Wednesday, December 24, 2008

Էդվարդ Նալբանդյան. «Առանց բանակցություններին արցախյան կողմի լիակատար մասնակցության որեւիցե պայմանավորվածություն չի կարող ձեռք բերվել»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի դեկտեմբերի 19-ին Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Է.Նալբանդյանը Արցախի նախագահին ներկայացրել է Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման արդյունքները եւ Ֆինլանդիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման մանրամասները: Զրուցակիցները բարձր են գնահատել Հելսինկիում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եւ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հայտարարությունները արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Դեկտեմբերի 20-ին Է.Նալբանդյանն այցելել է Արցախի պետական համալսարան, ուր ելույթ է ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների առջեւ: Նախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացը եւ հեռանկարները: Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ԼՂՀ իշխանությունների մասնակցության հարցին, Է.Նալբանդյանը շեշտել է, որ առանց բանակցություններին արցախյան կողմի լիակատար մասնակցության որեւիցե պայմանավորվածություն չի կարող ձեռք բերվել: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, Է.Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել նաեւ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ:

No comments: