«ՀԵՏՔ» 14-10-2009 - 2007 թվականի ապրիլի վերջից 18 դատապարտյալներով սկսվեց Հրանտ Դինքի դատավարությունը: Մեղադրյալների թիվը հասավ 20-ի: Առայժմ անազատության մեջ գտնվում են միայն հինգը: Նրանցից երեքը սպանության մեղադրանքով են ձերբակալված: Գնդակը արձակելու և սպանությունը կատարելու մեղադրանքով ձերբակալվել է Օղյուն Սամաստը: Մյուս երկուսը ձերբակալված են սպանությանը մասնակցելու համար:
Երեքն էլ Տրապիզոնի բնակիչներ են:
«Մենք գիտենք, որ այս մարդիկ Ստամբուլին ծանոթ չէին և Դինքին չէին ճանաչում: Ոճրագործը երբեք չէր տեսել Հրանտին, և շենքից դուրս գալով` գնացել և կրակել է ծոծրակից: Սա տրամաբանական պատմություն չէ: Եվ ոճրագործը Հրանտին սպանելուց հետո փախել է: Այդ փողոցները քաղաքը չիմացողի համար հեշտ փողոցներ չեն, խառնիճաղանջ են: Մենք մտածում ենք, որ նա նախօրոք ուսումնասիրել է այս փողոցները կամ նրան օգնել են»,- պատմում է Դինքի դատավարության գլխավոր փաստաբան Ֆեթիե Չեթինը: Փաստաբանը ենթադրում է, որ ոճրագործը նախապես իմանալով է եկել, որովհետև տեղադրված տեսաերիզների ստուգումից պարզել են, որ ինտերնետ-սրճարան է գնացել այն շատ լավ իմացողի նման:
Տարածքի տեսաերիզների ուսումնասիրությունից պարզվել է, որ Օղյուն Սամաստը մենակ չէ իրականացրել ոճիրը: Սակայն կեսօրից առաջ եղած բոլոր տեսաերիզները ոստիկանությունը հավաքել է, եւ դրանք այդպես էլ կորել են գործից: Փաստաբանները ենթադրում են, որ կամ Ստամբուլի ոստիկանությունն է դրանք կորցրել, կամ Անկարա փոխադրելիս են անհետացել:
«Մենք համոզված ենք, որ Դինքի սպանությունը կազմակերպող ուժը բավական կազմակերպված է եղել, մտադրել են սպանել, իրականացրել են, հոգեբանորեն պատրաստել են նաև հասարակությանը: Այդ իսկ պատճառով դատավարության առաջին օրից սկսած չենք գոհացել ձերբակալվածներով, միշտ համոզված ենք եղել, որ հետևում ավելի մեծ կազմակերպություն է կանգնած: Շրջանակը այդպես է գծած, որ սա մեղադրյալն է, սա ոճրագործը, և այս սահմանի մեջ թող այս նյութը փակվի»,-համոզված է փաստաբանը:
Նա չի բացառում նաև Հ. Դինքի և Էրգենեկոնի գործի միջև եղած կապը: Էրգենեկոնի դատավարության շրջանակներում ձերբակալվածների մի մասը Հրանտի ոճրի կազմակերպման մեջ աշխույժ դեր են ունեցել: Նրանք են բողոքի ցույցեր կազմակերպել Հրանտի դեմ, գրություններ գրել հանրային կարծիքը փոխելու համար: Հավանական է նաև, որ գործը միացնեն Էրգենեկոնի գործին, բայց փաստաբանն առավել իրատեսական տարբերակ է համարում այն, որ նույնիսկ Էրգենեկոնին գերազանցող ավելի մեծ կազմակերպություն է կանգնած այս սպանության հետևում:
«Այս կապակցությունները մեզ կառաջնորդեն դեպի պետության խորքերը»,- ասում է Ֆեթիե Չեթինը: Փաստաբանի համոզմամբ` եթե իրենք նոր պահանջներ չներկայացնեն, դատավարությունը կարող է վերջանալ երեք ամբաստանյալներին պատժելով: Հայտնի է արարքը, զենքը, նրանց միջև հարաբերությունները, սպանողը: Իսկ Դինքի փաստաբանները ամեն դատավարության ժամանակ նոր հարցումներ, նոր պահանջներ են ներկայացնում: «Եթե դատավարությունը վերջանա, հանրային կարծիքը արձակված վճռից գոհ չի մնա»,- համոզված է Ֆ. Չեթինը:
Եթե, այնուամենայնիվ, ամբաստանյալներին դտապարտեն` առանց սպանության պատվիրատուներին հայտնաբերելու, Դինքի ընտանիքի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել այն Վճռաբեկ դատարանում, եթե հարկ լինի` նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Մոտավորապես երեք տարի է անցել Հրանտի սպանությունից, բայց նրա գործի նկատմամբ ուշադրությունը չի նվազել: Նախորդ դատական նիստի ժամանակ մարդիկ ձեռք-ձեռքի տված փողոցներով քայլել են` ի նշան բողոքի: Հանրային կարծիքը և մամուլը առաջին օրվա հետաքրքրությամբ դեռ հետևում է դատավարությանը: «Հրանտին սպանելով` նրանք կարծեցին, որ հասարակության մեջ սարսափի տրամադրություն պետք է սկսվի, բայց հակառակը տեղի ունեցավ: Երկրի մեջ առաջընթաց է նկատվում ժողովրդավարական գաղափարախոսության շուրջ: Սկսեցին նաև 1915 թվականի մասին խոսել, այդ պատճառով իրենց սպասած արդյունքը չեղավ»,- շարունակում է փաստաբանը:
Այս ընթացքում նվազել են նաև ճնշումները Հ. Դինքի ընտանիքի նկատմամբ: «Ակոս» թերթի խմբագրությունը ևս հաճախակի սպառնալի նամակներ էր ստանում, սակայն խմբագիր Բագրատ Էստուկյանը հավաստեց, որ նմանատիպ նամակներ այլևս չեն ստանում: Իսկ փաստաբանը նկատել է, որ Էրգենեկոնի դատաքննության սկսվելուց ի վեր են այդ սպառնալիքները նվազել:
Հրանտ դինքի գործում հիմնական երկու փաստաբաններ են աշխատում, բայց շուրջ 10 փաստաբաններ աջակցում են: 520 փաստաբաններ Անկարայից, Իզմիրից և այլ տեղերից զորակցում են նրա ընտանիքին:
Դատավարությունը մինչ օրս շարունակվում է առանց լուրջ զարգացումների: Հոկտեմբերի 12-ին 11-րդ նիստն էր: Որպես ոճրագործ ներկայացող Օղյուն Սամաստը չի կարողացել բացահայտել ատրճանակի գործածման ձևը: Ամբաստանյալը նախապես ասել էր, որ առաջ զենք չէր գործածել, սա նոր հարցերի ու ենթադրությունների տեղիք է տալիս: Ուրեմն ուրիշ մեկն էլ կա: Նախորդ օրվա նիստին իրավապահ մարմիններից ստացած տեղեկություններից բացահայտվել է, որ սպանությունն իրականացնողին Տրապիզոնից գալիս այստեղ դիմավորել են: Ոստիկանությունը տեղյակ է եղել այս փաստին, նրանք արդեն հետապնդել են Օղյուն Սամաստին: Դատարանը նաև բավարարել է պաշտպանների բոլոր պահանջները: Դատարանը անվտանգության համապատասխան մարմիններին ուղղված գրություններ է ուղարկել, կարևոր տեղեկություններ են ակնկալում: Սակայն փաստաբանը վստահ չէ, որ այդ տեղեկություններն իրենց կտրամադրեն:
Հաջորդ դատավարությունը նշանակված է արդեն մյուս տարի` փետրվարի 8-ին: Թուրքիայի դատարանները ծանրաբեռնված են, իսկ դատավարությունների թղթաբանական գործողությունները բարդ են կատարվում: «Անշուշտ, սա քաղաքական ոճիր էր, և եթե քաղաքական ուժը ցանկանա, այս ոճիրը կբացահայտվի: Մենք գիտենք մեր առջև եղած ուժին, բայց մենք շարունակելու ենք պայքարել»,- ամփոփեց Ֆեթիե Չեթինը:
Քրիստինե Աղալարյան
Thursday, October 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment