Tuesday, June 16, 2009

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼ

«Ջերուսալեմ փոստ» թերթի հունիսի 1-ի համարից ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում անկախ գիտաշխատող Ալեքսանդր Մուրինսոնը քննարկում է ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ակտիվացման նոր փուլը: Մուրինսոնի «Թուրքիայի բարեկամական հարաբերությունները Իսրայելի եւ Ադրբեջանի հետ: Պետական ինքնությունն ու անվտանգությունը Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում» վերնագրով գիրքը «Ռութլեջ» հրատարակչատունը հրատարակելու է այս տարվա սեպտեմբերին: Իսրայելը մեծ ջանասիրությամբ փորձում է բարեկամական սերտ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի եւ հետխորհրդային տարածքի մյուս մահմեդական պետությունների, օրինակ, Ղազախստանի հետ: Մայիսի 6-ին Պրահայում Իլհամ Ալիեւի եւ Իսրայելի նորանշանակ արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Բաքու այցելի հունիսի վերջերին, դեպի ԱՊՀ-ի մահմեդական երկրներ իր ուղեւորությունների շրջանակներում: Բաքվում «ամենաբարձր մակարդակի ընդունելություն» է նախապատրաստվում: Հաշվի առնելով իրանյան վարչակազմի (որ միջուկային զենքին տիրանալով սպառնալիք է առաջացնում) եւ Իսրայելի միջեւ ստեղծված լարվածությունը, այս այցելությունը փաստորեն վերահաստատում է երկու երկրների (Ադրբեջանի եւ Իսրայելի) միջեւ գոյություն ունեցող ռազմավարական համագործակցությունը: Դիվանագիտական հարաբերություններ հաստատվել էին 1992-ին Ադրբեջանի անկախությունից անմիջապես հետո: 1997-ին վարչապետ Բենջիամին Նաթանյահուն աշխատանքային այցով Բաքու էր ժամանել Չինաստանից վերադարձին: Դիվանագիտական նոր փուլ նախաձեռնողը Լիբերմանն է, որ Մոլդովայից է արտագաղթել Իսրայել եւ որպես ռազմավարական գործերի նախարար 2006-2008 թվերից որդեգրել է Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի նորանկախ երկրների հետ հարաբերությունները սերտացնելու քաղաքականությունը: Նա հատուկ ուշադրություն է դարձնում Ադրբեջանին որպես Կասպից ծովում մարտավարական դիրք ունեցող երկրի: նա Ադրբեջան է այցելել 2007-ի օգոստոսին: Սերտ հարաբերությունների հիմնաքարը, անշուշտ, էներգիայի մատակարարման անվտանգությունն ու ապահովումն է: Ներկայումս Ադրբեջանը մատակարարում է իսրայելական նավթի 20 տոկոսը: 2008-ին այդ ներմուծումները հասել են 3,5 միլիարդ դոլարի: Ծրագրվում է նաեւ բնական գազ հասցնել Հայֆա` Թուրքիայի տարածքով: Բայց կա նաեւ երկկողմ հետաքրքրություն եւ պատրաստակամությունՙ ընդարձակելու համագործակցությունն ու ընդգրկելու նաեւ գյուղատնտեսության, բժշկական հետազոտությունների եւ տեխնոլոգիայի բնագավառները: Այդ աշխատանքներում բավական մեծ ջանքեր է գործադրել Ադրբեջանում Իսրայելի դեսպան Արթուր Լենքը, որը 2005-ից գտնվում է Բաքվում եւ ավարտում է պաշտոնավարությունը հուլիսին: Հիշեցման կարգով պետք է նշենք, որ 2008-ի մայիսին Բաքվում տեղի ունեցավ իսրայելա-ադրբեջանական գործարարների ֆորումը, որին մասնակցեց Իսրայելի գյուղատնտեսության նախարար Շալոմ Սիմհոնը: Այս տարվա մայիսի 18-ին Թել Ավիվում կայացած ֆորումին մասնակցեցին Ադրբեջանից ավելի քան 20 ընկերություններ եւ տնտեսական զարգացման նախարարության պաշտոնյաներ: Ֆորումի գլխավոր հաջողությունը համագործակցության պայմանագրի ստորագրումն էր Իսրայելի Արտահանման ինստիտուտի եւ Ադրբեջանի Արտահանման եւ ներդրումների խրախուսման հիմնադրամի («Ազպրոմո») միջեւ: Սա փոխադարձ առեւտրական գործունեություն ծավալելու եւ ներդրումներ կատարելու պայմանագիր էր, որի շրջանակներում 2009-ին Իսրայելում կայանալիք միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին մասնակցելու է ադրբեջանական պատվիրակությունը գյուղատնտեսության փոխնախարար Իլհամ Գուլիեւի գլխավորությամբ: Ադրբեջանը 2008-ի սեպտեմբերի վերջերին համաձայնեց ռազմական ծանր հրանոթներ գնել Իսրայելից, տրամադրելով դրա համար հարյուրավոր միլիոնների հասնող դոլարներ: Դա առաջին հրապարակային խոստովանությունն էր հետզհետե աճող ռազմավարական հարաբերությունների, որոնք շատ վաղուց էին սկսվել` Ադրբեջանի անկախության առաջին տարիներից: Սերտ, բարեկամական հարաբերություններ հաստատելու Իսրայելի մոտեցումը պայմանավորված էր տարածքների մոտիկությամբ: Կայունությունը Կովկասում լրջորեն անդրադառնալու էր Մերձավոր Արեւելքի կայունության վրա, իսկ Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի մահմեդական ազգաբնակչությունը կարող էր իր դերակատարությունն ունենալ այդ գործում: Կասպիական տարածքը նաեւ պարարտ հող կարող էր դառնալ ծայրահեղական մահմեդականության եւ միջուկային սպառազինությունների տարածման համար, այնպես որ անհրաժեշտ էր այդ երկրների էլիտար եւ աշխարհիկ խավերի հետ զարգացնել հարաբերությունները: Կար նաեւ, անշուշտ, տարածաշրջանի ընդերքի հարստության գործոնը, որն այդ համագործակցությունը դարձնում էր առավել գրավիչ: Օբամայի վարչակազմը հավանաբար ճիշտ կվարվի եւ կօգտագործի Նաթանյահուի կառավարությանը որպես միջնորդի իր եվրասիական եւ հարավկովկասյան ռազմավարական քաղաքականության շրջանակներում: Ակնկալվում է, որ Լիբերմանի օրոք Իսրայելի ազդեցությունը նախկին խորհրդային հանրապետությունների, եւ ինչու չէ, նաեւ Ռուսաստանի Դաշնության վրա, գնալով աճելու է: Լիբերմանը` ժամանակին որպես ռազմավարական գործերի նախարար կարողացել էր այդ հանրապետություններում պաշտոնական եւ ոչ պաշտոնական ծանոթությունների հսկայական համացանց կառուցել: Պերեսի Ադրբեջան այցելությունն արդեն իսկ մտահոգություն է առաջացրել Իրանում: Մայիսի 21-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել էին, որ Իրանի կառավարության աշխատակազմի ղեկավար Հասան Ֆիրուդաբադին սպառնացել է Ադրբեջանին, ասելով որ Իսրայելի նախագահի այցելությունը «սխալ քայլ» կլիներ: «Շիմոն Պերեսի այցելությունը բարեկամական քայլ չի կարող համարվել Իրանի հետ Ադրբեջանի հարաբերություններում», ավելացրել էր նա: «ԱԶԳ», 16-06-2009

No comments: