Monday, June 15, 2009

Հայերն ու թուրքերն ունեն համատեղ ապագա, հայտարարել է Դավութօղլուն

Tert.am. 15-6-2009- Հայաստանի հետ երկխոսությունների ընթացքում մենք տեսնում ենք, որ նրանք նույնպես ցանկանում են Կովկասում խաղաղություն և զարգացում հաստատել: Նման հայտարարությամբ Trend News-ին տված հարցազրույցում հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Բացի այդ, նա հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը կարգավորելու համար կարևոր է և հարկավոր է նաև առաջխաղացումներ գրանցել ղարաբաղյան կարգավորման հարցում: «Ես նաև կցանկանայի նշել, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում Հարավային Կովկասով: Նրանք նաև ազդեցություն ունեն թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, ինչը սխալ է: Հայաստանի հետ մեր հարաբերությունները չպետք է անդրադառնան ԱՄՆ-ի հետ մեր կապերի վրա»,- հայտարարել է արտգործնախարարը: Դավութօղլուն չի համաձայնել այն մտքի հետ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ադրբեջան կատարած այցից հետո «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ բանակցությունները կորցրել են իրենց արդիականությունը: «Մենք` Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը և Վրաստանը ունենք համատեղ ապագա», - նշել է թուրք դիվանագետը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ այս ամիս ԱԽ օրակարգում քննարկվելու են տարաբնույթ հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան թեման: «Մենք կցանկանայինք, որպեսզի հայ-ադրբեջանական բանակցություններն արդյունավետ լինեն: Մենք այդ հարցի շուրջ աշխատում ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Վաշինգթոն կատարած այցի շրջանակներում ես այդ հարցը քննարկել եմ ԱՄՆ-ի ղեկավարության հետ և մենք եկել ենք այն եզրահանգման, որ մեր համատեղ խնդիր է հանդիսանում հակամարտության կարգավորմանը նպաստելը»,- իր խոսքը եզրափակել է դիվանագետը:

No comments: