Lragir-15-6-2009- Թերեւս կարելի է համարել, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հավանականությունը զգալիորեն մեծացել է, ինչի պատճառը Իրանի նախագահի ընտրությունն է: Բանն այն է, որ այդ ընտրությունը փաստացի ունեցավ աննախադեպ զարգացում Իրանի համար: Պարտված, այսինքն պաշտոնապես պարտված թեկնածու Մուսավին եւ նրա կողմնակիցները չընդունեցին նախագահի ընտրությանը գործող նախագահ Ահմադինեժադի պաշտոնական հաղթանակը, հայտարարելով, թե եղել են մեծ թվով կեղծիքներ, եւ իրականում հաղթանակը իրենցն է: Տեղի ունեցան նույնիսկ բողոքի ցույցեր, ձերբակալվեցին Մուսավիի կողմնակիցներ: Տեղի ունեցածն Իրանի համար թերեւս աննախադեպ է հենց այդքանով: Փաստացի, առաջին անգամ Իրանի նախագահն ունենալու է լեգիտիմության խնդիր: Դե, իսկ այդ խնդիրը լուծելու տարբերակներից մեկը նա կհամարի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը: Խնդիրն այն է, որ այդ երկաթուղին հանդիսանում էր Հայաստանի իշխանության լեգիտիմության բանալիներից մեկը: Սերժ Սարգսյանն ակնհայտորեն փորձում է այդ նախագծի մասին խոսելով հասարակության մոտ համակրանք առաջացնել իր նախագահության հանդեպ: Հիմա, եթե լեգիտիմության խնդիր ունի ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաեւ Ահմադինեժադը, ապա նա էլ կարող է իրանական հասարակության մոտ իր լեգիտիմության խնդիրը լուծելու նպատակով հայտարարել Իրան-Հայաստանն անպայման կառուցելու մասին, եւ երկաթուղին հաստատ կկառուցվի` ի նշան կամ ի հիշատակ ընտրություններում տարած նրանց` Սարգսյանի եւ Ահմադինեժադի “հաղթանակի”: Գուցե Իրանի ժողովրդի համար այդ երկաթուղին չունի այն նշանակությունը, ինչ ունի Հայաստանի համար: Բայց դա թվացյալ է: Իրականում Իրանի ժողովրդի համար Իրան-Հայաստան երկաթուղին ունի շատ ավելի մեծ նշանակություն, քան հայ ժողովրդի համար: Բանն այն է, որ Հայաստանն իրանցիների համար ազատության, աշխարհիկության մատչելի կղզյակ է: Հայաստանի վրա նրանք լիցքաթափվում են ազատորեն, ազատ գալիս են Հայաստան աշխարհիկ հաճույքներից օգտվելու, գալիս են այստեղ իրենց երկրներում արգելված ծագումով իրանցի, բայց արտասահմանում գործող աստղերի համերգներ լսելու: Իրան-Հայաստան երկաթուղին շատ ավելի կդյուրինացնի գալ-գնալը իրանցիների համար: Իսկ եթե նրանք հանգիստ գան ու գնան Հայաստան, ապա այլեւս նրանց քիչ կհետաքրքրի, թե ով է Իրանում նախագահում: Այնպես որ, եթե Ահմադինեժադը ճիշտ ընկալի պահը, ապա որքան հնարավոր է արագ կփորձի կառուցել Իրան-Հայաստան երկաթուղին եւ կլուծի առաջացած լեգիտիմության խնդիրը: Թեեւ անկասկած է նաեւ, որ ինչքան մեծանում է լեգիտիմության դեֆիցիտի պատճառով հայ-իրանական երկաթուղին արագ կառուցելու հավանականությունը, այդքան մեծանալու է նաեւ դրա հանդեպ դիմադրությունը: Բանն այն է, որ լեգիտիմության պակասը հենց այնպես չի լինում կամ դատարկ տեղը չի առաջանում: Հետեւաբար լեգիտիմության պակասն ինչ որ մեկին ինչ որ բանի համար պետք է: Եւ թերեւս պատահական չէ, որ Իրանում հենց այժմ առաջացավ նախագահի լեգիտիմության խնդիր, երբ աշխարհաքաղաքական գործընթացը որոշակի նոր մոտեցումների կիրառման պրակտիկա է որդեգրում: Իրանի նախագահ Ահմադինեժադը մի տեսակ դժկամությամբ էր արձագանքում ԱՄՆ նախագահ Օբամայի ուղերձներին: Գաղտնիք չէ, որ կան կառավարիչներ, որոնք “գենետիկորեն” անհամատեղելի են նոր մոտեցումների հետ: Հետեւաբար նրանց այդ մոտեցումները կարելի է պարտադրել միայն անկյուն քշելով, այսինքն լեգիտիմության խնդիր պարտադրելով: Իսկ այդ կառավարիչները բավականաչափ հասունություն սովորաբար չեն ունենում, որպեսզի խուսափեն լեգիտիմության խնդրից: Եթե այդ հասունությունն ունենային, ապա նոր մոտեցումներին կամավոր կգնային ընդառաջ, այդպիսով չհայտնվելով անելանելիության ծուղակում: Դրա վառ վկայությունը Հայաստանի կառավարիչների ներկայիս վիճակն է:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Monday, June 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment