Tuesday, September 22, 2009

Թուրքիայի վարչապետը Նյու Յորքում հանդիպել է հրեական հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

News.am.22-9-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 21-ին ժամանել է Նյու Յորք, որտեղ արդեն հանդիպել է հրեական հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորք է մեկնել մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանին եւ G-20 երկրների գագաթնաժողովին։ Էրդողանը Նյու Յորքի The Plaza հյուրանոցում հանդիպել է ամերիկյան հայտնի հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ այդ թվում «Միություն ընդդեմ զրպարտության» (Anti-Defamation League-ADL) նախագահ Աբրահամ Ֆոքսմանին հետ։ Ստացված տեղեկությունների համաձայն, Էրդողանը հանդիպման ժամանակ կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ անհրաժեշտ համարել, որ Մինսկի խումբը ավելի շատ ջանքեր գործադրի այդ հարաբերությունների զարգացման համար։ Քննարկվել են նաեւ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների հետ կապված խնդիրներ։ Էրդողանը շնորհավորել է հրեաներին՝ իրենց նոր տարվա կապակցությամբ։ Հայտնի է դարձել, որ միեւնույն ժամանակ Նյու Յորք մեկնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի առաջին հանդիպումը եղել է ներկայումս Եվրամիությունում նախագահող Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտի հետ, ապա Դավութօղլուն հանդիպել է առաջիկայում Եվրամիության նախագահությունը ստանձնող Իսպանիայի արտգործնախարար Միգել Անգել Մորատինոսի հետ։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Նյու Յորք են ժամանել Էրդողանի կինը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, պետնախարար Ալի Բաբաջանը, պետնախարար եւ Եվրամիության հետ գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը եւ խորհրդարանի որոշ պատգամավորներ։ NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպած ԱՄՆ-ի հրեական «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպությունը՝ ի դեմս Աբրահամ Ֆոքսմանի, 2007թ.-ի օգոստոսի 20-ին ճանաչել են առաջին համաշխարհայինի ժամանակ կատարված իրադարձությունները, որպես հայերի հանդեպ կատարված ցեղասպանություն։ 2007թ.-ի օգոստոսի 22-ին այս կազմակերպության հայտարարությանն է միացել մեկ այլ հայտնի հրեական կազմակերպություն՝ «Ամերիկյան հրեական կազմակերպությունը»(AJC): Սակայն նրանք հայտնել էին, որ իրենք չեն աջակցելու ԱՄՆ կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանության օրինագծին, քանի որ դա չի օգնի հայերի եւ թուրքերի հաշտեցմանը։

No comments: