«Լրագիր» 1-10-2009- Այո, ցեղասպանություն, այո ազգային հույզեր, այո պատմական հայրենիք, այո հայ դատ, բայց Հայաստանը պետք է նաեւ զարգանա եւ մենք պետք է մտածենք նաեւ զարգանալու ու աշխարհին ինտեգրվելու մասին: Ահա մոտավորապես այն պատասխանը, որ հայ-թուրքական հարաբերության զարգացման առկա գործընթացի ընդդիմախոսներին տալիս է իշխանությունը կամ նրա քաղաքականության կողմնակիցները: Այստեղ, այսինքն հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթաց ասելով, թերեւս պետք է ընդգծել առկա բառը: Դա կարեւոր է: Կարեւոր է այն պատճառով, որ ընդդիմախոսներին հակադարձող իշխանությունն այնպիսի հարթություն է տեղափոխում խնդիրը, կարծես որեւէ մեկը բացի իշխանությունից ու նրա կողմնակիցներից, չի հասկանում, որ բաց սահմանն ավելի լավ է, քան փակը, կամ որ տնտեսությունը զարգանալու համար ինչքան շատ ճանապարհ լինի եւ ինչքան կարճ, ինչքան էժան ճանապարհ, այդքան ավելի լավ է, կամ որ հարեւանի հետ բարեկամություն անելն ավելի լավ է, քան թշնամություն, կամ որ անցյալի խնդիրները չպետք է հուզական մշուշով պատեն ապագայի պրագմատիկ հաշվարկները:
Առկա գործընթաց հասկացությունն ընդգծելը կարեւոր է, որովհետեւ իշխանությանն ու նրա քաղաքականության կողմնակիցներն ընդդիմախոսների փաստարկներին հակադարձելու այլ բան չունենալով, հակադարձում են այն մտայնությունը ձեւավորելու փորձով, որ ընդդիմախոսներն ընդհանրապես դեմ են հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացին: Գործընթացին որեւէ բանական մարդ դեմ լինել թերեւս չի կարող, իսկ ահա առկա գործընթացին դեմ լինել թերեւս պարտավոր է: Իհարկե, պետք չէ դա դարձնել բանականության չափանիշ եւ ասվածն առավելապես թող ընդունվի որպես բառախաղի փորձ, բայց խնդիրը ոչ թե գործընթացն է ընդհանրապես, այլ հենց առկա գործընթացը:
Այո, տնտեսական զարգացում, այո, համաշխարհային ինտեգրում, այո, ելք դեպի Եվրոպա, այո տարածաշրջանային ինտեգրացիա, բայց ինչու այդ ամենը հայկական պետության ռազմավարական գործոնների թուլացման հաշվին: Ինչու մենք այդ ամենի համար զրկվենք այնպիսի հզոր աշխարհաքաղաքական գործիքից, ինչպիսին հայ դատն է: Այդ գործիքն ունենալն ամենեւին չի նշանակում, թե պետք է հենց հիմա դնենք Թուրքիայի առաջ: Ավելին, Թուրքիային ոչ ոք չի էլ հիշեցնում այդ մասին, ոչ ոք չի պահանջում նախ ճանաչել ցեղասպանությունը, հետ տալ հողերն ու նոր բացել սահմանը, բայց ինչու Թուրքիային ոչ մի պահանջ չներկայացնող հայ մարդիկ, որոնք ստանձնել են Հայաստանի իշխանությունը կամ նրա քաղաքականությունը պաշտպանողի դերը, փաստացի պահանջ են ներկայացնում հայերին, Հայաստանին, որ նա ճանաչի Թուրքիայի սահմանը` այսինքն ցեղասպանության հետեւանքը, որ նա ճանաչի ցեղասպանությունն ուսումնասիրելու Թուրքիայի պահանջը` այսինքն համաձայնի պատմաբանների ենթահանձնաժողովին, որ ուսումնասիրելու է պատմական արխիվները, որ նա Թուրքիայի հետ հարաբերվելով չգիտես ինչու հարգի “երրորդ երկրների տարածքային ամբողջություն ու սահմանների անձեռնմեխլիությունը”: Զարմանալի է, որ Թուրքիային պահանջ ներկայացնելուն դեմ հանդես եկող, դրանք անխոհեմություն, հուզականություն ու ռոմանտիզմ որակող մարդիկ միանգամայն հանգիստ պահանջ են ներկայացնում Հայաստանին ու դա համարում են իրենց պրագմատիզմի վառ օրինակ:
Չէ որ խնդիրը վերաբերում է միջպետական հարաբերություններին, խնդիրը վերաբերում է տարածաշրջանային եւ նաեւ համաշխարհային մրցակցությանը: Դրա համար պետությունը պետք է դողա իր աննշան գործոնի վրա անգամ: Միեւնույն է, հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին թույլ չի տալու զարգանալ ավելի, քան Թուրքիան, կամ քան ածխաջրածնային ռեսուրսով հարուստ Ադրբեջանը, կամ քան տարանցիկային եւ ամերիկյան աջակցություն ունեցող Վրաստանը: Միեւնույն է, Հայաստանը տնտեսապես շարունակելու է մնալ տարածաշրջանի հետնապահը, քանի որ Հայաստանի հաջողության գաղտնիքը, Հայաստանի այսպես ասած աշխարհաքաղաքական խաղադրույքը տնտեսական զարգացումը չէ, որ կարող է լինել, այլ արժեքային բովանդակությունը: Հայաստանի խաղաքարտը արդիական արժեքների վրա հիմնված պետություն դառնալն է, իսկ այդ ճանապարհին հայ-թուրքական սահմանը խոչընդոտ չէ: Հետեւաբար, ինչքան էլ որ պետք է այդ սահմանը բացել հանուն բնականոնության, միեւնույն է, դա չի կարելի անել պետության քաղաքական ռեզերվների հաշվին: Բաց սահմանը պետության այդ ռեզերվները չի ավելացնելու կամ չի փոխարինելու անգամ տնտեսության աճի պարագայում, քանի որ դրանով ընդամենը օլիգարխների անձնական ռեզերվներն են ավելանալու, որոնցից գուցե մի քիչ էլ բնակչության ռեզերվներին նվիրաբերվի: Այդքանը: Պետության քաղաքական գործիքները դրանով չեն ավելանալու, իսկ հայ-թուրքական արձանագրություններով, դրանք արդեն իսկ պակասում են:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Thursday, October 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment