ՋԱՎԱԽՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՇԽԵԼ ՎԱԽԻ, ՀԱԼԱԾԱՆՔԻ ԵՎ ՈՐՈՇ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ, ՄԻՆՉԴԵՌ ՊԵՏՔ Է ՄԻԱՎՈՐՎԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հարցազրույց «Երկիր» միության խորհրդի նախագահ Սեւակ Արծրունու հետ
«ԱԶԳ», 16-06-2009- 2009-ի ապրիլի 7-ին ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի նկատմամբ սահմանված դատավճռից անցել է շուրջ երկու ամիս: Այդ ընթացքում Ֆրանսիայի հայ համայնքը երկու ցույց է կազմակերպել ի պաշտպանություն Վահագն Չախալյանի, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են երկրում Վրաստանի դեսպանի հետ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա (FIDH) հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել Վահագն Չախալյանի դատավարությունը դատապարտող հայտարարությամբ:
- Ինչպե՞ս են արձագանքում այս գործընթացներին վրացական իշխանությունները:
- Վահագն Չախալյանի գործը ջավախահայության իրավունքների պաշտպանության խնդրի մի մասն է, քանի որ նա բանտում է իրավունքների պաշտպանությանն ուղղված իր գործունեության պատճառով: Իրավիճակը, սակայն, առավել ընդգրկուն կերպով գնահատելու համար փորձենք դիտարկել Վահագն Չախալյանի եւ ջավախահայության իրավունքների պաշտպանության գործընթացները առանձին-առանձին:
Վահագն Չախալյանի դատավճռից հետո այս երկու ամիսներին ֆիքսվել են մի շարք իրողություններ: Առաջինը. վրացական իշխանությունները, Չախալյանի նկատմամբ սահմանված խիստ պատժով` 10 տարի ազատազրկում, թերեւս, հույսեր էին փայփայում, որ ջավախահայ ակտիվիստը վհատվելու է, կորցնելու է պայքարելու իր վճռականությունը: Սակայն տեղի ունեցավ հակառակը: Վահագն Չախալյանին իր նկատմամբ ընդունված այդ անարդար դատավճիռն էլ ավելի ուժ եւ վճռականություն հաղորդեց: Նա մերժել է ստորագրել իրեն առաջարկված ներման խնդրագիրը, համբերությամբ դիմակայում է բանտում գործադրվող ճնշումներին:
Երկրորդը. ներկայումս հետեւողական աշխատանք է տարվում Վահագն Չախալյանի խնդիրը նաեւ վրացական ներքին հասարակական քննարկումների դաշտ տեղափոխելու համար: Չախալյանի գործում ընդգրկվել է նոր փաստաբան` Նինո Անդրիաշվիլին, որին Վահագնը խնդիր է տվել աշխատել տեղական` վրացական ԶԼՄ-ների, իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կառույցների հետ իր նկատմամբ շինծու մեղադրանքների, գործի քննության ընթացքում արձանագրված խայտառակ իրավախախտումների ներկայացման ուղղությամբ:
Երրորդը. «Երկիր» միությունը շարունակում է հետեւողական աշխատանք տանել սփյուռքյան համայնքների եւ միջազգային իրավապաշտպան կառույցների հետ Վահագն Չախալյանի աջակցության ճակատը ընդլայնելու ուղղությամբ: Հուսով ենք, արդյունքները երկար սպասել չեն տալու:
Մի բան պետք է պարզ լինի. վրացական իշխանությունների` Չախալյանի գործում առերեւույթ անզիջող դիրքորոշումը արդյունք է ոչ թե նրանց ուժի, այլ` թուլության: Նրանք 2008-ի հուլիսի 21-ին Վահագն Չախալյանի ձերբակալման իրենց ընդունած սխալ որոշման պատանդն են: Փոխանակ շտկելու այդ որոշումը, վրացական իշխանությունները դրան գումարում են նորանոր սխալներ` գնալով ավելի ու ավելի խրվելով, խայտառակ եւ նորանոր հարվածներ ստանալով:
Սակայն այն, ինչ չի հաջողվում Վահագն Չախալյանի պարագայում, վրացական իշխանություններին, կարծես թե, հաջողվում է Ջավախքում: Այնտեղ այսօր շարունակում է իշխել վախի, հալածանքի եւ որոշ պաշտոնյաների անպատժելիության մթնոլորտը, որը տիրում էր անցած տարվա հուլիսին, երբ տեղի ունեցան հայտնի ձերբակալությունները: Վրացական իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում իրերի այս վիճակը պահպանելու համար:
- Ինչո՞վ է, ըստ ձեզ, պայմանավորված վրացական իշխանությունների նման պահվածքը:
- Դրա պատճառները բազմաթիվ են, սակայն պետք է առանձնացնել հիմնական երկուսը: Առաջինը, Սաակաշվիլու վարչակազմին թվում է, թե Հայաստանի ապրանքափոխանակության համար ճանապարհ տրամադրելու լծակը բավական է, որպեսզի հայությունը հրաժարվի Ջավախքի իր եղբայրների ճակատագրից: Սրանով, փաստորեն, Վրաստանի իշխանությունները մեր փոխարեն որոշում են մեր ազգային խնդիրների առաջնահերթությունը: Սա իրենց կողմից թյուրըմբռնում է: Հայությունն այլեւս ժողովրդագրական եւ տարածքային նահանջի հնարավորություն չունի:
Երկրորդ եւ թերեւս առավել կարեւոր պատճառն այն է, որ Վրաստանի իշխանությունները եւ հատուկ ծառայությունները մեծ դյուրությամբ կարողանում են խաղարկել ջավախահայության անմիաբանությունը` ընդհանուր նպատակի համար ընդհանուր ճակատով հանդես գալու եւ, կարեւորը, հետեւողական պայքար մղելու նրանց անկարողությունը: Սակայն ես լիահույս եմ, որ սա եւս ժամանակավոր եւրեւույթ է, որը ե՛ւս կշտկվի:
- Բայց չե՞ք կարծում, որ Վրաստանի նման կեցվածքը ունի նաեւ աշխարհաքաղաքական հիմքեր:
- Բացարձակապես` ոչ, դա առասպել է: Վրաստանն այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական ծանր վիճակում: Որպես իր անհեռատես քաղաքականության անմիջական արդյունք` Վրաստանը կորցրել է իր տարածքի որոշակի մասը: Ավելին, Վրաստանում ստեղծված աշխարհաքաղաքական ճեղքվածքը հետզհետե պառակտում է հասարակությանը, իսկ միջազգային հասարակական կարծիքը, որն ընդամենը մեկուկես-երկու տարի առաջ Վրաստանին ընկալում էր որպես տարածաշրջանում «ժողովրդավարության ջահակրի», այսօր հետզհետե ավելի բարձր է իր մտահոգությունն արտահայտում Սաակաշվիլու վարչակազմի` իշխանությունը պահելու տրամաբանությունից թելադրված ղեկավարման ավտորիտար ոճի եւ դրանից բխող մարդու իրավունքների աղաղակող խախտումների փաստերի առնչությամբ:
Վրաստանը միջազգային քաղաքական թատերաբեմում մեկուսացված է, հետզհետե կորցնում է աշխարհաքաղաքական գործչի իր դերը, վերածվելով աշխարհաքաղաքական գործիքի: Իշխանությանը կառչած վարչակազմն այլեւս ներքին ուժ չունի, նրան միայն մնում է տարբեր ուժերի կենտրոնների հլու-հնազանդ կամքը կատարելու միջոցով զսպել վրացական ընդդիմության եւ ժողովրդի ըմբոստությունը: Նման բարդ քաղաքական իրավիճակում հայտնված Վրաստանը որեւէ ռեսուրս չունի դիմակայելու իր արդար իրավունքների համար պայքարող ջավախահայությանը:
- Արդեն բավականին երկար ժամանակ «Երկիր» միությունը ահազանգում է ջավախահայության խնդիրների մասին: Արդյոք դա բավարար ազդակ չէ՞ հայությանը նշված խնդրում համապատասխան կազմակերպվածություն ձեռք բերելու համար:
- Միջազգային համապատասխան կառույցների հետ համագործակցությամբ եւ սփյուռքյան որոշ համայնքների օժանդակությամբ ընդամենը երեք տարում մեզ հաջողվեց ստեղծել մարդու եւ ազգային փոքրամասնությունների պաշտպանության միջազգային օրենսդրական դաշտին հարիր ջավախահայության դատի պաշտպանության համահայկական հայեցակարգի բոլոր բաղադրիչները: Սակայն, ջավախահայության իրավունքների գլխավոր կրողը, բնականաբար, հենց ջավախահայությունն է եւ իրեն ներկայացնող ու իր անունից խոսող քաղաքական կառույցը: Դժբախտաբար, նման կառույց այսօր գոյություն չունի: Դա, բնականաբար, չի կարող չթուլացնել այս խնդրի շուրջը ձեւավորվող համահայկական ճակատը:
Ուզում եմ հավատալ, որ ի վերջո կհաջողվի Ջավախքում եւ Հայաստանում ձեւավորել մի քաղաքական միավոր, որը ջավախահայության իրավունքների կրողը դառնալով կկարողանա Վրաստանի իշխանությունների, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի առջեւ հանդես գալ քաղաքական հստակ եւ միահամուռ դիրքորոշմամբ, արմատացած, կենտրոնացած մեկ նպատակի շուրջը, որն է` միջազգային նորմերին համապատասխան ջավախահայության լեզվակրթական, մշակութային, կրոնական, սոցիալ-տնտեսական եւ այլ իրավունքների իրականացումը:
Այնքան ժամանակ, որ ջավախահայությունն իր մեջ ուժ չի գտնի այս պայքարի շուրջը համախմբվելու, «Երկիր» միության կամ որեւէ այլ կազմակերպչական միավորի իրականացվող քայլերը լինելու են ոչ լիարժեք:
- Շուտով Հայաստան է ժամանելու Վրաստանի նախագահը: Այդ առիթով անընդհատ շեշտվում է հայ-վրացական բարեկամության գաղափարը, որ ավելի շուտ կենացներ է հիշեցնում: Ինչքանո՞վ է այդ «բարեկամությունն» արտացոլված իրական քայլերում:
- Հայաստանի եւ Վրաստանի աշխարհաքաղաքական շահերը կհամընկնեն, եթե Վրաստանը ցանկանա: Սաակաշվիլու թուրքամետ աշխարհաքաղաքական մոտեցումները, դժբախտաբար, հայ-վրացական հարաբերությունները ամփոփում են ճանապարհի շուրջն առեւտուր անելու հարաբերությունների շրջանակում: Այդ տեսանկյունից նայելով, ջավախահայության գոյության փաստն ինքնին վտանգ է ներկայացնում Վրաստանի շահերի համար, որվհետեւ ջավախահայության զբաղեցրած աշխարհագրական դիրքը պարունակում է ճանապարհ խնդրողի կարգավիճակից Հայաստանին ազատելու ներուժը:
Հարաբերությունների նման ձեւաչափը, կրկնում եմ, Վրաստանն է ստեղծել: Հայ-վրացական «բարեկամության» մասին ճառերը հիմնազուրկ ու դատարկ են, որովհետեւ Վրաստանը Հայաստանին վերաբերվում է ամենանյութապաշտ եւ շահագործող մոնոպոլիստի դիրքերից: Հայկական կողմը չի կարող դա քաջ չգիտակցել:
- Ինչպե՞ս եք պատկերացնում ջավախքահայության իրավունքների համար պայքարի ապագան:
- Երրորդ հազարամյակում պետական սահմանները կորցրել եւ շարունակում են կորցնել իրենց երբեմնի նշանակությունը: Լինելով Վրաստանի քաղաքական տարածքում, սակայն բնակեցված հայերով եւ պատմականորեն հայկական բարձրավանդակի մաս կազմելով, Ջավախքը կմնա հայկական այնքան ժամանակ, ինչքան այնտեղ բնակվում է հայությունը:
Վրաստանը որպես ժամանակակից պետություն, ստիպված է հաշվի նստել այս փաստի հետ: Համոզված եմ, Ջավախքի ապագան կախված է ոչ թե Վրաստանի կամ Հայաստանի իշխանություններից, այլ հենց ջավախահայությունից:
Ջավախահայությունը հարկադրված է միավորվել իր իրավունքների համար պայքարում: Հատվածապաշտությունը, ծառայամոլությունը, պատեհապաշտությունը աններելի են: Հրամայականը պարզ է. Ջավախքի հասարակական-քաղաքական բոլոր գործիչները պետք է համախմբվեն եկեղեցու եւ հայերեն լեզվի կարգավիճակի, Ջավախքում հայկական համալսարանի ստեղծման եւ քաղաքական հալածանքների դադարեցման համար սկսված պայքարի շուրջը:
Վրացահայությունը հարկավոր են միջազգային օրենքներին գիտակից, արհեստավարժ, քաղաքական փորձի տեր առաջնորդներ, որոնք կարող կլինեն ամենուրեք` Ախալքալաքում, Թբիլիսիում, Երեւանում, Ստրասբուրգում եւ Վաշինգտոնում ներկայացնել եւ ապացուցել իրենց իրավունքների անշրջանցելիությունը: Ջավախահայության` իր իրավունքների համար պայքարի իրավատիրոջ ի հայտ գալու ժամանակն է:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
No comments:
Post a Comment