«Ազատություն» 16-6-2009- Երկուշաբթի օրը Թեհրանում մարդիկ են զոհվել բողոքի բազմամարդ ցույցի ժամանակ: Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ` 7 հոգի զոհվել է, երբ չարտոնված ցույցի ժամանակ փորձ է արվել հարձակում գործել ռազմական հենակետի վրա:
Բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են հունիսի 12-ի նախագահական ընտրություններից հետո, երբ հարյուր հազարավոր մարդիկ բողոքի դուրս եկան մայրաքաղաք Թեհրանում` վիճարկելով նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, որոնց համաձայն` գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը վերընտրվել է:Միջազգային հանրությունը արձագանքում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, մասնավորապես, արյունալի դեպքերից հետո իր առաջին հանրային ելույթում ասել է, որ խորապես անհանգստացած է Իրանում կատարված բռնության կապակցությամբ:«Ես խորապես անհանգստացած եմ այն բռնությամբ, որ մենք տեսնում ենք հեռուստացույցով: Կարծում եմ, որ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը եւ հանդուրժողականությունը համընդհանուր արժեքներ են եւ պետք է պահպանվեն», - հայտարարել է Օբաման` հավելելով. - «Կարծում եմ, սխալ կլիներ այժմ լռել այն ամենի մասին, ինչ մենք տեսնում ենք հեռուստատեսությամբ վերջին օրերի ընթացքում: Մարդկանց, ովքեր այնքան հույս, եռանդ եւ լավատեսություն են ներդնում քաղաքական գործընթացում, ես կասեի, որ աշխարհը նայում է նրանց եւ ոգեշնչված է նրանց մասնակցությամբ` անկախ ընտրությունների վերջնական արդյունքներից»: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, մինչդեռ, Իրանում չէ. երեքշաբթի օրը նա մեկնել է Եկատերինբուրգ` մասնակցելու Շանհայան համագործակցության կազմակերպության հավաքին: Ահմադինեջադն պետք է Եկատերինբուրգ մեկներ դեռ նախօրեին, սակայն այցը հետաձգել էր բողոքի ցույցերի պատճառով, որոնք համարվում են ամենազանգվածային հակակառավարական ցույցերը Իրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո:Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների խորհուրդը երեքշաբթի օրը հայտարարել է, որ պատրաստ է նախագահական ընտրությունների քվեների վերահաշվարկ կատարել: Պահապանների Խորհուրդը հնարավոր է համարել, որ վերահաշվարկը փոփոխություն մտցնի թեկնածուների արդյունքներում: Նախագահական ընտրություններում Ահմադինեջադի հիմնական մրցակից Միր-Հոսեյն Մուսավին դիմել է Պահապանների խորհրդին ընտրությունները չեղյալ համարելու համար, սակայն ասել է նաեւ, որ լավատես չէ Խորհրդի ակնկալվող որոշման առնչությամբ:
Տաթեւիկ Լազարյան
Tuesday, June 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment