«Լրագիր» 19-10-2009 - Սիվիլիթաս հիմնադրամը շարունակում է հայ ընթերցողին թարգմանաբար ներկայացնել թուրքական մամուլում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված ուշագրավ հրապարակումները: Ներկայացնում ենք “Թարաֆ” թերթում լույս տեսած Էթյեն Մահչուփյանի Հասունացման շրջան հոդվածը:
Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների առնչությամբ և առհասարակ ասելու շատ բան կա, և, ճիշտն ասած, այնքան էլ շատ բան չկա… Որովհետև ի վերջո դա կարգավորման ջանք է: Այսինքն` ոչ նորմալ վիճակի հաղթահարման փորձ: Ուշացած մի քայլ, որ վաղուց էր անհրաժեշտ անել… Ցավոք այս երկու երկրներն այնքան չեն հասունացել այդ քայլն ինքնուրույն անելու համար: Այդ պատճառով աջակցող կոնյունկտուրայի կարիք են զգում:
Այսօրվա աշխարհը գտնվում է այնպիսի մի վիճակում, երբ գլոբալիզացիայի արդյունքում շղթայի պես միմյանց կապված օղակները համակարգվում են որպես տեղական խաղաղության ավազաններ: Դրանցից մեկը համարվող Կովկասին արդեն պետք է հարթել` իր սեփական սուր անկյուններն աշխարհի հետ ամբողջականացնելու համար: Այսօրվա աշխարհը հավանություն է տալիս ժողովրդավարական մտաուղղվածությանը… Խոսելու, լսելու, հարաբերություններ հաստատելու, ինտեգրվելու, համոզելու քաղաքականություններին: Եվ ի վերջո, ստորագրված արձանագրությունների ավելի ակտիվ կողմ հանդիսացող Թուրքիան, օգտվելով գլոբալիզացիայից, կամք է ցուցաբերում` այն ավելի ժողովրդավարական ընկալման մեջ տեղավորելու հարցում: Սրան հավելենք նաև Հայաստանի` վանդակից դուրս գալու ցանկությունը և Արևմուտքի ու Ռուսաստանի
հավանություններն ու խորհուրդները…
Սակայն կարգավորման անխուսափելիության պատճառով ի հայտ են գալիս մտահոգություններ և դրանցից ամենաբացահայտը հայկական սփյուռքում է: Որպես հին հողերից արմատախիլ արված ժողովրդի ժառանգորդ սփյուռքի համար 1915թ. ունի ինքնության ձևավորման նշանակություն: Այդ պատճառով էլ շատ զգայուն են` հոգեբանության տեսանկյունից ցեղասպանության հարցին տարբեր նշանակություններ տալու նկատմամբ: Դժվար է չկիսել սպանված, իրենց ունեցվածքից զրկված և իրենց հետ կատարվածի ժխտմանը բախվող մի հանրույթի զգացմունքները: Սակայն արդարացի զգացմունքների հետ ճիշտ քաղաքականություն չեն իրականացնում… Հայկական սփյուռքն իր իրական գործից խուսափեց և հեշտ ճանապարհ ընտրեց: Իսկ նրա իրական գործն, ամեն բանին հակառակ, Թուրքիայի հասարակության հետ «խոսելն էր»: Սակայն նրանք, իրենց դնելով պետության տեղը, որպես զրուցակից u1384 .նտրեցին խորհրդարաններին, կառավարություններին, պետություններին: Այսօր, երբ Հայաստանն իր կեղևը պատռելով համաշխարհային բեմ է դուրս գալիս, սփյուռքի` իրեն վերապահած դերն ավարտված է համարվում: Իրականում սա շատ օգտակար զարգացում է: Որովհետև սփյուռքի իրական ուժը նոր է ի ցույց դրվելու: Այսինքն` Թուրքիայի հասարակության հետ խոսելուն պատրաստ լինելու ժամանակ…
Այս գործընթացում կարևոր է, որպեսզի Ադրբեջանը նույնպես հասկանա: «Քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը, արձանագրությունը չի վավերացվելու և սահմանը չի բացվելու» խոսքից կառչելով` Ալիևը կարող է հիասթափություն ապրել: Որովհետև արձանագրությունը ստորագրվել է Թուրքիայի և Հայաստանի միջև, իսկ եթե այդ համաձայնությունը որևէ պարտադրող ուժ ունի, դա սահմանափակվում է միայն նրանով, որ Հայաստանը պետք է դուրս գա ադրբեջանական տարածքներից: Երևի Ադրբեջանը կարծում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված է համարվելու, երբ Հայաստանի ուժերն այնտեղից դուրս գան: Ընդհակառակն, այդ ուժերի դուրս բերմամբ ղարաբաղյան հակամարտությունը նորից կբորբոքվի… Այսօր առկա հավասարակշռության շնորհիվ է, որ գտնվում ենք «սառեցված» փուլում: Իսկ երբ հավասարակշռությունը խախտվի, Ադրբեջանն ու Ղարաբաղը դեմ-հանդիման են մնալու, և կարճ ժամանակ անց, երբ ամրանա Ղարաբաղի` «պետություն» լինելու կամքը, կմեծանա միջազգային հանրության կողմից դա ընդունելու հավանականությունը: Որովհետև այդ հիմնախնդիրը քրդական հարցի նման է… Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ կարող ենք դուրս գալ, սակայն, վերջին հաշվով, այդ հարցի մեղավորը Թուրքիան է: Նույն ձևով կարելի է ասել, որ ղարաբաղցիների ձեռնարկած որոշ քայլեր անընդունելի են, սակայն, վերջին հաշվով, իրադարձության իրական պատասխանատուն Ադրբեջանն է: Այն երկրները, ովքեր չեն կարողանում իրենց ներսում ազատ ապրելու հնարավորություն ստեղծել և վերարտադրվելու իրավունք տալ տարբեր մշակույթներին, «տարածքային ամբողջականության» վերաբերյալ նրանց հայտարարությունները մերօրյա իրականությունում ոչ լեգիտիմ են: Ժողովրդավարական մտածելակերպն առաջին պլան մղելու հետ մեկտեղ` «ինքնորոշման իրավունքը» «տարածքային ամբողջականությունից» ավելի ընդունելի չափորոշիչ է: Հակառակ դեպքում, ինչպես իրավացիորեն շեշտեց Նալբանդյանը, ՄԱԿ-ն այսօր կունենար ոչ թե 192, այլ` 52անդամ:
Սակայն Ադրբեջանը դեռևս ներկա իրողությունների մաս չի դարձել… Նրանք դեռևս չեն ձերբազատվել նավթով հարուստ, տոտալիտար երկիր լինելու մտքից: Այդ պատճառով համառում են արխաիկ խոսքով: Օրինակ` արձանագրությունների ստորագրումից հետո ադրբեջանական պաշտոնական հայտարարության մեջ ասվում էր հետևյալը. «Քանի դեռ հայկական ուժերը դուրս չեն եկել գրավված ադրբեջանական տարածքներից, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը հակասում է Ադրբեջանի շահերին»: Հետաքրքիր է իմանալ, թե որտեղի՞ց Ադրբեջանին այն ակնկալիքը, թե Թուրքիան պետք է շարժվի ադրբեջանական շահերին համաձայն: Հավանաբար կարծում են, որ «մեկ ազգ, երկու պետություն» խոսքն իրականում քաղաքական որակում ունի: Իսկ մի՞թե Ադրբեջանը տարիներ շարունակ շարժվել է ըստ Թուրքիայի շահերի: Նույնիսկ Հյուսիսային Կիպրոսը չեն ճանաչել… Երբ նոր-նոր էր ծլարձակում Հայաստանի հետ մերձեցման գործընթացը, առաջին իսկ պատեհ առիթին Ռուսաստանի կողմը բռնեցին: Հավանաբար պետք է որ Ադրբեջանն էլ արդեն «մեծանա» և իրեն պատրաստի ապագա աշխարհ մտնելու համար: Իսկ դրա ամենադժվար քայլն իրականացվելու է ղարաբաղցիներին «տեսնելու» և «լսելու» միջոցով: Որովհետև ղարաբաղցիներին «չտեսնողը» Ղարաբաղի նկատմամբ որևէ իրավունք չունի, ճիշտ այնպես, ինչպես քրդերին «չտեսնողը» «Քրդստանի» նկատմամբ իրավունք չունի…
Խոսքս ավարտեմ հետևյալով, որն առաջինը եկավ միտքս. նախ Էրդողանի` «Մենք Ադրբեջանին չենք դավաճանի» խոսքը: Վարչապետը հնարավոր է, որ չհասկանա, բայց նրան ընտրել են «Թուրքիայի շահերը պաշտպանելու» համար: Իսկ եթե առաջնորդվի մեկ այլ երկրին դավաճանել-չդավաճանելու դատողություններով, ապա նշանակում է՝ չի կարողանում հարմարվել իր աթոռին:
Երկրորդը կապված է Ադրբեջանի` շաբաթներ առաջ արված ծիծաղելի մի քայլի հետ: «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ Հայաստանի մասնակցին ձայն տված 43 անձ հարցաքննվեց ոստիկանության կողմից: Այստեղից երկու բան ենք հասկանում. առաջին` ադրբեջանական պետությունը հայի նկատմամբ հանդուրժողականություն չունի: Երկրորդ` ադրբեջանական պետությունը ոչ գաղափարական երաժշտական ճաշակ չի հանդուրժում:
Եթե ինձ մնա, Ղարաբաղը մի կողմ, այդ պետությունն անգամ Ադրբեջանի նկատմամբ իրավունք չունի:
Monday, October 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment