«Լրագիր» 16-10-2009- Մինչեւ տարեվերջ կկայանա Ֆուտբոլի 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Դրա արդյունքը ունի ոչ միայն ֆուտբոլային, այլ նաեւ քաղաքական կարեւոր նշանակություն, որովհետեւ դրանից կերեւա, թե ինչ ապագա է սպասվում հայ-թուրքական հարաբերությանը: Բանն այն է, որ ամեն ինչ պարզելու է եվրոպական ընտրական խմբերի ձեւավորումը: Եթե Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները կրկին հայտնվեն միեւնույն խմբում, ապա թերեւս կարելի է վստահ լինել, որ հայ-թուրքական գործընթացը դեռ շարունակվելու է առնվազն երկու տարի եւ կարիք կա ֆուտբոլային հանդիպումների միջոցով ստեղծել հայ-թուրքական բարձր մակարդակի հանդիպումների առիթ: Այսինքն, հայ-թուրքական սահմանը չի բացվելու առնվազն մինչեւ 2011 թվականի վերջ, եթե Հայաստանն ու Թուրքիան կրկին հայտնվեն միեւնույն ընտրական խմբում:
Մյուս կողմից սակայն, եթե նրանք նույն խմբում չհայտնվեն, ապա դա միարժեք չի նշանակում, որ ուրեմն բոլոր խնդիրները վերացել են, ու սահմանը կբացվի առաջիկա օրերին: Դա կարող է նշանակել նաեւ, որ պարզապես միջազգային հանրությունը հույսը կտրել է հայ-թուրքական մերձեցման բարեհաջող ավարտից եւ անիմաստ է համարել ֆուտբոլային նոր առիթներ ապահովելը: Բայց որ ընտրական մրցաշարի վիճակահանությունը շատ բանով կօգնի որոշակիորեն կողմնորոշվել հայ-թուրքական հարցում, թերեւս անկասկած է: Դա նաեւ մեծ օգնություն կլինի հենց Հայաստանի իշխանության համար, որը կարող է կողմնորոշվել իր հետագա անելիքի հարցում:
Օրինակ, եթե նորից միեւնույն ընտրական խմբում հայտնվեն Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները, ապա Հայաստանի իշխանությունը թերեւս կգիտակցի, որ Ալիեւին ֆուտբոլ դիտելու հրավեր ուղղելու ժամանակն է: Ի վերջո, առաջին անգամ, երբ վիճակահանությունն այդպես դասավորվեց, նախագահը Սերժ Սարգսյանը չէր, այլ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ նա, ինչպես հայտնի է, ֆուտբոլային հրավերներին դեմ է: Այնպես որ, միջազգային հանրությունը այն ժամանակ թերեւս անհաշվենկատ վիճակահանություն էր կատարել` Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներին դնելով միեւնույն խմբում: Ի դեպ, թերեւս դրա համար էլ հենց ՈՒԵՖԱ-ն որեւէ կերպ չհամաձայնեց խաղերը չեզոք դաշտում անցկացնելուն եւ որոշեց դրանք ընդհանրապես չանցկացնել: Բանն այն է, որ այդ խաղերի նպատակը ակնհայտորեն ֆուտբոլը չէր, այլ դիվանագիտությունը: Այժմ կասկած չկա, որ այդ քայլը, այսինքն Հայաստանին ու Ադրբեջանին նորից նույն խմբում դնելը, կարող է լիովին արդարացվել, հաշվի առելով թերեւս Սերժ Սարգսյանի նախաձեռնողական եւ աշխույժ քաղաքականությունը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Friday, October 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment