«7Օր» -8-10-2009- Վերջին ամսվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը դարձել է ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը Հայաստանում և Սփյուռքում: Բազմաթիվ քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, միջազգայնագետներ, պատմաբաններ և համապատասխան մասնագիտացում չունեցող մի շարք այլ մասնագետներ իրենց «մասնագիտական» պարտքն են համարում կարծիք հայտնել և քննադատել այս գործընթացին առնչվող տարբեր դրույթները: Ընդհանուր առմամբ ԶԼՄ-ներում այսպես կոչված «մասնագետների» լիություն է նկատվում: Պատմաբանները սկսել են մասնագիտական կարծիք հայտնելքաղաքական հարցերի, թուրքագետները' դիվանագիտական հարաբերությունների, իսկ արվեստագետները' միջազգային իրավունքի և տարածաշրջանում դրա կիրառման վերաբերյալ: Այս ամենի հետ մեկտեղ արտաքին քաղաքականությամբ զբաղվողների' այսինքն դիվանագիտական կորպուսի և այլ ընգրկված պաշտոնյաների մասնագիտական պատրաստվածությունը հեռու է մնում իրական պատկերից: Հայ թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը միջազգային կառույցների և շահագրգիռ պետությունների օրակարգում է 1993թ-ից: Հիմնական խոչընդոտ են հանդիսանում երկու կողմերի դիրքորուշումենրը միևնույն հարցերի' Հայոց ցեղասպանության, Ղարաբաղի հակամարտության և սահմանամերձ տարածքների վերաբերյալ: Այս իրավիճակում, անհրաժեշտ էր ստեղծել մի ընդհանուր անկոմնակալ դաշտ' երկու կողմերին սեղանի շուրջ հետագա բանակցություններում ներգրավելու համար: Ներկայացված նախաստորագրված Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրություններին պետք է նայել հենց այս տեսանկյունից: Արձանագրություններում չկա ոչ մի հստակ նկատառում այս կամ այն հարցի վերաբերյալ, սակայն նշված են միայն ընդհանուր դրույթներ' ինչը հաստատում է վերը նշված նկատառումը: Արձանագրությունը ընհանուր դաշտ է ստեղծում բանակցությունների համար: Ինչպես կընդանան բանակցությունները և ինչ խնդիրներ կկարևորվեն' պետք է որոշվի բանակցությունների ընթացքում: Իսկ բանակցությունները պետք է շարունակական լինեն, քանզի միայն բանակցությունների արդյունքում հնարավոր է հասնել որևէ արդյունքների: Օրինակ, ի՞նչը թույլ տվեց Թուրքիային Սեվրի պայմանագիրը կնքելուց հետո, կնքել Կարսի պայմանագիրը: Վերջինս կնքվեց, ճիշտ օգտագործելով ժամանակը և մասնագիտական ռեսուրսները1, կլոր սեղանի շուրջ բանակցությունների արդյունքում: Այսինքն, յուրաքանչյուր հարց հնարավոր է լուծել' օգտվելով ճիշտ ժամանակից և ռեսուրսներից: Իսկ ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում: Բոլորը իրենց սուրբ պարտքն են համարում քննադատական նկատառումներ կատարել արձանագրություններում չնշված, բայց հնարավոր կետերի, կամ/և Թուրքական կողմի ենթադրությունների վերաբերյալ: Ինչպես կարելի է քննարկել բանակցություններ սկսելու վերաբերյալ փաստաթղթի մանրամաները, երբ բանակցությունները դեռ չեն սկսվել: Պատասխանը մեկն է' հնարավոր է, եթե քննադատում են տեղեկացված դիլետանտները, որոնց հիմնական նպատակն է ուշադրություն գրավել և մասնագետի տպավորություն թողնել հասարակության վրա: Պետք է գիտակցել, որ բոլոր ենթադրությունները այս կամ այլ հարցի շուրջ պետք է քննարկվեն բանակցությունների ժամանակ և ոչ թե հիմա: Այս գործընթացը ամենամեծ մարտահրավերն է ուղղված ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և հայկական դիվանագիտությանը: Ակնհայտ է, որ դիլետանտների ներգրավվածությունը այս գործընթացում անթույլատրելի է, և կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը վերաբերվում է ոչ միայն Հայաստանին և Թուրքիաին, այլ նաև Հայաստանին և բոլոր միջազգային կառույցներին, Հայաստանին և բոլոր շահագրգիռ պետություններին: Այսպիսով, Հայաստան - Թուրքիա հարաբերությունների հաստատումը բազմակողմ խնդիր է, և պահանջում է համապատասխան պատրաստված մասնագետների և դիվանագետների ներգրավվածություն' բոլոր ուղղություններով լայնածավալ աշխատանք կատարելու համար: Ցավոք սրտի, Հայաստանի կադրային ռեսուրսը թույլ չի տալիս նման գործողություն իրականացնել, ինչն իր հերթին ներկայացնում է այն հիմնական վտանգը, որի մասին անհրաժեշտ էր քննարկումներ ծավալել հայ-թուրքական արձանագրությունների շրջանակներում: Խոսքը գնում է ՀՀ ԱԳՆ-ում կառուցվածքային և մասնագիտական բարեփոխումներ իրականացնելու, նախարարությանը կից դիվանագիտական դպրոց բացելու և նոր մասնագետներ (այդ թվում նաև սփյուրքից) ներգրավելու մասին: Առաջինը, մեր դիվանագետները սովորել են «փորձի վրա», որի մասին 2008թ-ին ԱԳՆ-ի 90-ամյակին նվիրված հաղոդաշարում հպարտությաUμ նշում էր ՀՀ ԱԳՆ փոխնախարար Ա. Բայբուրտյանը: Փորձի վրա կարելի է սովորել քայլ անել, այդ քայլը ճիշտ անել, ուղղությունը ճիշտ ընտրել, սակայն երբեք չես կարող հասկանալ, թե ինչու այդ քայլն արվեց, ինչ մտադրությամբ և ինչ ակնկալիքներով: Դիվանագետության հիմքը' փիլիսոփայությունն է: Դիվանագիտության հիմնադիրների' Մակիավելլի, Գուչիարդինի, Ռիշելյե, Կալյերի, Սատոու, Վիկեֆորտ մտքերը2' հիմնքարն են արդյունավետ բանակցություններ վարելու, դիվանագիտական հարաբերություններ և աշխարհաքաղաքական ու հայեցակարգային որոշումներ իրականացնելու համար:
Երկրորդը, ԱԳՆ-ում պատրաստված դիվանագետների բացակայության մասին է խոսում նաև Հայ-թուրքական երկու արձանագրությունների առկայությունը: Դրանք այդ տեսքով ընդունվել են կամ արտաքին ճնշման, կամ էլ հայ դիվանագետների ուսումնասիրության արդյունքում: Հնարավոր չէ ունենալ պատրաստված դիվանագիտական կորպուս, որը ՀՀ շահերը ներկայացնելու նպատակով իրականացնում է բազմակողմ ամենօրյա արդյունավետ աշխատանք և արտաքին ճնշման ենթարկվելու արդյունքում ստորագրում է փաստաթուղթ երկրի համար կարևորագույն խնդիրների շուրջ: Եթե, այնուամենայնիվ, այդ արձանագրությունը համաձայնեցված է եղել հայկական կողմի հետ, ապա դա ևս մեկ անգամ վկայում է պատրաստված մասնագետների բացակայության փաստը:3 Երրորդը, ՀՀ ԱԳՆ-ում բացակայում կամ խիստ անարդյունավետ է աշխատում հաշվետվությունների վերլուծման բաժինը (General Inspection Unit), որը կոչված է ապահովելու դեսպանատների, ներկայացուցչություններիկ, և ընդհանուր առմամբ, ԱԳՆ-ի աշխատանքների արդյունավետությունը և թափանցիկությունը: Չորրորդը, յուրաքանչյուր այցի, քննարկումների, բանակցությունների արդյունավետության կարևորագույն բաղադրամասերից է' պատվիրակության անդամների ճիշտ ընտրությունը, գործընթացի համար ընտրված ճիշտ վայրը և ժամանակը: Հարկ է նշել, որ այս խնդիրները նույնպես վերաբերում են դիվանագետների պատրաստվածության աստիճանին և/կամ նրանց առկայությանը: Տեսնենք ինչպես են այս գործոնները ազդել ՀՀ Նախագահի'սփյուռքահայ գաղթօջախներ կատարվող համահայկական ուղեվորության արդյունքների վրա: Պատվիրակության անդամները պետք է նախ և առաջ հարգանք վայելեն սփյուռքում, մասնագիտական /ոչ սիրողական/ կարծիք ունենան սփյուռքի հետ կապված այս կամ այն խնդրի շուրջ, ունակ լինեն անգլերեն ներկայացնելու յուրաքանչյուր խնդիր /սփյուռքը արևելահայերենին չի տիրապետում/ և իհարկե լինեն ճանաչված: Այս առումով մեկնաբանություններն ավելորդ են:
Այցի ժամանակահատվածը նույնպես ճիշտ ընտրված չէ: Նման այց անհրաժեշտ էր կազմակերպել ավելի շուտ' նախագահ ընտրվելուց անմիջապես հետո, կամ արձանագրությունների շուրջ բանակցությունների ժամանակ: Հանդիպումների վայրի ընտրությունը այս դեպքում ոչ մի ազդեցություն չունի այցի արդյունավետության վրա: Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Նախագահի այցը դատապարտված է անարդյունավետ լինելու' չնայած ԶԼՄ-ներում այցի հետ կապված առկա հակասական ռեպորտաժների բազմազանությանը:
Ամփոփելով վերլուծությունը' պետք է նշել, որ այս ամենի պատճառը տեղեկացված դիլետանտների բազմազանությունն է և վերջին 15 տարվա ընթացքում տարած դիվանագետների ընտրության սխալ քաղաքականությունը, որը հիմնված է եղել բարեկամական կապերի և ծանոթությունների վրա: Անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել թե ԱԳՆ-ում, թե միջազգային ասպարեզում գործող ՀՀ բոլոր ներկայացուցչություններում: Այդ ամնեի հետ մեկտեղ, դիվանագիտական դպրոցի ստեղծումը, լուրջ մասնագետների ներգրավումը և համապատասխան ունկնդիրների ընտրությունը մեծ ուժ կհաղորդի հայկական դիվանագիտությանը: Ժամանակն է գիտակցել, որ արտաքին քաղաքականությունը յուրաքանչյուր պետության կարևորագույն խնդիրն է, որը պետք է իրականացվի միայն պատրաստված մասնագետների, դիվանագետների կողմից:
Սուրեն Մովսիսյան
1 Խոսքը գնում է այսպես կոչված "ամենակարող Թուրքական դիվանագիտության մասին", որի մասին
սիրում են խոսել հայ տեղեկացված դիլետանտները
2 G. R. Berridge, M. Keenssoper and T. Otte, "Diplomatic Theory form Macciavelli to Kissinger", Palgrave
Publishers, 2001.
3 Այլ օրինակների համար տես' Ս. Մովսիսյան, "Հայկական դիվանագիտության որոշ խնդիրների շուրջ" Актуальная Политика, Выпуск 3 (9), ноябрь - декабрь'08. http://ap.rau.am/?page=statja&st_id=645
Thursday, October 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment