, որը հատկանշական է հայերենին, ինչպես՝ ծանածել>ճանաչել, ծխնի>ճխնի6 ։ Երվանդունիների կառուցած Զարիշատ բերդի անունը նա կապում է աջեմների (այսինքն՝ պարսիկների) հետ7 , Ակն քաղաքի անունը՝ հույն կայսրերից մեկի` Էգին անունով դստեր անվան հետ8 ։ Նշենք, որ ակն-ը բնիկ հայկական բառ է և նշանակում է աչք, աղբյուր, փոս9 ։ Փերթեք տեղանվան մեջ, որը Բերդակի բարբառային տարբերակն է, Էվլիյա Չելեբին փնտրում է մոնղոլերեն արծիվ բառը10 ։
Իրականում, վերոնշյալ, ինչպես նաև Հայաստանի բազմաթիվ այլ տեղանուններ պատմական աղբյուրներում շատ ավելի վաղ են արձանագրվել, քան թյուրքական կամ քրդական տարրը հայտնվել է Հայկական լեռնաշխարհում։
Չելեբիի այս «ճշգրտումները» ստուգաբանական անմեղ ճամարտակություններ չէին, այլ հետապնդում էին նոր գրավված տարածքների թուրքականությունը հաստատելու հեռագնա նպատակներ։ Այս պատմագիրը վարել է պետական պաշտոններ, մասնակցել օսմանյան նվաճողական արշավանքներին, ուստի նրա տեղանվանական բացատրությունները ունեին աշխարհաքաղաքական դրդապատճառներ։
19-րդ դարի կեսերից թուրքական իշխանությունները որոշում են ոչ միայն անվանափոխել կամ աղավաղել հայկական նահանգների, գավառների, գյուղերի անունները, այլ իսպառ ոչնչացնել Հայաստան անունը։ Այս քաղաքականությունը գործադրվեց հատկապես 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ Հայկական հարցն արևմտյան տերություններն օգտագործեցին՝ Թուրքիայի վրա ճնշումներ բանեցնելու և օգուտներ քաղելու նպատակով։
Սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի կառավարությունը Հայաստան անունը փոխարինեց հնարովի Քրդստան կամ Անատոլիա տերմիններով։ 1880 թվականից սկսած պաշտոնական փաստաթղթերում արգելվեց Հայաստան անվան հիշատակումը11 ։ Սրանով Բարձր Դուռը ձգտում էր արևմտյան տերություններին հասկացնել, որ Հայկական հարց գոյություն չունի. չկա Հայաստանը, չկա և Հայկական հարցը։ Աբդուլ Համիդի օրոք թուրքական պետական անգլամետ գործիչ, մեծ վեզիր, Քյամիլ փաշան այս կապակցությամբ հետևյալ դրույթներն է զարգացրել.
«Եթե Եվրոպայում մենք մեր սրտում օձ ենք տաքացրել (նկատի ունի բալկանյան ժողովուրդներին-Լ. Ս.), նույն հիմարությունը մենք չպետք է կրկնենք Ասիական Թուրքիայում։ Բանականությունը թելադրում է ճանապարհից վերացնել այն բոլոր տարրերը, որոնք մի օր մեզ համար կներկայացնեն այն նույն վտանգը, ինչը միջազգային միջամտության առիթ կտա և զենք կդառնա այդ տերությունների ձեռքին։ Հիմա՝ համենայն դեպս այսօր, մեր և Անգլիայի շահերը պահանջում են, որ Փոքր Ասիայում մեր տարածքներն ազատվեն այն աղբյուրներից, որոնք կարող են ուրիշների միջամտությանն առիթ տալ։ Մենք և Անգլիան չենք ճանաչում «Հայաստան» բառը, և հարկավոր է ջարդուփշուր անել այն ծնոտը, որը կհամարձակվի նույնիսկ արտասանել այս բառը։ Հետևաբար, այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է այս հայ ազգն անհետ մաքրել երկրի երեսից, անողոքաբար ոչնչացնել»12 ։
Օսմանյան իշխանությունները, միտումնավոր աղավաղումների ենթարկելով, հայկական և հունական անուններին վերագրում էին թուրքական կամ քրդական ծագում։ Այդ փուլում օգտագործվում էր քրդական գործոնը, որը կայսրության համար դեռևս վտանգ չէր ընկալվում։ Սուլթան Աբդուլ Համիդը, որը հայտնի էր նաև «Քրդերի հայր» (Bavê Kurda) անունով13 , օգտագործելով նրանց կրոնական մոլեռանդությունը, թուրքական կանոնավոր բանակի և քուրդ հրոսակներից կազմված «Համիդիյեների» միջոցով կազմակերպում է 1890-ական թթ. հայկական կոտորածները։
Աբդուլ Համիդի օրոք թուրք կամ քուրդ գաղթականներով վերաբնակեցված վայրերի հին անունները փոխարինվում էին նորերով. դրանք կամ փադիշահների կամ էլ գաղթական ցեղերի անուններ էին՝ Համիդիյե, Ռեշիդիյե, Ազիզիյե, Մահմուդիյե։ Սակայն այս քաղաքականությունը հատկապես ակնառու դարձավ իթթիհադականների իշխանության օրոք։ Նրանք օսմանյան փադիշահների անունները կրող և նախաօսմանյան շրջանին պատկանող տեղանունները փոխարինեցին իրենց անուններով՝ Էնվերիյե, Շևքեթիյե, Մահմութշևքեթփաշա և այլն14 ։
Երիտթուրքական իշխանությունները չափազանց կարևորում էին «ոչ մահմեդական» տեղանունները վերափոխելու գործը։ Կայսրությունում տեղանունների համակարգված թուրքացմանն էր նպատակաուղղված 1913թ. մայիսի 13-ին ընդունված «Գաղթականների բնակեցման կանոնադրություն» (“İskân-ı Muhacirin Nizamnâmesi”) փաստաթուղթը։Հաջորդ քայլը 1915թ. հունվարի 5-ին կատարեց երիտթուրքերի կառավարության ռազմական նախարար Էնվեր փաշան։ Ի դեպ, թուրք պատմաբան Այշե Հուրը գրում է, որ ոչ թուրքական անունների համակարգված փոփոխության միջոցառումներն արագացվում են պատերազմական ժամանակաշրջանում15 (նկատի ունի Առաջին համաշխարհային պատերազմը-Լ. Ս.):
Թուրքական ռազմաքաղաքական իշխանություններին առաքված Էնվեր փաշայի հրամանագիրը պահանջում էր Օսմանյան կայսրության հայերեն, հունարեն և բուլղարերեն տեղանունները փոխել թուրքերենի։ Թարգմանաբար ներկայացնում ենք Էնվեր փաշայի ստորագրած հրամանագիրը՝
Հրամանագիր (Emirname)
1. Օսմանյան երկրում հայկական, հունական, բուլղարական և այլ ոչ մահմեդական ժողովուրդներին պատկանող նահանգի, գավառի, գյուղաքաղաքի, գյուղի, սարի, գետի… և այլ բոլոր անունների վերածումը թուրքերենի անհրաժեշտ է: Արագորեն օգտվելով հարմար պահից՝ այս նպատակի իրականացման համար ձեր աջակցությունն ենք հայցում:
2. Ձեր իրավասության տակ գտնվող տարածքում զինվորական հրամանատարության և վարչական պաշտոնեության հետ միանալով՝ թող կազմվեն անվանափոխության համապատասխան ցուցակներ, և նահանգի, գավառի, գյուղաքաղաքի կենտրոններն ընդգրկող այս ցուցակները հնարավորինս շտապ մաս առ մաս ներկայացվեն Գլխավոր շտաբ:
Հավաքվող ցուցակներն ուսումնասիրելուց ու համանման անունները փոխհամաձայնությամբ փոփոխելուց հետո պետք է ուղարկվեն ներքին գործերի և կապի նախարարություններ՝ ընդհանրացման և կիրառության համար:
3. Անհրաժեշտ է, որ նոր անվանումներն արտահայտեն աշխատասիրությամբ մշտապես ընդօրինակելի և չափանիշ հանդիսացող ու գովեստներով փառաբանված մեր զինվորականության պատմությունը: Պետք է հիշել ինչպես ներկա, այնպես էլ անցյալ պատերազմական իրավիճակներում հայտնված և, ըստ այդմ, հատուկ փառաբանված դրվագները: Եթե դա հնարավոր չէ, ապա պետք է հիշատակվեն ամենաբարձր բարոյականության տեր և իրենց երկրին անգնահատելի ծառայություններ մատուցելիս զոհված անձնավորությունները: Կամ էլ պետք է գտնվեն այնպիսի անուններ, որոնք բնորոշ են տվյալ տեղանքի բերքին, արտադրանքին, առևտրին կամ աշխարհագրությանը:
Ի վերջո, դպրոցում ուսուցիչներն իրենց աշակերտներին մեր հայրենիքի տարբեր անկյունների մասին դասավանդելիս՝ պետք է կարողանան տվյալ վայրի փառապանծ պատմությանը, կլիմային, բերքին, առևտրին և արվեստին պատկանող օգտակար թեմաներ գտնել: Բացի այդ՝ եթե օտար լեզվով վաղուց ի վեր ընդունված անունների հանկարծակի փոփոխությունը լինի անհարմար անուններով, առաջ կբերի որոշ սխալներ, և պատճառ կդառնա, որ բնակչության շրջանում հին անունների օգտագործումը շարունակվի:
Հետևաբար՝ նոր անունները պետք է ընտրել՝ այս ամենը նկատի ունենալով: Իսկ եթե չհաջողվի նման սկզբունքների հիման վրա անուն գտնելը, այդ դեպքում, օրինակ՝ Էրեղլին անվանել Էրիքլի կամ էլ Էրաքլը, Գալիբոլուն՝ Վելիբոլու, այսպիսով, չի խախտվի ընդունված նախկին անվան հիմքը:
Գլխավոր հրամանատարի տեղակալ՝ Էնվեր /1915թ./ 16
էնվերի հրամանագրով ոգևորվելով՝ թուրք հայտնի զինվորական Հուսեյին Ավնի (Ալփարսլան) բեյը, որը նաև թուրքերեն լեզվի և թուրքական մշակույթի մասին հոդվածների հեղինակ էր, գրում է. «Եթե մենք ուզում ենք մեր երկրի տերը դառնալ, ապա ամենափոքր գյուղի անունն անգամ պետք է թուրքերեն դարձնենք, այլ ոչ թե թողնենք հայերեն, հունարեն, արաբերեն։ Այսպիսով՝ մեր երկիրը կներկենք մեր գույներով»17 ։
Ինչպես տեսնում ենք, նա իր նախարարից էլ մեկ քայլ առաջ է անցնում և անհրաժեշտ համարում նաև արաբերեն տեղանունների անվանափոխությունը, թեև Էնվեր փաշայի հրամանագրում խոսքը վերաբերում էր միայն «հայկական, հունական, բուլղարական և այլ ոչ մահմեդական ժողովուրդներին»։Սա նաև վկայում է, որ արաբական և քրդական տեղանուններն առանձանպես մեծ թիվ չեն կազմել և վտանգավոր չեն համարվել։ Տվյալ դեպքում Արևմտյան Հայաստանի տարածքում քրդերով վերաբնակեցված վայրերի անունները ճնշող մեծամասնությամբ եղել են հայկական՝ տեղական բարբառային կամ օտար լեզվական նստվածքով։ Մեծ եղեռնից հետո այդ տեղանունները հաճախ վերագրվել են քրդերին։ Դրա վառ ապացույցն է Բիթլիսում Գյուլի հայտարարությունը, երբ նա մաքուր հայկական Նորշեն-Նորշին տեղանունը ներկայացնում է իբրև քրդական։
Արևմտյան Հայաստանը, զրկվելով իր իսկական տերերից, պատմամշակութային բազմաթիվ արժեքների հետ շարունակում է ամեն օր կորցնել նաև հազարամյակների խորքից եկած հայկական տեղանունները։ Դրանք հայտարարվում են քրդական կամ էլ՝ թուրքական։ Թուրք պատմաբան Հարուն Թունչելը հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանում է, որ «Թուրքիայում չկա մի այնպիսի աշխատություն, որը քննի հին անունների արմատները։ Այս աշխատանքի համար հարկավոր է թուրքերենի, պարսկերենի, արաբերենի, հայերենի, զազայերենի, կուրմանջիի, ասորաարամեերենի, շումերերենի, աքքադերենի, տեղական բարբառների իմացություն, … քանի որ քրդերեն համարվող անունն իրականում կարող է լինել շումերերեն, աքքադերեն կամ թուրքերեն, ինչպես նաև թուրքերեն համարվող տեղանունն կարող է լինել արաբերեն, հայերեն կամ էլ աքքադերեն»18 ։
Իսկ ահա թուրքական «Փազարվաթան» կոչվող կայքէջում զետեղված «28 հազար տեղանուն փոխվեց։ Ո՞ր տեղանունը ո՞ր լեզվին է պատկանում՝ չի իմացվում» հոդվածի (16.08.2009)19 հեղինակ Շ. Թյուրքերը քրդական տեղանունների շարքին է դասում բնիկ հայկական Վանը, Անթեփը (Այնթափ)20 , Խարփեթը (Խարբերդ), Էրզինգանը (Երզնկա), Չերմիգը (Ջերմուկ), Կաղըզմանը (Կաղզվան), Դերսիմը, Տեկորը, Վեստանը (Ոստան), Գերչանիսը (Կերչանիս), Փալին (Բալու), Ջոլեմերկը (Ջուլամերկ), Բեդլիսը (Բիթլիս) Գոգսին (Կոկսի), Կերսը (Կարս), Փուլուրը (Բլուր), Փերթակը (Բերդակ), Գեղին (Քըղի), Չերմեն (Ջերմե), Քոփը (Կոփ), Չեմիշգեզեքը (Չմշկածագ), Թերջանը (Դերջան), Քեմահը (Կամախ), Իսփիրը (Սպեր), Զարուշատը (Զարիշատ), Արթեմեթանը (Արտամեդ), Էրդիշը (Արճեշ), Զեդկանը (Զատկան), Թաթոսը, Էգինը (Ակն), Թուխը, Քեբանը (Կապան), Ավշինը (Օշին), Սիվերեքը (Սև ավերակ), Ջիրմիքը (Ջերմիկ), Սերթը (Սղերդ), Էրիփկիրը (Արաբկիր), Էրխվան-Արգուվանը (Արգավան), նույնիսկ` Էրզերոմը (Էրզրում), Քիլիսը (եկեղեցի բառի աղավաղված ձևն է) և այլն21 ։ Շատ տարօրինակ է, թե քրդերն այդ երբվանի՞ց են իրենց բնակավայրի անունը դրել քիլիս-եկեղեցի։ Նշենք նաև, որ հոդվածագիրը համառորեն լռում է այս տեղանունների իսկական տերերի ճակատագրի մասին։
Երիտթուրքերից հետո տեղանունների «ազգայնացման» քաղաքականությունը շարունակեցին քեմալականները։ Հանրապետության շրջանում այս գործընթացն է՛լ ավելի արագ թափ ստացավ։ 1923 թ.-ից սկսած Արևմտյան Հայաստանի տարածքը պաշտոնապես կոչվեց «Արևելյան Անատոլիա»22 ։ Իսկ 1925թ.՝ Շեյխ Սայիդի, 1927թ.՝ Արարատի և 1938թ.՝ Դերսիմի քրդական ապստամբություններից հետո թուրքական իշխանություններն սկսեցին անվանափոխել նաև քրդերով բնակեցված վայրերը։ Դեռևս 1935թ. Դերսիմը Թունջելի կոչելու մասին մի նախագիծ էր ներկայացրել Ներքին գործերի նախարար Շուքրյու Քայան։ Հետաքրքրական է, որ 2009թ. փետրվարին Թունջելիի «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության պատգամավոր Շերաֆեթթին Հալիսը հանդես եկավ Թունջելին կրկին Դերսիմ կոչելու առաջարկով՝ հիմնավորելով, որ ժողովուրդը չի հրաժարվում իր համար արդեն սրբացած Դերսիմ անունից, որն օգտագործվում է թե՛ իրենց առօրյա կյանքում, թե՛ երգերում, պատմություններում ու վեպերում։ Պատգամավորի այս առաջարկն Արդարադատության նախարարը որակեց որպես անջատողականության դրսևորում23 ։
1940թ. Թուրքիայի կառավարությունն ընդունվում է օտար լեզուներով ու արմատներով տեղանունները թուրքերենի փոխելու մասին թիվ 8589 շրջաբերականը։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով այս գործընթացն առժամանակ կասեցվում է։
1949թ. Նահանգային վարչական օրենքում (İl İdaresi Kanunu) մի առանձին հոդված էր նվիրված տեղանունների փոփոխությանը։ 1957թ. ստեղծվում է «Անվանափոխման մասնագիտական կազմակերպությունը» (“Ad Değiştirme İhtisas Kurulu”), որն Էրզրումի նահանգում վերանվանել է 653, Ադանայում՝ 169, Էրզինջանում (Երզնկա)՝ 366, Մարդինում՝ 647, Ադյամանում՝ 224, Մուղլայում՝ 70, Աֆիոնում՝ 88, Էսքիշեհիրում՝ 70, Մուշում՝ 297, Աղրըում (Արարատ)՝ 374, Գազիանթեփեում՝ 279, Նեվշեհիրում՝ 24, Ամասիայում՝ 99, Գիրեսունում (Կերասուն)՝ 167, Նիղդեում՝ 647, Անկարայում՝ 193, Գյումուշխանեում՝ 343, Օրդուում՝ 134, Անթալիայում՝ 168, Հաքքարիում՝ 128, Ռիզեում՝ 105, Արդվինում՝ 101, Հաթայում՝117, Սաքարիայում՝ 117, Այդընում՝ 69, Սպարտայում՝ 185, Բալըքեսիրում՝ 110, Իչելում՝ 112, Սիիրթում (Սղերթ)՝ 392, Բիլեջիքում՝՝ 32, Ստամբուլում՝ 21, Սինոպում՝ 59, Բինգյոլում (Բյուրակն) 247, Իզմիրում (Զմյուռնիա)՝ 68, Սիվասում (Սեբաստիա) 406, Բիթլիսում՝ 236, Կարսում՝ 393, Թեքիրդաղում՝ 19, Բոլուում՝ 182, Քաստամոնում՝ 295, Թոքաթում (Եվդոկիա)՝ 245, Բուրդուրում՝ 49, Կայսերիում (Կեսարիա)՝ 86, Տրապիզոնում՝ 390, Բուրսայում՝ 136, Քրքլարելիում՝ 35, Դերսիմում՝ 273, Չանաքքալեում՝ 53, Քըրշեհիրում՝ 39, Շանլը Ուրֆայում (Ուռհա)՝ 389, Չանքըրըյում՝ 76, Քոջաելիում՝ 26, Ուշալում՝ 47, Չորումում՝ 555, Մալաթիայում՝ 217, Զոնգուլդաքում՝ 156, Էդիրնեում՝ 20, Մանիսայում՝ 83, Էլազըղում (Խարբերդ)՝ 383, Քահրաման Մարաշում՝ 105 բնակավայր24 ։
«Անվանափոխման մասնագիտական կազմակերպությունը» 21 տարվա ընթացքում 75 հազար տեղանուն ուսումնասիրելով, փոփոխել է 28 հազարը (որից 12 հազարը գյուղանուններ)։ Թուրք պատմաբան Այշե Հուրը նշում է, որ «Ժողովրդավարական կուսակցության կառավարման ընթացքում գեղեցիկ տպավորություն չթողնող, մարդկանց ամաչացնող, արժանապատվությունը վիրավորող կամ էլ ծաղրանքի առիթ տվող անունները, նույնիսկ, եթե թուրքական էին, փոխվեցին։ Վերանվանվեցին Քըզըլ (‘Kızıl’) (կարմիր), Չան (‘Çan’)՝ (զանգ), Քիլիսե (‘Kilise’) (եկեղեցի) բառիմաստներ պարունակող գյուղանուններ։ Անջատողականությանը վերջ տալու նպատակով փոխվեցին նաև արաբական, պարսկական, հայկական, քրդական, վրացական, թաթարական, չերքեզական, լազական գյուղանունները»25 ։ 1981-1983թթ. անվանափոխվեցին Թուրքիայի հատկապես արևելյան, հարավային և Սև ծովի հարավարևելյան շրջանների բնակավայրերը։
2009թ. օգոստոսի 19-ին Ստամբուլի «Բիր գյուն» օրաթերթում հրատարակված «Թունջելին թող Դերսիմ կոչվի» հոդվածի հեղինակ Օ. Բիլիրը նշում է, որ թուրքական իշխանությունները բնակավայրերին նոր անուններ տալուց բացի, հին տեղանվան որոշ հնչյունները փոխելով՝ նմանեցնում էին թուրքական այս կամ այն բառին, օրինակ՝ Չինչիվա՝ Շենյուվա և այլն։ Սա անվանափոխության մի մեթոդ է, որը, ինչպես նշել ենք, 1915թ. առաջարկել էր Էնվեր փաշան. «… էրեղլին անվանել Էրիքլի կամ էլ Էրաքլը, Գալիբոլուն Վելիբոլու, այսպիսով չի խախտվի ընդունված նախկին անվան հիմքը»26 : Այս երևույթը, սակայն ունի ավելի հին արմատներ։ Դեռևս 16-րդ դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում գրանցված հայկական տեղանուններում նկատելի են օսմանականացման-թուրքացման նմանատիպ օրինակներ, որոնց անդրադարձել ենք «Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում» մենագրության մեջ27 ։ Այսպես կոչված քրդական տեղանունների թուրքացման մեջ աչքի է զարնում մեկ այլ հետաքրքիր երևույթ. որոշ բնակավայրերի վերադարձվում են իրենց նախկին կարծեցյալ թուրքական անուները։ Իսկ դրանք իրականում հայկական են և եկել են դարերի խորքից։ Այսպես՝ Փերթագը (Բերդակ) վերանվանվել է իբր իր նախկին թուրքական տարբերակով՝ Փերթեկ, Ըսփըրը (Սպեր)՝ Իսփիր, Էրդեխանը՝ Արդահան, Շախը՝ Շատախ, Քերսը՝ Կարս, Զեդկանը՝ Էլեշքիրթ, այն Վաղարշակերտ>Ալաշկերտ-ի հնչյունափոխված ձևն է, Գեղին՝ Քըղի, երկուսի մեջ էլ գյուղ>գեղ բառն է, Գիմգիմը՝ Վարդո28 և այլն։
Այս շղթայի մեկ օղակն էլ Նորշին տեղանվան հետ կապված Բիթլիսում Ա. Գյուլի հայտարարությունն է, որ միանշանակ չընդունվեց երկրի քաղաքական ուժերի կողմից։ Մասնավորապես` ընդդիմադիր Ազգային շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին այս առիթով քննադատեց Գյուլին։ Բահչելիին հակադարձեց վարչապետ Էրդողանը՝ հիշեցնելով, որ օրինակ՝ Մանազկերտը հայկական տեղանուն է (ընդգծումը մերն է-Լ. Ս.): «Դուք Ալփարսլանից ավելի՞ ազգայնական եք: Մուսթաֆա Քեմալն, Անկարան մայրաքաղաք դարձնելով, անունը չփոխեց: Անկարա անունը լատինական ծագում ունի: Դուք Մուսթաֆա Քեմալից ավելի՞ ազգայնական եք»,-հարց է տալիս Էրդողանը: Կարծում ենք, որ Թուրքիայի վարչապետի այս խոստովանությունը պայմանավորված է նրանով, որ թուրքական իշխանությունները ձգտում են անհեթեթ վիճակում չհայտնվել և աշխարհին առավել ժողովրդավար և ազատամիտ երևալ։ Բացի այդ՝ թերևս այդ հայտարարությունն ուղղված էր քրդերի տարածքային հավակնություններն նաև այս ձևով զսպելուն։
Հանրապետական Թուրքիայում «ոչ մահմեդական» տեղանունների փոփոխման, աղավաղման և յուրացման համակարգված ծրագրին մեծապես օժանդակել է և «գիտական» հիմքերի վրա դրել թուրքական ժամանակակից պատմագիտությունը։ Թուրք պատմաբանները, վաղ շրջանի օսմանյան արխիվային նյութերը, պատմագիրների երկերը հրատարկելիս, օգտագործելով իրենց կեղծարարական հարուստ զինանոցը, աղճատում կամ մերժում են հայկական անունները29 , բիրտ խմբագրությամբ Արմենիան կամ Էրմենիստանը փոխարինում հնարովի «Արևելյան Անատոլիայով»՝ նպատակ ունենալով մոռացության մատնել Հայաստան երկրի գոյությունն առհասարակ։ Այսպես, թուրք պատմաբան Հ. Սելենը, 17-րդ դարի հայտնի պատմագիր Քյաթիբ Չելեբիի «Ջիհան նյուման» 1957թ. հրատարակելիս, այդ պատմական երկի «Արմենիա երկրի մասին» գլխի վերնագիրն ուղղակի դարձրել է «Արևելյան Անատոլիա»30 ։
Սակայն փաստն այն է, որ օսմանյան պատմագիր-տարեգիրների երկերում հստակորեն հիշատակվել է Հայաստանը՝ Արմենիա երկիրն իր սահմաններով հանդերձ։
Ահավասիկ Քյաթիբ Չելեբիի «Ջիհան նյումա»-յի վերոհիշյալ գլխից մեկ հատված, որը լավագույնս բացահայտում է ժամանակակից թուրք պատմագիտության կեղծարարությունները.
«Համդուլլահն ասում է. Արմենի [Արմենիա] վիլայեթը բաղկացած է երկու մասից՝ Փոքր և Մեծ:… Մեծ Արմենիան Իրանի սահմանների մեջ է մտնում և հայտնի է Թուման Ախլաթ անունով: Սահմաններն են Փոքր Արմենիան, Ռումը, Դիարբեքիրը, Քուրդիստանը, Ադրբեջանը31 և Արանը: Երկարությունը Էրզեն էլ Ռումից (Էրզրում) հասնում է մինչև Սալմաս, իսկ լայնությունը՝ Արանից մինչև Ախլաթի վիլայեթի վերջավորությունը: Մայրաքաղաքը Ախլաթն է: …Նվաստիս կարծիքով, ներկայումս Մեծ Արմենիան բաղկացած է Վանի և Էրզրումի վիլայթներից, իսկ Փոքր Արմենիան՝ Ադանայի և Մարաշի էյալեթներից: …Թակվիմ-ալ-Բուլդանում32 , որպես Արմենիայի քաղաքներ են հիշատակված Էլբիստանը33 Ադանան, Արճեշը, Ադրբեյջանը [Ադրբեջան], Բիթլիսը, Բարդան, Բիլեկանը, Թիֆլիսը, Ախլաթը, Դեբիլը, Սուլթանիյեն, Սիսը, Թարսուսը, Մալաթիան, Վանը, Ոստանը, Մուշը, Էրզեն էլ-Ռումը և Մալազկերտը»34 ։
Թեև Չելեբիի տված Արմենիա երկրի սահմանների ընդգրկումները թերի են35 , այդուհանդերձ օսմանյան պատմագրի կողմից Հայաստան երկրի (Արմենիա) ընդունումը չափազանց արժեքավոր է։ Ի դեպ, Արմենիա ընդարձակ երկրի մասին գրում է նաև նույն դարի մեկ ուրիշ թուրք պատմիչ՝ Մյունեջջիմ Բաշին36 . այն որպես Հայաստանի քաղաքներ է հիշատակում Խըրդ Բըրթը (իմա՝ Խարբերդը - Լ. Ս.), Երզնկան, Մուշը, Էզինը (իմա՝ Էրզրում), Մելազջերդը (իմա՝ Մանազկերտը), Բիթլիսը, Ախլաթը, Արճեշը, Ոստանը, Շիրվանը և մայրաքաղաք Դեբիլը (իմա՝ Դվինը)37 ։
Պատմիչների նկարագրություններից պարզորոշ երևում է, որ XVII դարում օսմանյան պաշտոնական պատմագրությունը ճանաչում էր զավթված Հայաստանի գոյության փաստը՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի սահմաններում և անվանում այն միջազգայնորեն ճանաչված անունով՝ Արմենիա։ Այսպիսով, XVII դարում Հայաստանի նկատմամբ Անատոլիա կամ Արևելյան Անատոլիա տերմինները բնավ չեն օգտագործվել։ Ավելին՝ XVI դարի «Իսլամական աշխարհացույց» քարտեզում38 և XVIII-XIX դարերի օսմանյան քարտեզներում նույնպես հստակ նշվում է Հայաստան երկիրը Էրմենիստան ձևով՝ իր սահմաններով ու քաղաքներով հանդերձ39 ։ Ինչպես տեսնում ենք, թուրք պատմիչները լավ գիտեին Հայաստանի՝ Արմենիայի տեղը և ի հակադրություն այսօրվա թուրք պատմաբանների` այն չէին «շփոթում» Անատոլիայի հետ։
Ի դեպ Անատոլիա բառը հունարեն նշանակում է արևածագ։ Այդպես է կոչվել Փոքր Ասիա թերակղզու արևմտյան մասը։ Հնում, մոտավորապես մ.թ.ա. V-IV դդ. Անատոլիա է անվանվել Փոքր Ասիա թերակղզին։ Օսմանյան կայսրությունում Անադոլու կոչվում էր Փոքր Ասիայի հյուսիսարևելյան հատվածն ընդգրկող վիլայեթը՝ Քյոթահյա կենտրոնով40 ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն անգամ օսմանյան և պարսկական տիրապետության տակ ընկնելուց հետո էլ բազմաթիվ աղբյուրներում հստակորեն հիշատակվում է որպես Արմենիա կամ Էրմենիստան։ Սա ևս մի կարևոր վկայություն է առ այն, որ անգամ պետականության կորստից հետո էլ հայ ժողովուրդն իր հայրենիքում կազմում էր ճնշող մեծամասնություն։
Ցավալին այն է, որ այսօր սփյուռքահայ որոշ պատմաբաններ, անգամ հայաստանյան վերլուծաբաններ ու դիվանագետներ, սկսել են Արևմտյան Հայաստանը փոխարինել «Արևելյան Անատոլիա» հնարովի տերմինով։ Նրանք, փաստորեն հլու-հնազանդորեն ի կատար են ածում 1880թ. Աբդուլ Համիդի որոշումը։ Դեռ ավելին՝ որոշ սփյուռքահայ պատմաբաններ «Արևելյան Անատոլիա» տերմինը տարածում են նաև Արևելյան Հայաստանի վրա41 ։
Եթե նույնիսկ արևմտյան գիտական շրջանակներում Թուրքիայի պետական քարոզչամեքենայի հետևողական աշխատանքի և կեղծարարության արդյունքում, որոշ դեպքերում՝ նաև չիմացության հետևանքով Արևմտյան Հայաստանի փոխարեն ամրագրվել է հնարովի «Արևելյան Անատոլիա» տերմինը, ապա մեզ համար այն անընդունելի է։ Քանզի՝ Արևմտյան Հայաստանի փոխարինումն «Արևելյան Անատոլիա» տերմինով, նշանակում է՝ մեր իսկ կողմից պատմական Հայրենիքից հրաժարում, հայոց դարավոր պատմամշակութային ժառանգության մերժում, հայոց ցեղասպանության ուրացում և հետևանքների մոռացության մատնում, հայկական պետականության և Արևմտյան Հայաստանի հանդեպ թուրքական մերժողական տեսակետների պաշտպանություն42 ։
Ամփոփենք: Թուրքիայի իշխանությունները՝ հասկանալով, որ հայկական տեղանունները մի ողջ քաղաքակրթության արգասիք են և Արևմտյան Հայաստանում հայոց գոյության խոսուն վկաներ, չբավարարվելով այդ տարածքի իսկական տերերի ֆիզիկական ոչնչացմամբ, շարունակում են իրենց պատմամշակութային եղեռնը՝ վաղուց ի վեր թիրախ դարձնելով նաև հայկական տեղանունները։
Տեղանունները սոսկ լեզվական փաստեր չեն, այլ նաև պատմական անաչառ ապացույցներ։ Թուրքական պետությունն ու պատմագրությունը, ինչպես նաև թուրքամետ գիտական շրջանակները չեն ցանկանում ընդունել Հայկական լեռնաշխարհում հայերի բնիկությունը, ժխտում են հայոց ցեղասպանությունը, ի մասնավորի՝ փորձում են կասկածի տակ դնել Հայաստանի տեղանունների հայկական ծագումը։ Մինչդեռ վաղնջական ժամանակներից հիշվող հայկական տեղանունները լեզվական ամրակուռ փաստեր են, որոնք ի չիք են դաձնում թուրքական այդօրինակ նկրտումները, բացահայտում ողջ ճշմարտությունը։ Ուրեմն՝ այսօր հայկական տեղանունների պաշտպանության, պահպանման և վերականգնման խնդիրը մեզ համար ունի ռազմավարական անգհնահատելի նշանակություն։
Լուսինե Սահակյան, ԵՊՀ դոցենտ, թուրքագետ
18.09.2009թ.
—————
1.http://www.bbc.co.uk/turkce/haberler/2009/08/09. ↩
2.Abdullah Muradoğlu, Ahi Mesut ve Norşin..,Yeni şafak, օրաթերթ, 11.08.2009։Enver Alper Güvelin, Norşin: Psikolojik eşiğin aşılması, Yeni şafak, օրաթերթ, 16.08.2009։ ↩
3.Այդ մասին մանրամասն տես Սահակյան Լ., Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում, <Լուսակն> հրատ., Երևան, 2007, էջ 83-84։ ↩
4.Բաբերդ տեղանվան ստուգաբանության մասին մանրամասն տե՛ս Սահակյան Լ., նշվ. աշխ., էջ 130-131։ ↩
5.Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, Էվլիյա Չելեբի, թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ Ա. Խ. Սաֆրաստյանի, հ. Գ, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1967, էջ 127։ ↩
6.Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, հ. II, էջ 469, Տե՛ս նաև Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հ.Ա, Երևան, ԵՊՀ հրատ., էջ 1026։ ↩
7.Թուրքական աղբյուրներ, Էվլիյա Չելեբի, հ. Գ, էջ 120։ ↩
8.Թուրքական աղբյուրներ, Էվլիյա Չելեբի, հ. Գ, էջ 155։ ↩
9.Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, Երևան, 1971,ԵՊՀ հրատ., հ. Ա, էջ 106-108։ ↩
10.Թուրքական աղբյուրներ, Էվլիյա Չելեբի, հ. Գ, էջ 157։ ↩
11.Новая история Армении в трудах современных зарубежных авторов, отв. редактор Саакян Р. Г., Ереван, 1993, с. 15. ↩
12.Новая история Армении в трудах современных зарубежных авторов, с. 17. ↩
13.Frat N., Vulpes Vulpes Kurdistanica, http://www.bydigi.net-vulpes-vulpes-kurdistanica.html. ↩
14.Frat N., նույն տեղում։ ↩
15.Bin Yerin İsmi Değişti, Hangi İsim Hangi Dile ait? http://www.kenthaber.com/Haber/Genel/Dosya/gundem/28-bin-yerin-ismi-değişti . ↩
16.Yüksel A., Doğu Karadeniz Araştırmaları, İstanbul, 2005, s. 21-22. Այդ տարիներին Էնվերը նաև երիտթուրքերի կառավարության ռազմական նախարարն էր։ ↩
17.Tirebolulu H. {Huseyin Avni} Alparslan, Trabzon İli Lâz mı? Türk mü? Giresun, 1339. s. 17. ↩
18.http://www.esoyle.com/2009/08/30/28-bin-yerin-ismi-değişti. ↩
19.Türker Ş., “28 bin yerin ismi değişti, Hangi ismin hangi dile ait olduğu bilinmiyor!” 16.08.2009, http://pazarvatan.gazetevatan.com. Տես նույնի՝ Güncellenme zamanı, “28 bin yerin ismi değişti, Hangi ismin hangi dile ait?” 12 Ağustos 2009, http://www.gundem-online.com. ↩
20.Փակագծում տալիս ենք բնակավայրերի նախնական անունները։ ↩
21.Տե՛ս նույն տեղում։ ↩
22.Հայկական սովետական հանրագիտարան, Երևան, 1974, էջ 327։ Հայկական համառոտ հանրագիտարան, Երևան, 1990, էջ 192-193։ ↩
23.Bilir O., “Tunceli, Dersim Olsun” Tekilfini Ekimde yeniden, “Bir Gün” օրաթերթ, 2009, 19 Ağustos. Տե՛ս նույնի՝ http://www.birgun.net ↩
24.Bilir O., նույն տեղում։ ↩
25.Türker ş., “Vatan”, 16 Ağustos, 2009. ↩
26.Տե՛ս Yüksel A., Doğu Karadeniz Araştırmaları, İstanbul, 2005, s. 21-22. ↩
27.Տե՛ս Սահակյան Լ., նշվ. աշխ. , էջ 77-108։ ↩
28.Bilir O., “Tunceli, Dersim Olsun” Tekilfini Ekimde yeniden, “Bir Gün” օրաթերթ, 19 Ağustos 2009,. Տե՛ս նույնի՝ http://www.birgun.net. ↩
29.Տե՛ս Սահակյան Լ., նշվ. աշխ., էջ 71-108,130-135։ ↩
30.Մանրամասն տե՛ս Փափազյան Ա., նշվ. աշխ., էջ 125։ ↩
31.Ադրբեյջան-Ատրպատական։ ↩
32.«Թակվիմ-ալ- Բուլդանը» արաբ պատմագիր և աշխարհագրագետ Աբուլ Ֆիդայի տարեցույցն է, որը Քյաթիբ Չելեբու համար ծառայել է որպես սկզբնաղբյուր (Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ. Բ, Երևան, էջ 258): ↩
33.Էլբիստան-Ալբիստան, քաղաք Կիլիկիայում, Մարաշ գավառի Զեյթուն գավառակում: ↩
34.Թուրքական աղբյուրները… , հ. Բ, Քյաթիբ Չելեբի, «Ջիհան նյումա», էջ 29-30: ↩
35.Տե՛ս նաև Փափազյան Ա., Թուրքական վավերագրերը Հայաստանի և հայերի մասին (16-19-րդ դարեր), Երևան, 1999, էջ 112-114, 121-122։ ↩
36.Տե՛ս Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, Մյունեջջիմ Բաշի, հ. Բ, էջ 183: ↩
37.Տե՛ս նույն տեղում, էջ 199-200։Արաբական և թուրքական աղբյուրներում Դվին տեղանունը աղճատվել է և գրանցվել է մի քանի ձևերով՝ Դեբիլ (տե՛ս Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, Երևան, 1988, էջ 68), ինչպես նաև՝ Դուին, Դաբիլ, Ադաբին, Դուվիյ, տե՛ս Վարդանյան Ս. Հայաստանի մայրաքաղաքները, Երևան , 1995, էջ 109): ↩
38.«Իսլամական աշխարհացույց» քարտեզը կազմվել է 1570-ական թթ., տրամագիծը 28.5 սմ, պահպանվում է Բոդլյան գրադարանում, Օքսֆորդ -Ձեռ. or.317 f9v-10r (տե՛ս Գալչյան Ռ., Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ, Երևան, 2005, էջ 148: ↩
39.«Ասիական Թուրքիա», հրատարակվել է 1803/1804թ., չափսերը 72×54 սմ, բրիտանական գրադարան, Լոնդոն-OIOC 14999.h.2(2), f.18, «Միջերկրական շրջան»-ի երկրորդ քարտեզ, չափսեր 80×58 սմ, բրիտանական գրադարան, Լոնդոն-OIOC 14999.h.2(2),f.5., «Օսմանեան երկիր», տրագրվել է 1867թ., չափսերը, 42×29 սմ, բրիտանական գրադարան, Լոնդոն-Maps 42.d.1, f.2 (տե՛ս Գալչյան Ռ., նույն տեղում, էջ 226, 240, 246): ↩
40.Հայկական սովետական հանրագիտարան, հ. 1, Երևան, 1974, էջ 373։ ↩
41.Այվազյան Ա., Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ, քննական տեսություն, Երևան, 1998, էջ 37-40։ ↩
42.Տե՜ս այս մասին Armen Ayvazyan, “Western Armenia vs Eastern Anatolia”, Europe & Orient (Journal of the Institute Tchobanian, Paris), No. 4, 2007. ↩
Sunday, October 5, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment