Monday, October 19, 2009

Բ. Կարապետյան «Ադրբեջանցիները ցանկանում են թուրք կոչվել` ելնելով քաղաքական նպատակներից»

Panorama.am 19-10-2009 - «Մի ժողովուրդ, որը դեռ չի գտել թե ինչ էթնիկական ծագում ունի, բարոյական իրավունք չունի հավակնել ԼՂՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շուշի» բարեգործական հիմնադրամի տնօրեն, գրող և հրապարակախոս Բակուր Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ ադրբեջանական լրատվամիջոցներում վերջերս վեճեր էին ծավալվել իրենց երկրի բնակչության էթնիկական ծագման, ազգային պատկանելության և ազգային գաղափարախոսություն ունենալու խնդիրների վերաբերյալ: Հրապարակախոսի տեղեկացմամբ, վերջերս «Զերկալո» թերթում բանավեճի ծավալման առիթ էր հանդիսացել Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Ձեռագրերի ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ֆարիդ Ալեքպերլիի հրապարակած «Ադրբեջանի ազգային գաղափարախոսությունը» հոդվածը: «Նա իր հոդվածում առաջ էր քաշում այն թեզը, որ իրենք պետք է կոչվեն թուրք` հիմնավորելով, որ թուրքերը ավելի հզոր ժողովուրդ են և իրենց ձեռնատու է, որ իրենք թուրք կոչվեն»,- ներկայացրեց Բ. Կարապետյանը: Նա նաև նշեց, որ վերոնշյալ հրապարակմանը պահպանողական դիրքերից պատասխան հոդված էր գրել թուրք Սուլեյման Մուրադալիևը, ով նշել էր, որ «իրենք պետք է կոչվեն ադրբեջանցիներ, քանի որ թուրքիզմը հնացած է, մանավանդ, որ ժողովուրդն այն չի ընդունել»: Նրա խոսքով, ադրբեջանցիները ցանկանում են թուրք կոչվել` ելնելով քաղաքական նպատակներից: Ըստ Բ. Կարապետյանի, «այս թեմաների վերաբերյալ չպետք է անտարբեր լինենք, քանի որ այն առնչվում է Լեռնային Ղարաբաղի խնդիրի հետ»: Բ. Կարապետյանը նշեց, որ հաշվի առնելով թեմայի ակտուալությունը և այս թեմայով իր ուսումնասիրություններն ու հրապարկումները` մասնակցություն է ունեցել այդ բանավեճին: «Ես իմ հրապարակումներում ներկայացրել եմ, թե ադրբեջանցիները ինչ էթնիկական ծագում ունեն և նշել եմ, որ ադրբեջանցիները թուրք կոչվել չեն կարող»,- հավելեց նա: Նա հույս հայտնեց, որ իր հրապարակումներից հետո ադրբեջանցիները երևի կկողմնորոշվեն իրենց էթնիկական ծագման հարցում:

No comments: