«ԱԶԳ», 16-10-2009- Երեկ «Դե ֆակտո» մամուլի ակումբում Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման փուլը շատ ավելի ջանքեր եւ ժամանակ է պահանջելու կողմերից, քանի որ «Թուրքիայում ուժեղացել են հակաքրիստոնեական կոչերն ու ծայրահեղական մոտեցումները»: Ըստ բանախոսի, Թուրքիան այս ամենով եւ Բուրսայի ֆուտբոլային խաղի ընթացքում երկրպագուների պահվածքով ընդամենն ապացուցում է, որ դեռ պատրաստ չէ անդամակցելու Եվրոմիությանը. «Սա առաջին հերթին վնաս է հենց թուրքերին», շեշտեց Սաֆրաստյանը:
Միայն թուրքական Մեջլիսի վավերացումից հետո հնարավոր համարելով հայ-թուրքական սահմանի բացումը` բանախոսն ասաց, որ կան հզոր ուժեր, որոնք շահագրգռված են սահմանի բացումով, եւ Հայաստանի համար, ըստ նրա, առաջին անգամ բացվել է նման աշխարհաքաղաքական «պատուհան», երբ համընկնում են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շահերը:
Սաֆրաստյանը, անդրադառնալով պատմական հարցերը քննող հայ-թուրքական միչկառավարական ստեղծվելիք հանձնաժողովին, ասաց. «Այդ հանձնաժողովը չի քննարկելու ցեղասպանության եղելության հարցը: Կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկի այդ մարմինը: Չմոռանանք, որ հայերը երկար տարիներ ապրել են Օսմանյան կայսրությունում, առաջացել են բազմաթիվ խնդիրներ` եկեղեցական գույքի, քաղաքացիների գույքի եւ այլնի կապակցությամբ»:
Ինչ վերաբերում է օսմանյան արխիվներն ուսումնասիրելու համար անհրաժեշտ օսմանագետներին, Սաֆրաստյանը չունի այն մտավախությունը, թե նրանց պակաս Հայաստանը կունենա. «Մենք այժմ էլ ունենք մասնագետներ, որոնք գիտեն օսմաներեն, բայց նկատեմ, որ նույնիսկ Թուրքիայում քիչ են մասնագետները, որոնք կարող են ազատ աշխատել թուրքական արխիվներում, քանի որ այդ արխիվներն ունեն ահավոր բարդություններ, օրինակ, միեւնույն իրադարձության տակ տարբեր համակարգեր դրել են տարբեր ամսաթվեր, ասել է, թե Օսմանյան կայսրությունում ամեն պետական մարմին ունեցել է իր ամսաթիվային համակարգը»:
Բանախոսը տեղեկացրեց նաեւ, որ օսմանյան արխիվների որոշ նմուշներ տեղակայված են համացանցում. «Եվ հենց այդ օրինակներով մենք կարող ենք ապացուցել ցեղասպանության իրողությունը, չնայած չեմ կարծում, թե նման անհրաժեշտություն կա, քանի որ ամբողջ աշխարհը, համենայն դեպս` նրա գիտական միջավայրը, վաղուց արդեն ընդունված փաստ է համարում դա: Իսկ այն թուրքական պնդումները, թե օսմանյան արխիվներում հայերի համար բավականին «անակնկալներ» կան, սուտ են, այնտեղ որեւէ անակնկալ չի կարող լինել մեզ համար», շեշտեց պարոն Սաֆրաստյանը:
«Ազգ»-ի հարցին, թե կատարվե՞լ են արդյոք ուսումնասիրություններ` հայ եւ թուրք հասարակությունների քանի՞ տոկոսն է կողմ սահմանների բացմանը, բանախոսը պատասխանեց. «Երեւանում վերջերս ենք անցկացրել նման հարցումներ. կողմ է մոտ 50 տոկոսը, իսկ Թուրքիայում ավելի շուտ անցկացրած մեր հարցումները ցույց տվեցին, որ թուրքերի 70 տոկոսը դեմ է Հայաստանի հետ սահմանի բացմանը»:
«Իսկ այդ դեպքում ինչո՞ւ Թուրքիան գնաց արձանագրությունների ստորագրմանը» հարցին Սաֆրաստանը պատասխանեց, որ դրա համար կան երեք պատճառներ. «Նախ` Թուրքիան փորձում է սրանով կանխել ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացը, երկրորդ` փորձում է արագացնել Եվրոմիություն իր մուտքը, քանի որ առանց Հայաստանի շրջափակումը վերացնելու հնարավոր չէ դա ակնկալել, եւ երրորդ` Թուրքիան փորձում է գտնել իր նոր աշխարհաքաղաքական դերը, նորովի վերաձեւել իր տեղը մեր տարածաշրջանում, որի նպատակն է Եվրոպայի համար դառնալ կարեւոր էներգետիկ կենտրոն»:
Վերջում պարոն Սաֆրաստյանը նույնպես անչափ կարեւորեց մեր դիվանագիտության կազմակերված աշխատանքի անհրաժեշտությունը, քանի որ, ըստ նրա, Թուրքիան ամեն անգամ փորձում եւ փորձելու է զիջումներ պոկել Հայաստանից:
Friday, October 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment