Thursday, October 1, 2009

Ադրբեջանում վախենում են «կորցնել» Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարության պակասի պատճառով

Tert.am. 1-10-2009- «Միացյալ Նահանգների հեղինակությունը օր օրի ավելի է մեծանում հետխորհրդային հանրապետություններում, մասնավորապես` Կովկասյան տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շատ մեծ է: Սակայն դրա հետ մեկտեղ այդ խնդրի լուծման բանալին դեռևս գտնվում է Ռուսաստանի ձեռքերում»: ANS PRESS-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Ըստ վերջինիս` Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում օրըստօրե թուլանում է: «Հետխորհրդային հանրապետություններից արդեն երեքը ՆԱՏՕ-ի անդամ են: Եվս երկու պետություններ «Համագործակցություն հանուն համերաշխության» ՆԱՏՕ-ի ծրագրի անդամ: Եվս մի քանի պետություններ բացահայտ ասում են ՆԱՏՕ անդամագրվելու իրենց ցանկության մասին: Այս ամենը իսպառ վերացնում է տարածաշրջանում Միացյալ Նահանգների կշռարար ազդեցիկ ուժի մասին բոլոր կասկածները»,- ընդգծել է քաղաքագետը: Քաղաքագետը նաև համոզված է, որ որպեսզի ցանկացած երկիր հարգի այլ պետություն և ճանաչի վերջինիս ինքնիշխանությունը, առաջին հերթին, այդ երկիրը պետք է ինքն իրեն հարգի: «Ադրբեջանի գերագույն օրենսդիր մարմին հանդիսացող միլի մեջլիսը վերածվել է խաղալիք հիշեցնող կառույցի: Դատարանները կայացնում են անարդար որոշումներ, կառավարությունը մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարի է բռնվել: Երկրում չեն հարգում սեփական քաղաքացիներին»,- ընդգծել է Ալիզադեն: Նա նաև կարծում է, որ հենց այդ բոլոր անհարգալից գործողությունների արդյունքում Ադրբեջանը կարող է կորցնել Ղարաբաղը: «Այսօր Հայաստանում ևս վատ դրություն է: Այն ոչնչով չի տարբերվում մեր ներքին իրավիճակից: Սակայն նմանատիպ արարքների և քաղաքականության հետևանքով ամեն րոպե կարող է առաջանալ Ղարաբաղի կորստի վտանգը»,- եզրափակել է Ալիզադեն:

No comments: