Saturday, October 10, 2009

Հրապարակվել է աշխարհի լավագույն համալսարանների ցանկը

Tert.am. 9-10-2009- Բրիտանական Times Higher Education ամսագիրն արդեն վեցերորդ անգամ հրապարակել է աշխարհի լավագույն համալսարանների վարկանշային աղյուսակը՝ QS World University Rankings 2009: Ավանդույթի համաձայն՝ այս տարի էլ լավագույն տասնյակում միայն ամերիկյան և բրիտանական բուհերն են: Հարվարդը պահպանել է աշխարհի լավագույն համալսարանի տիտղոսը: Այս տարի Քեմբրիջը երկրորդ հորիզոնականից դուրս է մղել Յեյլին, որը հայտնվել է երրորդ հորիզոնականում: Լոնդոնի համալսարանական քոլեջը չորրորդն է: Այստեղ նա փոխարինում է Մեծ Բրիտանիայի հնագույն՝ Օքսֆորդի համալսարանին, որն այս տարի Լոնդոնի կայսերական քոլեջի հետ կիսում է հինգերորդ տեղը: Այս տարի առաջին տասնյակ է վերադարձել ամերիկյան Փրինսթոնը. նախորդ տարվա 12-րդի փոխարեն այն 8-րդն է: Լավագույն տասնյակի մյուս տեղերը բաժին են հասել ամերիկյան բուհերին: 7-րդ տեղում Չիկագոյի համալսարանն է, 9-րդում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, 10-րդում՝ Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանը, որն անցած տարի հինգերորդն էր: Վարկանշային աղյուսակը կազմելիս Times-ն առաջնորդվում է վեց չափանիշով՝ բարձրագույն ակադեմիական հանրության ներկայացուցիչների գնահատականները, հետազոտական աշխատանքի որակը և համալսարանի գիտնականների աշխատություններին արվող հղումների հաճախականությունը, դասախոսական կազմի մակարդակը, ուսանողների և դասախոսների թվի համամասնությունը, օտարերկրյա ուսանողների թիվը և աշխատանքի ընդունվելիս շրջանավարտների շանսերը:

No comments: