Thursday, October 15, 2009

Սոցիալիստ ադրբեջանցիները պահանջում են Թուրքիայից հետ կանչել ադրբեջանցի դեսպանին

«Անկախ» 14-10-2009- Ադրբեջանի Սոցիալիստական կուսակցությունը պահանջել է իր կառավարությանը` հետ կանչել Թուրքիայում գտնվող Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանին`խորհրդատվության համար: Կուսակցությունն առաջարկել է Ադրբեջանի Միլի մեջլիսին (ազգային ժողովին)` անհապաղ վերանայել հայ-թուրքական ստորագրված արձանագրության հարցը և համապատասխան կարծիք հայտնել, քանի դեռ այն չի մտել Թուրքիայի խորհրդարան` քննարկման: Կուսակցության ներկայացուցիչ Ռովշան Հուսեյնովն ասել է, որ Արձանագրությունը չի բխում «Ադրբեջանի շահերից»: Կուսակցության`մեջլիսին ուղղված հայտարարության մեջ ասվում է, որ «Թուրքիան, ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, 1993թ. փակեց Հայաստանի հետ սահմանը և շարունակ հայտարարում էր, որ այն չի բացվի, քանի դեռ Հայաստանը չի վերացրել ադրբեջանական հողերի շրջափակումը: Իսկ այսօր նույն Թուրքիան առանց նախապայմանների արձանագրություն է ստորագրում Հայաստանի հետ»: ՀՀ ԱԳ նախարարությունը Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի «շրջափակման» մասին ադրբեջանական լուրերին ի պատասխան մշտապես ասում է, որ սա «ադրբեջանական դասական ապատեղեկատվություն է»: Ըստ Հուսեյնովի`Ադրբեջանը հասկանում է, որ հարևան պետության հետ հարաբերություն հաստատելը Թուրքիայի գործն է, բայց հայ-թուրքական սահմանի բացումը ներկայումս մեծ վնաս է հասցնում Ադրբեջանի շահերին: Համաձայն կուսակցության տարածած հաղորդագրության՝ եթե Թուրքիայի մեջլիսը, առանց Ադրբեջանի շահերն ի նկատի ունենալու, հաստատի Արձանագրությունը, սոցիալիստական կուսակցությունը կստիպի կառավարությանը` դադարեցնել Ադրբեջան-Թուրքիա դիվանագիտական, տնտեսական և քաղաքական հարաբերությունները`սահմանափակելով նաև Ադրբեջանի մասնակցությունը «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» տնտեսական էներգոնախագծի իրագործմանը: Քրիստինե Վարդանյան

No comments: