/PanARMENIAN.Net/ 08.10.2009 - Հայաստանի Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն օրվա առաջին կեսին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին բացի Ազգային անվտանգության խորհրդի անդամներից մասնակցել են նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլն ու այդ ուղղությամբ մեր երկրի առաջիկա անելիքները, ամփոփվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ծավալված հանրային քննարկումները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի համահայկական ուղեւորությունն աշխարհի խոշոր հայկական համայնքներ:
«Եկել է ժամանակն ամփոփելու շուրջ վեց շաբաթ տեւած հանրային քննարկումները: Ավարտվել է նաեւ իմ համահայկական ուղեւորությունը, որի ընթացքում հնարավորություն ունեցա ծանոթանալու Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների կարծիքներին, մտահոգություններին ու առաջարկություններին: Այսօր ես ձեր ուշադրությանը կներկայացնեմ այդ ուղեւորությունից ստացած իմ տպավորություններն ու եզրակացությունները: Այնուհետեւ կանդրադառնանք Հայաստան-Թուրքիա նախաստորագրված արձանագրությունների ստորագրման խնդիրներին եւ գործընթացի հաջորդ փուլերին: Մեկ շաբաթվա ընթացքում ես այցելեցի հայկական սփյուռքի առանցքային կենտրոններ` Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ եւ Դոնի Ռոստով: Յուրաքանչյուր վայրում կայացան տարածաշրջանային հանդիպումներ, որոնց ներկա էին յուրաքանչյուր տարածաշրջանում գործող հայկական ազգային կառույցների եւ առանձին համայնքների ներկայացուցիչներ: Ի սկզբանե մենք գիտակցում էինք, որ անհնար կլինի ապահովել ներկայացվածության այնպիսի մակարդակ, որը կբավարարի բոլորին: Բայցեւայնպես, կարծում եմ, մեզ հաջողվեց ապահովել հրավիրյալների այնպիսի շրջանակ, որը թույլ տվեց ապահովել կարծիքների ու մոտեցումների լայն սպեկտր»,- ասել է Հայաստանի նախագահը` բացելով նիստը: Նրա խոսքով, Սփյուռքում կայացած քննարկումները չափազանց կարեւոր էին կարեւոր էին նախաստորագրումից ստորագրում, ստորագրումից վավերացում եւ վավերացումից իրագործում բարդ եւ աշխատատար շղթայի յուրաքանչյուր օղակում ռազմավարությունն ու մարտավարությունը ծրագրավորելու առումով:
«Հայաստանն ունի անհրաժեշտ ռեսուրսներ` մոբիլիզացնելու, նաեւ Սփյուռքի ներուժը լիարժեք կերպով օգտագործելու համար»,- ասել է պետության ղեկավարը: Սերժ Սարգսյանն ավելացրել է, որ ինքը հնարավորություն ուներ եւս մեկ անգամ ապացուցելու, որ Արձանագրությունները չեն կարող դիտարկվել որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի բանակցային դիրքերը կաշկանդող փաստաթղթեր: «Ես վերահաստատեցի մեր մոտեցումը հնարավոր կարգավորման պայմաններին` առանց որեւէ սահմանափակման ազատ կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր իրավական կարգավիճակի որոշում: Կարեւորում եմ, որ դա եւս մեկ անգամ վերահաստատեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որի հետ հեռախոսազրույց եմ ունեցել Լոս Անջելեսում գտնվելու ժամանակ»,- նշել է Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ Հայաստանը երբեւէ չի գնաւ միակողմանի զիջումների Լեռնային Ղարաբաղի հարցում` անկախ այն բանից, թե դրա դիմաց ինչ կարող է առաջարկվել:
Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Հայաստանի նախագահը հայտնել է, որ այդ հարցում Երեւանը պարտականություն ունի եւ այդ պարտականությունը կատարելու է մինչեւ վերջ: «Տարածքային պահանջներ ներկայացնելը հարաբերություններ կարգավորելու լավագույն սկիզբը չէ: Կան 21-րդ դարի քաղաքական մշակույթի իրողություններ, որոնք պարտավոր ենք հաշվի առնել: Ես նաեւ առիթ ունեցա ընդգծելու, եւ բազմիցս լսեցի նաեւ սփյուռքահայ մեր քույրերի եւ եղբայրների այն արդար մոտեցումը, որ հայ-թուրքական հարաբերությունները շատ ավելի լայն են, քան Հայաստան-Թուրքիա հարաբերությունները»,- հայտնել է պետության ղեկավարը:
Այնուհետեւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս փուլը: Ընդլայնված նիստի բոլոր մասնակիցները օժանդակել են հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
Thursday, October 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment