Monday, October 19, 2009

Աբդուլահ Գյուլը կոչ է արել Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին՝ իջնել լեռներից

News.am.19-10-2009- Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը կոչ է արել Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ ահաբեկչության մեջ մեղադրվող անդամներին՝ իջնել լեռներից եւ միանալ իրենց ընտանիքներին՝ նշելով, որ թուրքական կառավարությունը վերջերս ներում է հայտարարել զղջացողների համար, գրում է թուրքական Zaman թերթը: Գյուլը հանդես է եկել TRT-ի եթերում՝ քրդական հարցի վերաբերյալ ասելով. «Հուսով եմ, որ այդ հարցն իր լուծումը կստանա առանց արյունահեղության: Գոյություն ունի օրենք նրանց մասին, ովքեր իջնում են լեռներից տուն: Նրանք կարող են անմիջապես միանալ իրենց ընտանիքներին: PKK-ի ավելի ու ավելի շատ անդամներ են օգտվում այդ օրենքից: Հուսով եմ՝ նրանց օրինակին կհետեւեն բոլորը, քանի որ որեւէ երկիր չի կարող հանդուժել ահաբեկչությունը: Այդ հարցի լուծման վրա աշխատել են կառավարության բազմաթիվ կառույցներ, եւ այդ անտեսանելի աշխատանքը շատ կարեւոր է»: Նշենք, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 220 հոդվածը, որը հայտնի է որպես «ակտիվ զղջման մասին օրենք», ներողամտություն է ցուցաբերում բոլոր այն ահաբեկիչների նկատմամբ, ովքեր չեն մասնակցել իրավապահների հետ մարտերին կամ Թուրքիայի դեմ այլ ահաբեկչական գործողությունների: Բացի այդ, Գյուլը նաեւ առաջարկել է ընդդիմությանը մասնակից դարձնել երկրի ազգային անվտանգության խորհրդի քննարկումներին՝ ընդգծելով ընդդիմության կարծիքի կարեւորությունը:

No comments: