«Լրագիր» 15-10-2009 - Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման ընթացքում թուրքերի գոլից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ծիծաղն ու Աբդուլլահ Գյուլին ուղղած ջերմ շնորհավորանքը դարձել են համընդհանուր մեկնաբանության առարկա: Հայաստանցիները ցանկանում են հասկանալ, թե ինչու էր սեփական հավաքականի դարպասին խփած գոլն այդպես ոգեւորել Սերժ Սարգսյանին: Այդ կապակցությամբ արդեն ստացվել են բացատրություններ նաեւ իշխանական ճամբարից: Որպես կանոն, բացատրողներից առաջինը կրկին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է:
«Նախագահը ժպտում էր, որովհետեւ գեղեցիկ գոլ էր խփվել», հոկտեմբերի 15-ին հայտարարել է Շարմազանովը Հայացք ակումբում: Հետո նա ավելի է հստակեցրել իր ասածն ու նշել. «Նախագահը ժպտում էր, որովհետեւ գեղեցիկ խաղ էր»:
Զարմանալի է, թե այդ դեպքում, եթե ժպիտի պատճառը գեղեցիկ խաղն էր, ինչու Սերժ Սարգսյանը ժպտում էր ոչ թե ամբողջ խաղի ընթացքում, այլ այն բանից հետո, երբ թուրքերը գոլ էին խփում: Միթե Սերժ Սարգսյանի պատկերացումը ֆուտբոլի մասին այն է, որ խաղը դա խփված գոլն է, իսկ դրանից առաջ կամ հետո կատարվող իրադարձություններն ընդամենը նախապատրաստությունն են խաղին: Համենայն դեպս ՀՀԿ խոսնակի բացատրության տրամաբանությունը դա է հուշում:
Բայց մեկ այլ բան էլ հուշվում է առկա իրավիճակում: Խնդիրն այն է, որ երբ Էդուարդ Շարմազանովին օրերս լրագրողները հարցրել էին, թե Ցյուրիխում ինչու չէր ժպտում արտգործնախարար Նալբանդյանն, այն դեպքում, երբ թուրք արտգործնախարար Դավութօղլուն լավ ժպտում էր, Շարմազանովը պատասխանել է, թե Դավութօղլուն բարկությունից էր ժպտում: Շարմազանովը իզուր չի դիմել նույն տրամաբանությանը եւ ասել, որ Սերժ Սարգսյանն էլ, մեր դարպասին խփված գոլից հետո ժպտում էր բարկությունից, ու եթե մի քիչ էլ զայրանար, ապա նույնիսկ կգրկեր Աբդուլլահ Գյուլին:
Ի դեպ, մի ուղղում է հարկ մտցնել այդ ամենի մեջ: Սերժ Սարգսյանը գոլից հետո իրականում ոչ թե ժպտում էր, այլ պարզապես քրքջում, կամ իր իսկ խոսքով ասած՝ քահ-քահ ծիծաղում:
Thursday, October 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment