Tuesday, October 20, 2009

Գազը քաղաքականության հետ պետք չէ խառնել. համոզված է թուրք նախարարը

Tert.am- 20-10-2009- Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը կոչ է արել Ադրբեջանին չխառնել էներգետիկ նախագծերի խնդիրները քաղաքականության հետ: Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախորդ շաբաթվա վերջին խոստացել է թանկացնել բնական գազը Թուրքիայի համար` ի պատասխան հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրմանը: Երկուշաբթի երեկոյան Միլանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը կազմակերպվել էր Իտալիայի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև Սամսուն-Ջեյհան նավթամուղի կառուցման փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, Յիլդիզն անդրադարձել է այդ ցավոտ հարցին: Պատասխանելով Իլհամ Ալիևին, ով հայտարարել էր, որ ներկայիս գինը չափազանց ցածր է և այն պետք է վերանայվեր դեռևս 2008 թվականին` նա հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահին, հավանաբար, ապատեղեկատվություն են տրամադրել: «Մենք երբեք չենք ցանկանա, որ Ադրբեջանը գումար կորցնի: Գների վերանայման բանակցությունները կասեցվել էին կարճ ժամանակով: Մենք կրկին բարձրացրել ենք մեր առաջարկը և բանակցությունները կշարունակվեն», - Յիլդիզի խոսքերը մեջբերում է Անադոլու գործակալությունը: Թուրքիայի էներգետիկայի նախարարը նաև նշել է, որ Թուրքիան պատրաստվում է կրճատել տարանցիկ ադրբեջանական գազի համար գանձվող գումարը` հայտարարելով, որ Ալիևն այս հարցում նույնպես ապատեղեկացված է: «Թուրքիան միշտ ուշադրությամբ է հետևել գործընկեր և եղբայր Ադրբեջանին: Հայտնի փաստ է, որ Թուրքիան ավելի քիչ գումար է գանձում ադրբեջանական տարանցիկ գազի համար, քան այլ երկրների դեպքում», - ասել է Յիլդիզը:

No comments: