News.am. 1-10-2009- Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպելու են հոկտեմբերի 8-ին՝ Քիշնեւում: Այդ մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այսօր Երեւանում տարածած հաղորդագրության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն այժմ գտնվում են Երեւանում եւ հանդիպումներ են ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Համանախագահները նաեւ նշել են, որ հոկտեմբերի 8-ին Քիշնեւում նախատեսված Ալիեւ-Սարգսյան հանդիպումից առաջ, հոկտեմբերի 2-ից 3-ը համանախագահները կայցելեն նաեւ Ստեփանակերտ եւ հոկտեմբերի 4-ից 6-ը` Բաքու:
Նրանք քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներին առնչվող առանցքային չկարգավորված հարցերը:
«Համանախագահները կցանկանային եւս մեկ անգամ վերահաստատել ավելի վաղ իրենց երկրների կառավարությունների կողմից արված հայտարարությունն առ այն, որ ղարաբաղյան կարգավորման այսպես կոչված Մինսկի գործընթացը ինքնուրույն գործընթաց է եւ պետք է առաջ ընթանա իր սեփական տրամաբանությամբ, առանց որեւէ նախապայմանների կամ շաղկապումների, եւ խելամիտ ժամանակահատվածում` առանց թելադրվող արագացումների կամ դանդաղեցումների»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ:
Հատկանշական է, որ համանախագահները վերահաստատում են, որ ղարաբաղյան գործընթացը չի կարող շաղկապվել որեւէ այլ գործընթացի հետ՝ ակնհայտորեն նկատի ունենալով հայ-թուրքական մերձեցումը: Մինչդեռ հատկապես թուրք պաշտոնատար անձինք բազմիցս փորձել են այդ երկու գործընթացներն իրար շաղկապել: Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմետ Ալի Շահինը տարբեր առիթներով ուղղակի հայտարարել են, թե հայ-թուրքական կարգավորման գործընթացը կարող է առաջ ընթանալ միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում զարգացում լինելու դեպքում:
Ամենայն հավանականությամբ, համանախագահներն իրենց հայտարարությամբ նպատակ ունեն զսպել թուրք պաշտոնյաների անհագ ախորժակը:
Thursday, October 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment