Tuesday, October 20, 2009

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ

«ԱԶԳ, 20-10-2009- Եվրոմիության մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ, բրիտանական Պահպանողական կուսակցության արտաքին քաղաքականության հարցերի պատասխանատու Չարլզ Թաննոքը հանդես է եկել հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ հայտարարություններով: Նա մասնավորապես նշել է. «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները մթագնած են Հայոց ցեղասպանությամբ, որն իրականացվել է Օսմանյան Թուրքիայում շուրջ 100 տարի առաջ, սակայն Ցյուրիխում հոկտեմբերի 10-ի ստորագրությունները բեկումնային եղան երկու երկրների համար: Հարցը միայն այն է, թե կկարողանա՞ն արդյոք Հայաստանն ու Թուրքիան կյանքի կոչել ստորագրված փաստաթուղթը»: Դիվանագետը նկատել է, որ երկու երկրներն էլ, անշուշտ, կունենան օգուտներ այս գործընթացից. «Թուրքիան ուզում է «երեւալ» Արեւմուտքին եւ ձգտում է դեպի Եվրոմիություն` փորձելով ձեռք բերել նաեւ «խոշոր խաղացողի» անուն տարածաշրջանում, իսկ շրջափակման մեջ հայտնված Հայաստանը պետք է որոշ իմաստներով հետին պլան մղի ցեղասպանության խնդիրը`ակնկալելով սահմանի բացումը», ասել է Թաննոքը: Դիվանագետը, անդրադառնալով ղարաբաղյան քննարկումներին, նշել է, որ չնայած Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուին չթույլատրեցին հիշատակել «Ղարաբաղ» անունը, դա նրա փոխարեն, արդեն արձանագրությունները ստորագրելուց հետո արեց վարչապետ Էրդողանը, ասելով, թե մինչեւ չլուծվի Ղարաբաղի հարցը, թուրք-հայկական սահմանը չի բացվելու, փաստորեն դրանով լիարժեք դարձնելով Թուրքիայի պահանջները հայկական կողմից: Պարոն Թաննոքի կարծիքով` Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտակցում է, որ չնայած աշխարհում նրանցից սպասում են դիրքորոշման փոփոխություն, նրանք դա չեն անի, քանի որ. «Դա միանշանակ կնշանակի հայկական դիվանագիտության հաղթանակը` Թուրքիայի հետ հայերի հարաբերությունների ֆոնին», հայտարարել է դիվանագետը: Թաննոքը ասել է նաեւ, որ Ադրբեջանի համար իր էներգետիկ ռեսուրսները Եվրոպա հասցնելու ուղղությամբ խիստ անհրաժեշտ է Թուրքիան, եւ այս առումով Ադրբեջանը, իր` վերջին ժամանակներում նկատվող հակաթուրքական տրամադրություններով, կարող է առաջացնել արեւմտյան գործընկերների զայրույթը. «Իսկ սա կարող է բերել նրան, որ կխոչընդոտվեն Ադրբեջանի պլանները` անդամագրվելու անվտանգության եւ տնտեսության հյուսիսատլանտյան կառույցներին», եզրափակել է պարոն Թաննոքը:

No comments: