Saturday, October 10, 2009

ԱՅՆՔԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ, ՈՐ 3,5 ԺԱՄՈՒՄ «ՏՈՂ ԱՌ ՏՈՂ» ԱՆՑԵԼ ԵՆ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈ՞Վ

«ԱԶԳ», 10-10-2009- Մի կողմից, հայ-թուրքական հարաբերություններն են արագընթաց առաջանում, մյուս կողմից` հերթական անգամ կազմակերպվում ու անց է կացվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափում: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Քիշնեւում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած հերթական հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ: Ըստ այդմ, ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ վերջին տասը ամսում սա նախագահների 5-րդ հանդիպումն էր, որ հաստատում է նրանց բանակցությունների դրական դինամիկան: Նշենք, որ եւս երկու հանդիպում Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ տեղի էր ունեցել նախորդ տարի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հայտարարել են, որ Քիշնեւում ԱՄՆ դեսպանի նստավայրում տեղի ունեցած հանդիպումը առաջ է տարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների մշակումը: «Քննարկումները կառուցողական եւ լուրջ էին` ներառելով խորքային, տող առ տող քննարկումը համանախագահների առաջարկությունների մի շարք դրույթների առնչությամբ», տեղեկացնում է ԵԱՀԿ կայքէջը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները դիմել են համանախագահներին` «ներառել քննարկման արդյունքներն իրենց առաջարկություններում երկուսի միջեւ հաջորդ հանդիպմանը»: Իսկ հայտարարությունից դուրս, Քիշնեւում տրված ասուլիսում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշել է, որ կողմերին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները ԼՂ հարցում: Մերզլյակովը նաեւ հայտարարել է, որ երկու նախագահները ցանկություն են հայտնել կրկին հանդիպելու, ինչի առնչությամբ համապատասխան հանձնարարություններ են ստացել երկու երկրների արտաքին գործոց նախարարությունները: Ռուսաստանցի համանախագահը նշել է, որ հաջորդ հանդիպման տեղի ու ժամկետի մասին կիմացվի շուտով: ԵԱՀԿ ամերիկացի նորանշանակ համանախագահ Ռոբերտ Բրադկեն, իր հերթին, հայտարարել է, թե մադրիդյան փաստաթղթի հիմնական սկզբունքներ են մնում ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը: Նախագահների մակարդակով առաջին անգամ հանդիպման ներկա լինելով` Բրադկեն իր տպավորությունը լավ է գնահատել, ընդգծելով, որ նախագահները մեծ ուշադրություն են դարձրել քննարկվող հարցերին ու ականջալուր եղել միմյանց մոտեցումներին: Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: