Wednesday, September 23, 2009

Հայ - թուրքական արձանագրությունները համարվելու են միջազգային պայմանագրեր, որոնք պարտադիր են կատարման համար

/PanARMENIAN.Net/ 22.09.2009 - «Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումն այն տեսքով, որն առկա է հիմա, Հայաստանի համար կունենա բացասական հետեւանքներ, քանի որ ինչ էլ որ մեզ չասեն ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանի ղեկավարությունը, միեւնույնն է, այդ արձանագրությունները ընկալվելու են որպես միջազգային պայմանագիր», - այս մասին ասյօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի արձանագրություններն իրենց մեջ ներառում են պայմանագրային կետեր, որոնք ստորագրումից հետո պարտադիր են կատարման համար: Այս մասին են վկայում թուրք պաշտոնյաների հայտարարությունները: Նա նաեւ նշեց, որ հարկ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությանը, որտեղ նա խոսում է արցախյան հիմնախնդրի լուծման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի անհաջողությունների մասին եւ առաջարկում է Թուրքիայի ծառայությունները, որպեսզի այս գործընթացն ավելի արդյունավետ դառնա: «Այս ամենը վկայում է այն մասին, որ Թուրքիան ստորագրելով այս արձանագրությունները պատրաստվում է անմիջականորեն մասնակցել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին», - հստակեցրեց Հովհաննիսյանը: Նա նաեւ հավելեց, որ արձանագրությունների ստորագրումով թշնամանքը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չի պակասի, այլ ընդհակառակը, քանի որ այս փաստաթղթերում կան բազմաթիվ հակահայկական կետեր, որոնք ենթակա են կատարմանը: «Արձանագրությունների ստորագրումով Թուրքիայի կողմից ճնշման գործադրումը եւ թշնամական քաղաքականության վարումը շարունակվելու է, քանի որ Հայաստանն իր վրա է վերցնում պարտավորություններ, որոնք մտավախություն են առաջացնում», - նշեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարը: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավոր է արդյոք Դաշնակցություն եւ «Ժառանգություն» կուսակցությունների միջեւ համագործակցությունը, քանի որ այդ կուսակցության հիմնադիրը մասնակցել է Դաշնակցության կողմից կազմակերպված ստորագրահավաքին, Հովհաննիսյանն ասաց, որ վերընշված կուսակցությունների միջեւ համագործակցություն անպայման լինելու է, ընդ որում` բավականին սերտ: Լրագրողների հաջորդ հարցին ի պատասխան, թե ՀՅԴ-ն իրեն ընդդիմություն է համարում միայն հայ - թւորքական հարաբերությունների հարցում, թե՞ այլ ոլորտներում եւս, Վահան Հովհաննիսյանն ասաց, որ կան բազմաթիվ այլ հարցեր, որոնց լուծման հետ Դաշնակցությունը համաձայն չէ: «Բայց այսօրվա դրությամբ հեռանկարային է հանդիսանում հայ - թուրքական հարաբերությունների հարցը, ինչից էլ ելնելով այդ հարցին ավելի մեծ ուշադրություն է դարձվում»:

No comments: