Friday, October 16, 2009

ԻՍՐԱՅԵԼԸ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ ԱՄՆ-ԻՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻՆ` ԱՅԼԵՎՍ ՉՕԳՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՄԵՋ

«ԱԶԳ», 16-10-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վերջերս հայտարարեց, որ թուրք-իսրայելյան համատեղ զորավարժություններից Իսրայելի մասնակցության հանումը բխում է թուրք ժողովրդի շահերից. «Մենք այս հարցը քննարկել ենք այլ կուսակցությունների հետ եւ եկել որոշման, որ զորավարժությունները կկայանան, առանց Իսրայելի մասնակցության, հաշվի ենք առել նաեւ հասարակական կարծիքը», հայտարարել է թուրք վարչապետը: Միեւնույն ժամանակ Իսրայելը հայտնել է իր մտավախությունը, որ Թուրքիայում իշխանության եկած իսլամիստական կուսակցությունը կարողացել է ճնշել բանակի դիմադրությունն ու Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ավանդական ռազմավարական համագործակցությունը մոտեցել է իր վերջին: Ավելին, իսրայելյան լրատվամիջոցները նշում են, որ Թուրքիան անչափ մոտ է Իրանի հետ դաշինքի ստեղծմանը, սա, ըստ իսրայելցիների, հաստատում են նաեւ Հայաստանի հետ վերջերս ստորագրած համաձայնագրերը: Ամրապնդվում են Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ, եւ Իսրայելին շատ է մտահոգում Անկարա-Դամասկոս-Թեհրան դաշինքի ձեւավորումը, քանի որ կարող է լրջորեն վտանգել Իսրայելի անվտանգությանը: Սակայն իսրայելյան մտահոգությունները չեն անհանգստացնում թուրքական իշխանություններին: Վերջերս թուրքական պետական ալիքներից մեկով ցուցադրվել են կադրեր, որտեղ պատկերված է իսրայելցի, որը սպանում է երեխայի: Սա ամենայն հավանականությամբ լցրել է Իսրայելի «համբերության բաժակը», եւ պատահական չէ, որ երկրի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հանդիպել է Իսրայելում Թուրքիայի դեսպանի հետ: Հանդիպման ժամանակ նախարարը ասել է, որ նման կադրերի ցուցադրումը նշանակում է ատելության սերմանում` Իսրայելի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է իսրայելական Zman.com կայքէջը, Թուրքիայի նման քաղաքականությունը կարող է նրա առաջ փակել Եվրոմիության դռները, եւ Իսրայելի իշխանությունները եկել են այն որոշմանը, որ իսլամիստական Թուրքիան այլեւս չի կարող միջնորդի դեր կատարել Իսրայելի եւ Սիրիայի միջեւ: Իսկ մեկ այլ` IzRus կայքէջը նշում է, որ Թուրքիան գնում է Հայաստանի հետ հարաբերությունների միայն Եվրոպայի «աչքին թոզ փչելու» համար: Jerusalem Post թերթն էլ գրում է. «Իսրայելի դեմ Թուրքիայի իրականացրած քաղաքականության պատճառով Թել Ավիվը պետք է դիմի ԱՄՆ-ին եւ Եվրոպային` այլեւս չօգնել թուրքերին ժխտելու Հայոց ցեղասպանության փաստը» (փաստորեն մինչեւ հիմա օգնում էին - Հ. Ա.): ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: