Tuesday, September 22, 2009

Խոջալուի դեպքերում մեղավոր է ադրբեջանական կողմը. հայ քաղաքագետ

Tert.am – 22-9- 2009- Թուրքիայում գործող «Անհիմն հայկական փաստերի դեմ պայքարի» հասարակական կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը Խոջալուում «ցեղասպանության» կազմակերպման մեղադրանքով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հայց է ներկայացրել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այդ հարցը մեկնաբանել է հայ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նրա խոսքով` հայկական կողմը ևս պետք է բարձրացնի այդ հարցը և պատասխան հայց ներկայացնի ադրբեջանական կողմին: Նա նաև հավելել է, որ այդ թեմայով շատ նյութեր կան, որոնք ապացուցում են, որ այսպես կոչված «ցեղասպանությունը» իրականացրել է ոչ հայկական կողմը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Խոջալուի դեպքերը չի կարելի որպես «ցեղասպանություն» որակել, քանի որ այդ ժամանակաշրջանում երկու կողմերը գտնվել են պատերազմական վիճակում: «Այդ վանդալիզմը իրագործել է ադրբեջանական կողմը»,- նշել է Մանասյանը: Շարունակելով թեման` քաղաքագետը հավելել է, որ Հայաստանը թույլ է տեղեկատվական պայքարի հարցերում: «Մեղադրանքը թույլ է տալիս խոսել նրա մասին, թե ինչքանով ենք մենք թույլ տեղեկատվական դաշտում»,- նշել է քաղաքագետը: Ըստ վերջինիս` մեղավորության մեղքի մի մասն ընկած է լրագրողների վրա, ովքեր ձգտում են սենսացիաների: Հայաստանի թուլության պատճառը Մանասյանը նաև տեսնում է պետական պաշտոնական դիրքորոշման բացակայության մեջ: Որպես Խոջալուի դեպքերում ադրբեջանական կողմի անառարկելի մեղավորություն` քաղաքագետը մեջբերել է Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի խոսքերը, ով Независимая газета թերթին տված հարցազրույցում գրեթե խոստոնավել է ադրբեջանցիների մեղքը: Մեջբերելով ադրբեջանցի նախագահի խոսքերը` Մանասյանը նշել է, որ Խոջալուի դեպքերում մեղավոր են այն ուժերը, որոնք շահագրգռված էին պետության ղեկավարի հրաժարականի մեջ: Խոսելով այդ ուժերի մասին` քաղաքագետը մատնանշել է «Ազգային ճակատը»: Մանասյանի խոսքերով` այդ գործում զգացվում է թուրքական հետքը, քանի որ Մութալիբովը հայտնի է որպես գործիչ, ով փորձում էր բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Իհարկե, այդ քայլը համաձայնեցվել էր Բաքվի և Անակարայի միջև»,- եզրափակել է քաղաքագետը:

No comments: