A1+.13-2-2009- Թեեւ Երեւանի քաղաքապետարանը չի արտոնել մարտի 1-ի հանրահավաքը, սակայն այն տեղի է ունենալու: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` նշելով, որ հանրահավաքը ամենայն հավանականությամբ կանցկացվի Մատենադարանում: Վերջնական որոշման մասին Կոնգրեսը տեղյակ կպահի:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ՀԱԿ-ը դիմել էր Երեւանի քաղաքապետարան` մարտի 1-ին հանրահավաք անցկացնելու մասին իրազեկմամբ: Համաձայն օրենքի` քաղաքապետարանն իր որոշման մասին պետք է տեղեկացներ 72 ժամվա ընթացքում: Սակայն Մուսինյանի ասելով` ՀԱԿ-ի լիազոր ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը 72 ժամվա ընթացքում պատշաճ կերպով չի ծանուցվել: «Դա, ըստ օրենքի նշանակում է, որ հանրահավաքը ընդունված է ի գիտություն:
Հանրահավաքը կսկսվի ժամը 15:00-ին»,- հայտարարեց Մուսինյանը:
Թե հանրահավաքի ժամանակ մասնավորապես ի՞նչ խնդիրների կանդրադառնան, Արման Մուսինյանը նշեց, որ այդ մասին տարբեր առաջարկներ արդեն ստացել են, սակայն դրանց մասին հասարակությունը կիմանա մարտի 1-ին հարթակից: 3-ամսյա դադարից հետո, թե ի՞նչ ակտիվ գործողություններ են սպասվում Կոնգրեսի կողմից, Մուսինյանը նշեց, որ ՀԱԿ-ը մի քանի ռազմավարություն ունի, որոնք «իրենց գործողությունների պաշարը շատ ավելի հարուստ են դարձնում»: «Տվյալ պահի քաղաքական իրադրությունն է հուշում երբեմն վերջին պահին կամ հենց հարթակի վրա ընդունելու սեղանի վրա դրված սցենարներից որեւէ մեկը»,- ընդգծեց ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակը:
Մուսինյանն անդրադարձավ նաեւ «7-ի գործի» դատավարությանը, որը երեկ դարձյալ հետաձգվել է: Այս փաստը, ըստ նրա` վերջնականապես փաստեց մի բան, որ «իշխանությունները շահագրգռված չեն բաց դատավարության անցկացման եւ ամեն ինչ անում են այն հետաձգելու եւ դատավարությունը ձախողելու համար»:
«Ես մեկ անգամ եւս ուզում եմ հիշեցնել, որ այս քրեական գործը մնացել է իշխանությունների կոկորդում: Նրանք հասկանում են դրա շինծու, անհեռանկար լինելը, ավելին` իրենց համար վտանգավոր լինելը: Նրանք ամեն ինչ պետք է անեն, որ այս դատավարությունը օրինական ընթացքից շեղեն»,- կարծում է Մուսինյանը:
Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետի ընտրություններին, ապա նա նշեց, որ իրենք անպայման մասնակցելու են երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացներին, սակայն այդ հարցը դեռեւս Կոնգրեսի օրակարգում չկա:
Անդրադառնալով Դավոսյան ֆորումում Սերժ Սարգսյանի ելույթին` Մուսինյանը նշեց, որ «բամբ ձայնով եւ խրոխտ հայացքով ելույթները» դեռ ոչինչ չեն նշանակում: «Պատմությունը ցույց է տվել, թե ինչպես են նման ելույթներից հետո գնում ու ստորագրում ոչ շահավետ պայմանագրեր: Ելույթում, անկեղծ ասած, քաղաքական շեշտադրումներով բովանդակություն չեմ տեսել»,- ասաց Մուսինյանը` ավելացնելով, որ նույնը չի տեսել նաեւ Սարգսյանի` ԲՀԿ համագումարի ելույթում: Դա, նրա բնորոշմամբ` երկրի առաջ կանգնած լրջագույն մարտահրավերները շրջանցող ելույթ էր: Իսկ Սարգսյանի մասնակցությունը ԲՀԿ համագումարին, ըստ Մուսինյանի` ընդամենը ցույց էր տալիս, թե ում է պատկանում կամ չի պատկանում ԲՀԿ-ն:
Sunday, February 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment