«Լրագիր» 8-10-2009- Սերժ Սարգսյանն այսօր օրվա առաջին կեսին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին բացի Ազգային անվտանգության խորհրդի անդամներից մասնակցել են նաև Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլն ու այդ ուղղությամբ մեր երկրի առաջիկա անելիքները, ամփոփվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ծավալված հանրային քննարկումները, ինչպես նաև համահայկական ուղևորությունը:
Բացելով Ազգային անվտանգության խորհրդի նիստը` Սերժ Սարգսյանն ասել է.
“Ազգային անվտանգության խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ունենք ընդամենը մեկ հարց` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր նախաձեռ¬նության ներկա վիճակն ու դրա հետ կապված մեր առաջիկա անելիքները:
Եկել է ժամանակն ամփոփելու շուրջ վեց շաբաթ տևած հանրային քննարկումները: Ավարտ¬վել է նաև իմ համահայկական ուղեվորությունը, որի ընթացքում հնարավորություն ունեցա ծանոթանալու Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների կարծիքներին, մտահոգություններին ու առաջարկություններին: Այսօր ես ձեր ուշադրությանը կներկայացնեմ այդ ուղևորությունից ստացած իմ տպավորություններն ու եզրակացությունները: Այնուհետև կանդրադառնանք Հայաստան-Թուրքիա նախաստորագրված արձանագրությունների ստորագրման խնդիրներին և գործընթացի հաջորդ փուլերին:
Մեկ շաբաթվա ընթացքում ես այցելեցի հայկական սփյուռքի առանցքային կենտրոններ` Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ և Դոնի Ռոստով: Յուրքանչյուր վայրում կայացան տարածաշրջանային հանդիպումներ, որոնց ներկա էին յուրաքանչյուր տարածաշրջանում գործող հայկական ազգային կառույցների և առանձին համայնքների ներկայացուցիչներ:
Ի սկզբանե մենք գիտակցում էինք, որ անհնար կլինի ապահովել ներկայացվածության այնպիսի մակարդակ, որը կբավարարի բոլորին: Բայցևայնպես, կարծում եմ, մեզ հաջողվեց ապահովել հրավիրյալների այնպիսի շրջանակ, որը թույլ տվեց ապահովել կարծիքների ու մոտեցումների լայն սպեկտր: Քանի որ այցիս նպատակը բնավ Սփյուռքի հավաքական կարծիքին թվային վերլուծության տեսք տալը չէր, չենք կարևորել դահլիճի ներսում յուրաքանչյուր մոտեցման կողմնակիցների համաչափ ներկայացվածության ապահովումը: Մեզ համար շատ ավելի կարևոր էր լսել բոլոր հնարավոր մոտեցումները և ստանալ ողջ հնարավոր խորհրդատվությունն այս հարցում: Կարծում եմ դա մեզ հաջողվեց:
Ուղևորության ընթացքում հաճախ էր հնչում այն հարցը, թե արդյոք այս խորհրդակցություններն ուշացած չեն, հաշվի առնելով, որ արձանագրություններն արդեն նախաստորագրված են: Կարծում եմ` այդպես կարող են մտածել միայն այն մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ավարտվում է արձանագրությունների նախաստորագրմամբ: Իհարկե դա այդպես չէ: Ինձ համար Սփյուռքում կայացած քննարկումները չափազանց կարևոր էին նախաստորագրումից ստորագրում, ստորագրումից վավերացում և վավե¬րացումից իրագործում բարդ և աշխատատար շղթայի յուրաքանչյուր օղակում մեր ռազմավարությունն ու մարտավարությունը ծրագրավորելու առումով:
Հանդիպումների ժամանակ հաճախ էր հնչում այն մտահոգությունը, որ Հայաստանը չունի բավարար ռեսուրսներ` մարդկային, ֆինանսատնտեսական, քաղաքական այդ հարաբերությունները որպես հավասարը հավասարի հետ կազմակերպելու առումով: Կարծում եմ, որ դա սխալ մոտեցում է: Այո, մենք ունենք մեր ռեսուրսները մոբիլիզացնելու, նաև Սփյուռքի ներուժը լիարժեք կերպով օգտագործելու անհրաժեշտություն: Բայց այդ փաստարկը չի կարող, ըստ ինձ, բավարար լինել մեր երկրի ներսում ինքնամփոփվելու համար:
Կային մտահոգություններ, որ հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը կարող են բերել տնտեսական և դեմոգրաֆիական էքսպանսիայի: Կարծում եմ դա նույնն է, ինչ ենթադրել, որ գլխացավի դեմ պայքարի լավագույն միջոցը գլխատումն է:
Ես առիթ ունեցա վերահաստատելու մեր այն մոտեցումը, որ մենք չենք համարում, որ արձանագրությունները կարող են ընթերցվել որպես Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաս¬տա¬նի բանակցային դիրքերը կաշկանդող փաստաթղթեր: Ավելին, ես վերահաստատեցի մեր մոտեցումը հնարավոր կարգավորման պայմաններին` առանց որևէ սահմանափակման ազատ կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր իրավական կարգավիճակի որոշում: Կարևորում եմ, որ դա ևս մեկ անգամ վերահաստատեց ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման, որի հետ հեռախոսազրույց եմ ունեցել Լոս Անջելեսում գտնվելու ժամանակ: Այս հարցում հասկանալի են և° մեր հայրենակիցների մտահոգությունները, և° Թուրքիայի ղեկավարության կողմից պարբերաբար հնչեցվող հայտարարությունները: Իհարկե°, մեր փոքր տարածաշրջանում բոլոր գործընթացները կարող են իրար վրա ազդեցություն ունենալ: Խոսքն այլ բանի մասին է` մենք պատրաստ չենք և երբևէ չենք գնալու միակողմանի զիջումների Լեռնային Ղարաբաղի հարցում` անկախ այն բանից, թե դրա դիմաց մեզ ինչ կարող է առաջարկվել:
Հիմնական մտահոգություններից հաջորդը Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում իբր հնարավոր նահանջն է: Կարծում եմ` ակնհայտ է, որ որևէ հայ մարդ երբևէ չի կարող չբարձրաձայնել մեր` աշխարհասփյուռ և սեփական կենսատարածքից զրկված ժողովուրդ լինելու պատճառները: Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում մենք պարտականություն ունենք և այդ պարտականությունը կատարելու ենք մինչև վերջ:
Ինձ համար ցավալի էր, որ զգացմունքների ալիքի վրա մեր քույրերից և եղբայրներից մի քանիսը կորցրեցին իրենց քայլերի գաղափարական հենքը: Եթե մեր բոլորի արդար պահանջը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում Ցեղասպանության փաստի ընդունման կարևորության բարձրաձայնումն է, ապա հենց դրան էր, որպես խորհրդանիշ, ուղղված իմ համահայկական ուղևորությունը Փարիզում Կոմիտասի արձանի մոտ Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելուց սկսելու նպատակը: Ակնկալում էի, որ պետք է ոչ թե 100 հոգանոց սադրանքով, այլ բազմահազարանոց ցույցով ի հայտ դնեինք մեր համախմբվածությունն ու դիրքորոշումն այս հարցում:
Եվ, վերջապես, կար մտահոգություն առկա սահմանների ճանաչման հարցում: Իմ պատասխանը նույնն էր` տարածքային պահանջներ ներկա¬յացնելը հարաբերություններ կարգավորելու լավագույն սկիզբը չէ: Կան 21-րդ դարի քաղաքական մշակույթի իրողություններ, որոնք պարտավոր ենք հաշվի առնել: Ես նաև առիթ ունեցա ընդգծելու, և բազմիցս լսեցի նաև սփյուռքահայ մեր քույրերի և եղբայրների այն արդար մոտեցումը, որ հայ-թուրքական հարաբերությունները շատ ավելի լայն են, քան Հայաստան-Թուրքիա հարաբերությունները:
Սփյուռքի համայնքներով իմ այս կարճատև, բայց չափազանց հագեցած ուղևորությունն ինձ շատ կարևոր ազդակներ հաղորդեց: Ես առիթ ունեցա ևս մեկ անգամ գնահատելու մեր հավաքական ինքնության ներուժը: Ես հնարավորություն ունեցա ևս մեկ անգամ զգալու, թե որքան տարբեր ենք մենք` կախված մեր ծննդատեղից, բնակության համայնքից, անդամակցած կազմակերպությունից և, միաժամանակ, որքան նման ենք` շնորհիվ հայկական հավաքական մեր ինքնության:
Սփյուռքում ես լսեցի նաև սատարման և խրախուսման բազում խոսքեր: Չեմ ուզում դրանց առանձին անդրադառնալ, քանի որ ստորագրման ողջ պատասխանատվությունը կրում ենք մենք, որպես պետություն և պետական այրեր, և մենք չենք պատրաստվում պաասխանատվության բեռը դնել որևէ մեկի վրա: Իմ նպատակը բնավ այն չէր, որ վերադառնալով համահայկական ուղևորությունից ասեմ, որ ողջ Սփյուռքը կողմ է Հայաստան-Թուրքիա առկա արձանագրությունների ստորագրմանը”:
Այնուհետև Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլը: Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի բոլոր մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել նախաստորագրված փաստաթղթերին:
No comments:
Post a Comment