Wednesday, May 27, 2009

ԱՐԴՅՈՔ ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԻԿՈՒՆՔԸ

Եթե ադրբեջանական լրատվամիջոցները չեն խեղաթյուրել իրենց արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ասածները, ապա նա իրապես հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի նոր իշխանության հետ չեն հասել ոչ մի պայմանավորվածության: Ավելին, Մամեդյարովը հայտարարել է, որ նախկին վարչակազմի, այսինքն Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի հետ, պայմանավորվել էին “ամեն ինչի շուրջ”: Մամեդյարովն ավելի չի մանրացել: Եվ երեւի թե պետք էլ չէր: Նա ասել է այնքան, ինչքան որ պետք է: Հարց է առաջանում, թե ում է պետք նրա այդ ասածը: Դա իհարկե պետք է նախ Ադրբեջանին, քանի որ այդպիսով Հայաստանը ներկայացվում է որպես բանակցության ապակառուցողական կողմ: Բայց Ադրբեջանի արտգործնախարարը փաստացի անում է մի հայտարարություն, որը պետք է նաեւ Հայաստանի իշխանությանը: Բանն այն է, որ Մամեդյարովի հայտարարությունից ստեղծվում է այն տպավորությունը, որ Ադրբեջանն ավելի գոհ էր Հայաստանի նախորդ, այսինքն Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի հետ բանակցությունից: Իսկ եթե Ադրբեջանը նախորդ վարչակազմից էր ավելի գոհ, դա կնշանակի, որ նախորդ վարչակազմը ավելի շատ զիջումների էր համաձայնել եւ դրա համար էլ “ամեն ինչի մասին պայմանավորվել էին”, ինչպես նկատել է Մամեդյարովը: Արդյունքն այն է, որ Սերժ Սարգսյանի վարչակազմը ներկայանում է անզիջում լույսի ներքո: Եթե ադրբեջանցիները նրանից դժգոհ են, ուրեմն Սերժ Սարգսյանն ավելի անկոտրում կեցվածք ունի Ղարաբաղի հարցում: Մինչդեռ Սերժ Սարգսյանին Հայաստանում մեղադրում են հակառակի համար: Այսինքն մեղադրում են, որ նա չափազանց մեծ զիջումների է գնում Ղարաբաղի հարցում: Մեղադրանք գալիս է ոչ միայն ընդդիմության, այլ նաեւ այն թեւից, որն ուղղակի կամ անուղղակի կապվում է Ռոբերտ Քոչարյանի հետ: Օրինակ Դաշնակցությունը, որն ընդդիմադիր դառնալով, սկսել է ավելի շատ մեղադրական եզրակացություններ անել թե հայ-թուրքական, թե Ղարաբաղի հարցերի կապակցությամբ իշխանության քաղաքականության վերաբերյալ: Մամեդյարովի հայտարարությունը կարծես թե հերքում է հենց այդ մեղադրանքը եւ հակառակը հուշում` որ Ռոբերտ Քոչարյանն էր գոհացնում Ադրբեջանին, իսկ Սերժ Սարգսյանը` ոչ: Փաստորեն Ադրբեջանի արտգործնախարարն իր հայտարարությամբ օգնում է Սերժ Սարգսյանին պաշտպանվել ներքին մեղադրանքներից եւ քննադատությունից: Արդյոք սա չէ Պրահայի Սարգսյան-Ալիեւ հանդիպման արդյունքը: Թե սա ընդամենը այդ արդյունքը կոծկելու քայլ է, որ կատարում է Ադրբեջանը, որպեսզի ներքին ճնշումից ձեռնպահ պահի այն բանակցային գործընկերոջը, որն իրականում ամենից հարմարն է թե Ադրբեջանի, թե միջնորդ պետությունների համար, մինչեւ որ կապահովվի բանակցության վերջնական եւ անդառնալի արդյունք: Ի վերջո չմոռանանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան մի քանի անգամ հայտարարել է, ընդ որում դեռեւս Սարգսյան-Ալիեւ առաջին հանդիպումից սկսած, որ նրանց միջեւ փոխհասկացվածությունն ավելին է, պատկերացումների ներդաշնակությունն ավելին է, քան Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ: Եվ Ադրբեջանն այն ժամանակ Բրայզային էր հերքում: Չէր հերքում նաեւ Հայաստանը: Տեսնենք, թե արդյոք Բրայզան հերքելու է այժմ Ադրբեջանին եւ կրկնելու է, որ Սարգսյանն ու Ալիեւը ավելի հոգեհարազատ են իրար, քան Քոչարյանն ու Ալիեւը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: