Thursday, October 1, 2009

ԵԱՀԿ ՄԽ. Ղարաբաղյան կարգավորումը շաղկապված չէ այլ գործընթացների հետ

/PanARMENIAN.Net/ 1.10.2009 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ինքնուրույն գործընթաց է եւ շաղկապված ու պայմանավորված չէ որեւէ այլ գործընթացով: Այս մասին ասված է հոկտեմբերի 1-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի եւ Ռոբերտ Բրադկեյի համատեղ հայտարարության մեջ: «Համանախագահները կցանկանային եւս մեկ անգամ վերահաստատել ավելի վաղ իրենց երկրների կառավարությունների կողմից արված հայտարարությունն առ այն, որ ղարաբաղյան կարգավորման, այսպես կոչված, Մինսկի գործընթացը հանդիսանում է ինքնուրույն գործընթաց եւ պետք է առաջ ընթանա իր սեփական տրամաբանությամբ, առանց որեւէ նախապայմանների կամ շաղկապումների, եւ խելամիտ ժամանակահատվածում` առանց թելադրվող արագացումների կամ դանդաղեցումների»,- ասված է հայտարարության տեքստում: Համանախագահները նաեւ հայտնել են, որ իրենց այցելության նպատակը հոկտեմբերի 8-ին Քիշնեւում նախատեսված Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից առաջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներին առնչվող առանցքային չկարգավորված հարցերի քննարկումն է: Այդ կապակցությամբ համանախագահները հոկտեմբերի 1-ին Երեւանում Հայաստանի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո հոկտեմբերի 2-3-ը կայցելեն Ստեփանակերտ, իսկ հոկտեմբերի 4-6-ը` Բաքու: Երեւանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպումներ կունենան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հարկ է նկատել, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր, եւ հատկապես 2009թ. ապրիլին «ճանապարհային քարտեզի» համաձայնեցումից ու 2009թ. օգոստոսին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունների նախաստորագրումից ու հրապարակումից հետո ակտիվացած քննարկումներում բազմիցս փորձ է արվել շաղկապել հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները: Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմետ Ալի Շահինը, տարբեր առիթներով հայտարարություններ են արել առ այն, թե հայ-թուրքական կարգավորման գործընթացը կարող է ծավալվել միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում զարգացում լինելու դեպքում: Ռեջեփ Թայիբ Էրդողանի` 2009 թվականի ապրիլին եւ Մեհմետ Ալի Շահինի` 2009 թվականի սեպտեմբերին Բաքու կատարած այցելության ընթացքում թուրք պաշտոնյաներն ուղղակի հայտարարել են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորում եւ սահմանների բացում կարող է լինել միայն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու դեպքում: Միեւնույն ժամանակ տարբեր առիթներով թուրք եւ ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ օգտագործել են օտարերկրյա ու միջազգային կառույցներում ունեցած հանդիպումներն ու շփումները` ցույց տալու համար, թե երկու գործընթացները շաղկապված են: Վերջին նման դրսեւորումներից էին թուրքական ու ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններն առ այն, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ զրույցում խնդրել է ակտիավցնել ղարաբաղյան կարգավորման գործընթացն ու, իբր, աջակցություն է գտել: Չնայած այս դրսեւորումներին, հայ-թուրքական կարգավորման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում որպես միջնորդ ներգրավված երկրները պաշտոնապես բազմաաթիվ անգամ հանդես են եկել հայտարարություններով առ այն, որ երկու գործընթացները միմյանց հետ շաղկապված չեն, ընթանում են զուգահեռ եւ չեն հատվում: ԵԱՀԿ համանախագահների այսօրվա հայտարարությունը եւս մեկ անգամ կոչված է զսպելու վերը նշված թեմայով շահարկումներն ու անհիմն պնդումները:

No comments: