Saturday, October 10, 2009

Հայաստանը շրջանցել չհաջողվեց. Բաքուն կրճատել է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի ֆինանսավորումը

News.am. 9-10-2009- Ադրբեջանի պետական Նավթային հիմնադրամը պետական վարկի շրջանակներում այս տարի կկրճատի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության ծրագրի ֆինանսավորումը՝ 80 մլն մանաթից հասցնելով 30 մլն մանաթի։ Բյուջեի կրճատման հրամանը հոկտեմբերի 7-ին տվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ինչպես ասվում է նախագահի կայքէջում, հիմնադրամի ազատ մնացած միջոցները կգնան ներքաղաքական նախագծերի ֆինանսավորմանը՝ ուղղված փախստականների եւ հարկադիր տեղահանվածների սոցիալ-կենցաղային վիճակի բարելավմանը՝ ծախսերը 80 մլն մանաթից հասցնելով 90 մլն մանաթի։ Նման որոշումը հարուցել է տեղական վերլուծաբանների բուռն արձագանքը։ Մեկնաբանելով նախագահի որոշումը՝ սոցիալական եւ տնտեսական զարգացման կենտրոնի նախագահ Վուգար Բայրամովը «Эхо» պարբերականին հայտարարել է, որ սա խոսում է այն մասին, որ երկիրն այնքան էլ հետաքրքրված չէ տվյալ նախաձեռնության իրականացմամբ։ Նրա խոսքերով, երկաթգծի շինարարության ծրագրի ֆինանսավորումը , ամենայն հավանականությամբ, կրճատվել է հայ-թուրքական հարաբերությունների պատճառով։ Զուգահեռաբար, ինչպես ընդգծել է Բայրամովը, տեղ ունեն նաեւ այն հայտարարությունները, որոնց համաձայն՝ հաջորդ տարի Նավթային հիմնադրամի բյուջեն կարող է կրճատվել։ «Բյուջե 2010-ում նավթի մեկ բարելի գինը նախատեսվում է 45 դոլար, ինչը խոսում է նավթի իրացումից ստացված եկամուտների կրճատման մասին»։ Այսպիսով, Բայրամովի գնահատմամբ՝ հաջորդ տարի Նավթային հիմնադրամի եկամուտների կրճատումն անխուսափելի է։ Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքի նախագիծը նախատեսում է 98 կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցում, որից 68 կմ-ը պետք է անցնի Թուրքիայի, 30կմ-ը՝ Վրաստանի տարածքով։ Անհրաժեշտ է վերակառուցում Ախալքալաք-Թբիլիսի հատվածում։ Նախագծի նախնական արժեքը կազմում է 422 մլ դոլար, որից 202 մլն-ը բաժին է ընկնում վրացական հատվածի շինարարությանը, իսկ 220 մլն դոլարը՝ թուրքականին։ Նախագծի հիմնական գաղափարը Հայաստանը կոմունիկացիոն ուղիներից դուրս թողնելն է։

No comments: