«Ազատությւն» 26-5-2009- «Թուրքիայի ուղերձն է Հայաստանին. մենք պետք է կարգավորենք տարածաշրջանի հակամարտությունները, այդ թվում` Ղարաբաղյան խնդիրը, Ադրբեջանի գրավյալ տարածքները պետք է ազատագրվեն», - երեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ընդգծել է. - «Ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել մեր ադրբեջանցի եղբայրներին, որ Ղարաբաղյան խնդիրն ու Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի գրավման հարցը շատ կարեւոր են Թուրքիայի համար, եւ թող որեւէ մեկը սրանում չկասկածի»:«Տարածաշրջանում առկա սառեցված հակամարտությունները ական են, որ կարող են պայթել ամեն վայրկյան», - նշել է Դավութօղլուն ու հիշեցրել անցած տարի Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ բռնկված կարճատեւ պատերազմը:«Եկել է այդ վտանգավոր ականներից ձերբազատվելու ժամանակը», - ասել է Թուրքիայի արտգործնախարարն ու հորդորել գերտերություններին, միջազգային կազմակերպություններին, այդ թվում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին` ակտիվացնել ջանքերը այս խնդրի լուծման ուղղությամբ:«Թուրքիան եւս աշխատանք է տանում հակամարտության կարգավորման ուղղությամբ եւ կշարունակի այդ գործունեությունը: Պաշտոնական Անկարայի համոզմամբ` խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում եւ միջազգային իրավունքի հիման վրա. մենք հենց այդ դիրքորոշումն ենք պաշտպանում բանակցությունների ժամանակ եւ կշարունակենք այս հարցում աջակցել Ադրբեջանին», - հայտարարել է Դավութօղլուն:Նա նաեւ կարծիք է հայտնել, թե վերջին շրջանում Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժ է նկատվում, եւ հույս է հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ Սանկտ Պետերբուգում կայանալիք հաջորդ հանդիպումը արդյունավետ կլինի:
Wednesday, May 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment