Saturday, May 30, 2009

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ՔԱՅԼԵՐՆ ԸՆՏՐՈՎԻ ԵՆ ՈՒ ՇԱՏ ԴԱՆԴԱՂ

«Լրագիր» 29-5-2009- Հայաստանի նախկին արտգործնախարար, Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հոդված է հրապարակել Առավոտ օրաթերթում, որում անդրադառնում է երկրի տնտեսական իրավիճակին: “Հայաստանի տնտեսությունը անկման մեջ է, և համաշխարհային տնտեսական ճգնաժամը դրա մի քանի պատճառներից ընդամենը մեկն է:Կառավարության արձագանքը համաշխարհային տնտեսական ճգնաժամին այսօր ուղղված է ենթակառուցվածքների վերականգմանը` ուշադրությունը կենտրոնացնելով աղետի գոտում շինարարության, ոռոգման և ջրամատակարարման համակարգերի բարեկարգման, ճանապարհաշինության ծրագրերի, ինչպես նաև “մոնումենտալ” նախագծերի վրա, օրինակ` նոր ատոմակայանի և Իրան-Հայաստան երկաթուղու նախագծերը: Կառավարության հակաճգնաժամային ծրագրի երկրորդ ուղղությունը աջակցությունն է իրենց արտադրանքն արտահանող և տեղական հումք օգտագործող մասնավոր ձեռնարկություններին: Եվ վերջապես, կառավարությունը ծրագրում է լրացուցիչ վարկավորում տրամադրել փոքր և միջին բիզնեսին, և վերջերս նաև որոշում է կայացվել շինարարական ընկերություններին աջակցելու մասին: Այս ամենը չափազանց քիչ է, խիստ ընտրովի և շատ դանդաղ: Ենթակառուցվածքների զարգացումը և բարեկարգումը արդեն իսկ բյուջեի մշտական հոդված է, և այս ուղղություններից յուրաքանչյուրի համար հասանելիք գումարը փոքր է զգալի արդյունքներ տալու համար: Մյուս խնդիրն այն է, որ այս տնտեսական բանաձևի երկու նոր խոշոր բաղկացուցիչները` ատոմակայանը և Իրան-Հայաստան երկաթգիծը հեռահար խոշոր ծրագրեր են, որոնց իրագործումը, իրականացվելու դեպքում, տարիներ կպահանջի: Ուստի դրանք չեն կարող անմիջական ազդեցություն ունենալ այսօրվա մտահոգիչ իրավիճակի շտկման վրա: Այս համադրումը նշանակում է, որ բոլոր վերը նշված ծրագրերը, լավագույն դեպքում մի փոքր կդանդաղեցնեն անկումը, բայց նոր տնտեսական աճի համար գործնական դեղատոմսեր չեն առաջարկի: Հայաստանի տնտեսական անկման պատճառներից մյուսը ժամանակավրեպ հարկային բարեփոխումների քաղաքականությունն է, որը միտված է արդեն գոյություն ունեցող հարկային ռեսուրսների բացահայտմանն ու մաքսիմալ օգտագործմանը: Իհարկե, բարեփոխումները չպետք է դադարեցվեն ճգնաժամի ընթացքում: Բայց ճգնաժամը հնարավորություն է ընձեռում նախաձեռնելու ավելի համարձակ, հեռահար բարեփոխումներ, որոնք նպատակ կունենան խթանելու տնտեսության աճը, ինչի արդյունքում արդեն հնարավոր կլինի ավելացնել հարկային եկամուտները: Վարչարարական բարեփոխումներն այսօր ուղղված են բյուջեի մուտքերն ապահովելուն, չնպաստելով և նույնիսկ խանգարելով տնտեսության զարգացմանը: Կարելի է արդեն գրանցված, կայացած ձեռնարկություններից հաշվիչ- դրամարկղային կտրոն պահանջել: Կարելի է նաև արդարացնել փոքր ձեռնարկություններում հաշվիչ դրամարկղային մեքենաների տեղադրման պահանջը: Բայց այս ամենը պարտադրելը հիմա, երբ կանխիկի հոսքն արդեն իսկ անհամեմատ նվազել է, նշանակում է բյուջեն լցնելու համար “քամել” կանխիկի վերջին կաթիլը` փոքր բիզնեսի գոյատևման հաշվին: Խոշոր ձեռնարկություններում հարկային մարմինների ներկայացուցիչների տեղակայման նոր նախաձեռնությունը նույնպես հապճեպ և լավ չմտածված որոշում է, որն ակնհայտորեն անարդյունավետ է լինելու: Օրենքի հավասար կիրառումն ապահովելու քաղաքական կամքի բացակայության պայմաններում վերակացու-վերահսկիչների բանակը ոչ մի կերպ չի ավելացնի հարկային մուտքերը: Այլ խոսքերով` եթե մենք ճգնաժամին արձագանքենք կարճաժամկետ խնդիրները լուծելով, բյուջեն լցնելու` այս պահի նպատակն իրականացնելով, մենք կկտրենք այն ճյուղը, որի վրա նստած ենք, և կբացառենք հետագայում տնտեսական աճի հնարավորությունը:Առանձին քննարկման թեմա է նաև օտարերկրյա վարկերի օգտագործման խնդիրը: Այդ միջոցները հաջորդ մի քանի տարիների համար կարող են կազմել մինչև մեկ միլիարդ դոլար: Դրանց արդյունավետ օգտագործումից է մեծապես կախված լինելու տնտեսական մարտահրավերներին դիմակայելու կարողությունը: Սրանք էժան վարկեր չեն, և դրանց առկայությունը էապես մեծացնելու է արտաքին պարտքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում: Վարկային միջոցների ճիշտ օգտագործման, այսինքն` դրանք տնտեսության զարգացմանն ուղղելու դեպքում միայն հնարավոր կլինի խուսափել ճգնաժամի առավել խորացումից: Քաղաքական նպատակահարմարությունից դրդված` վարկերի անարդյունավետ վատնումը կարճաժամկետ խնդիրների լուծման համար անհնար կդարձնի տնտեսության վերականգնումը առաջիկա տարիներին:Մենք չենք կարող վատնել մեր երեք հիմնական ռեսուրսները` փողը, ստեղծագործական մոտեցումը և մարդկային կապիտալը: Լուծումը արտադրողականության բարձրացումն ու փողը դեպի սպառողի գրպանն ուղղելն է, որպեսզի այն ծախսվի` պահանջարկ առաջացնելով և տնտեսությունը խթանելով: Միջոցները պետք է հնարավորինս արդյունավետ ուղղվեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, որոնք իրենց հետ հույս կբերեն, ինչը տնտեսության կայունության կարևորագույն բաղկացուցիչն է”, գրում է Օսկանյանն իր հոդվածում:Խոսելով քայլերի մասին, որոնք կարող են նպաստել տնտեսության աշխուժացմանը, Օսկանյանը մատնանշում է իր կարծիքով մի քանի կարեւոր միջոցառում. “Ծրագրերից մեկը կարելի է ուղղել գյուղական բնակավայրերի տնտեսական իրավիճակի բարելավմանը: Սուբսիդավորումից մինչև զեղջերը և հարկային արտոնությունները կարող են զգալիորեն աշխուժացնել գյուղատնտեսությունը, ինչն անպայման կարտացոլվի տնտեսության վրա: Գյուղատնտեսությունը կազմում է Հայաստանի համախառն ներքին արդյունքի մեկ երրորդը: Մեր բնակչության մեկ երրորդի գոյատևումը կախված է բնության բարիքներից և կառավարության իմաստնությունից: Նույնքան կարևոր է երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծումը թե’ քաղաքներում, թե’ գյուղերում: Շրջակա միջավայրի մաքրման և պահպանության միանվագ, ծավալուն ծրագիրը կարող է մի շարք դիվիդենտներ բերել: Հազարավոր երիտասարդների համար կարելի է ստեղծել մի քանի տարվա աշխատատեղ` երկրի քաղաքներն ու գյուղերը մաքրելու, ճանապարհները, փողոցները, կամուրջներն ու դաշտերը կարգի բերելու, աղբից ազատելու նպատակով: Սա նոր տեսք կպարգևի երկրին, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, երիտասարդներին կկապի իրենց երկրին ու հողին, և որ ամենակարևորն է` կբարձրացնի նրանց գնողունակությունը, ինչն իր ներդրումը կունենա պահանջարկի ստեղծման և տնտեսության խթանման գործում:Սրանք պարզապես օրինակներ են, որոնք վերցված են այլ երկրների հաջողված փորձից: Թե Հայաստանի համար ինչ համարժեք ծրագրեր կարող են իրականացվել, պետք է որոշվի Հայաստանում բաց և խորը քննարկումների արդյունքում: Բայց նման նորարական ծրագրերերի համար անհրաժեշտ են մի շարք համարձակ քայլեր, որոնք կբերեն տնտեսության մեջ հավասար մրցակցային պայմանների ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարում իրական արդյունքների և քաղաքական խնդիրների լուծման:Անհրաժեշտ է գիտակցել, որ ոչ զարգացումը, ոչ տնտեսական աճը բացառապես տնտեսական գործընթացներ չեն: Բաց, ազնիվ և բարդ քննարկումները, որ անհրաժեշտ են նման ճգնաժամերի ընթացքում ռեսուրսները համախմբելու և աջակցություն ստանալու համար, պահանջում են հեղինակություն և լեգիտիմություն, ոչ թե ուժ և իշխանություն: Հայաստանում տնտեսական ռեսուրսների մեծագույն կորուստը քաղաքական և ոչ թե տնտեսական բնույթ ունի: Մեր հասարակությունը բևեռացված է, կառավարողների և կառավարվողների միջև հսկայական ճեղքվածք կա: Քաղաքական ճգնաժամը կարող է մեղմվել մաքուր և արդար քաղաքային ընտրություններով: Նորմալ ընտրություններով ձևավորված քաղաքային իշխանությունը կթուլացնի քաղաքական լարվածությունը և հնարավորություն կտա իշխանություններին գտնելու բանաձև` ձերբակալված քաղաքական գործիչներին ազատ արձակելու համար, քանի որ նրանց անազատության մեջ գտնվելու փաստը լուրջ քաղաքական խնդիր է և խոչնդոտ ամեն տեսակի, ներառյալ` տնտեսական զարգացման համար”, եզրափակում է Վարդան Օսկանյանը:

No comments: